News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Աշխատանքային այցով Ստոկհոլմում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը այսօր՝ նոյեմբերի 5-ին հանդիպեց Շվեդիայի ԱԳ նախարար Ան Լինդեի հետ, հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը շնորհավորեց Ան Լինդեին՝ Շվեդիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ մաղթեց ամենայն հաջողություն այդ կարեւոր առաքելությունում:

Զոհրաբ Մնացականյանը եւ Ան Լինդեն գոհունակությամբ արձանագրեցին, որ Հայաստանի եւ Շվեդիայի միջեւ հարաբերությունները դինամիկ կերպով զարգանում են եւ հիմնված են ամուր ու բարեկամական համագործակցության վրա՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերով: ԱԳ նախարարները մտքեր փոխանակեցին երկկողմ օրակարգին առնչվող հարցերի շուրջ՝ ուղենշելով առկա համագործակցության առավել զարգացման եւ նոր ոլորտների ներգրավման ուղղությամբ ձեռնարկվելիք հետագա քայլերը, այդ թվում տեղում դիվանագիտական ներկայության ամրապնդումը:

Անդրադառնալով Արեւելյան գործընկերության 10-ամյակի միջոցառումների շրջանակում Շվեդիայում անցկացվող նախարարական հանդիպմանը՝ Զոհրաբ Մնացականյանը եւ Ան Լինդեն ընդգծեցին, որ այն հնարավորություն է ընձեռում  գնահատելու ինչպես արձանագրված հաջողությունները, այնպես էլ՝ Եվրոպայում ավելի մեծ երկկողմ եւ բազմակողմ համագործակցությանն ուղղված հեռանկարները:

Զոհրաբ Մնացականյանն իր շվեդ գործընկերոջը ներկայացրեց Հայաստանում իրականացվող բարեփոխումների ծրագրերը եւ վերահաստատեց ՀՀ կառավարության հանձնառությունն՝ ուղղված մարդու իրավունքների խրախուսմանը, ժողովրդավարական հաստատությունների ամրապնդմանը եւ դատաիրավական բարեփոխումներին: Այդ գործընթացներում ԱԳ նախարար Մնացականյանը մեծապես արժեւորեց Շվեդիայի իշխանությունների՝ Հայաստանին տրամադրվող աջակցությունը:

Հայաստանում տեղի ունեցող գործընթացներում ՀՀ ԱԳ նախարարն առանձնահատուկ կարեւորեց կանանց եւ երիտասարդության լայն ներգրավումը: Այս առնչությամբ Զոհրաբ Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը խթանելու կանանց ակտիվ մասնակցությունը հանրային կյանքում, ազգային եւ գլոբալ մակարդակներով՝ այդ թվում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն եւ անվտանգություն» խորագրով 1325 բանաձեւի շրջանակում:

Կողմերն անդրադարձ կատարեցին միջազգային եւ տարածաշրջանային մի շարք հրատապ հարցերի: Զոհրաբ Մնացականյանն Ան Լինդեին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցային գործընթացի վերջին զարգացումները եւ այդ առնչությամբ Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը եւ մոտեցումները: Երկուստեք կարեւորվեց խաղաղությանը նպաստող միջավայրի ձեւավորումը եւ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու պայմանավորվածությունների իրականացումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ