News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 09
USD
478.03
EUR
530.47
RUB
7.5
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Մարդինի Դարգեչիթ գավառում ասորական և հայկական գերեզմանոցի վրա թուրքական իշխանությունները 1 միլիոն 270 թուրքական լիրայով զբոսայգի և հարսանյաց սրահ են կառուցում։

Akunq.net–ի փոխանցմամբ՝  նորակառույց տարածքում տեղակայված են լինելու խաղասրահ, մարզասրահ և հարսանյաց սրահ։ Այդ ամենի կառուցումն արդեն սկսվել է։ Տեղացիներին այս տարվա մարտի 31-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին նման խոստում էր տվել Արդարություն և զարգացում կուսակցության թեկնածուն։ Գերեզմանոցների վրա կառուցվող զբոսայգու և հարսանյաց սրահի բացումը կկայանա առաջիկա օրերին։

Այնուամենայնիվ, տեղի որոշ բնակիչներ ընդդիմացել են այդ նախագծին՝ մասնավորապես շեշտելով, որ այդ տարածքում են գտնվել ասորական և հայկական գերեզմանոցներ։ Նրանք հայտնել են, թե այգու և հարսանյաց սրահի կառուցումը դադարեցնելու խնդրանքով բազմիցս դիմել  են համապատասխան մարմիններին, սակայն վերջիններս անտեսել են նրանց դիմումները։

Տեղի բնակիչներից ասորի Աբդյուլմեսիհ Էրգյունը լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ սեփական ձեռքերով փակել է մի երեխայի պատկանող գերեզմանը, որի վրա խաչ է նկատել։ Բայց և այնպես, իշխանությունները չեն դադարեցրել զվարճատեղիների կառուցումը։

Էրգյունը նաև ասել է․ «Այստեղ ասորիներ և հայեր են ապրել։ Սա քրիստոնեական գերեզմանոց էր։ Գերեզմանները կրոն, լեզու և ազգություն չունեն։ Այս վայրերում տարբեր հավատքներ ունեցած մարդիկ են ապրել։ Գերեզմանոցի վրա զվարճատեղիի և զբոսայգու կառուցումը բարոյական չէ և չի համապատասխանում խղճի թելադրանքին։ Սրանք մարդկային արժեքներ են։ Մենք, որպես հասարակության ներկայացուցիչներ, պետք է այս ամենը նկատի ունենանք»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել