News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը դատախազ Պետրոս Պետրոսյանի բացարկի մասին միջնորդություն ներկայացրեց:

Միջնորդությունը ներկայացնելիս փաստաբանը թվարկեց մի շարք խախտումներ, որոնք թույլ էին տրվել քննության ժամանակ՝ իր Քոչարյանի բացակայությամբ Արշակ Կարապետյանի հետ առերեսումը, խափանման միջոցի բացակայության պարագայում քննիչը չի կատարել պարտավորությունները եւ չի վերադարձրել անձնագիրը, ինչպես նաեւ մերժել է այդ մասին միջնորդությունը, քննիչը, չնայած Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատելու մասին դատավոր Ազարյանի որոշմանը, չհեռանալու մասին ստորագրություն է վերցրել, կալանավորված է նախկին նախագահի որդիների գույքը, որոշում է ընդունվել գույքի ապօրինի կալանքի մասին, առգրավված է գույքը, որը գործին չի վերաբերում, եւ իրերը մինչեւ հիմա չեն վերադարձվել, գործի նյութերն միակողմանի են ընտրված եւ դատարանին չեն ներկայացվել տվյալներ, որոնք հերքում են վկաների ցուցմունքները, կամայականորեն անհասկանալի տրամաբանությամբ է առանձնացվել Ռոբերտ Քոչարյանի մասը: «Մենք կարծում ենք, որ մեղադրող կողմը հատուկ թաքցնում է այն նյութերը, որոնք կարող են մեղադրանքին վնասել»,- հայտնեց փաստաբանը՝ հավելելով, որ բոլոր նյութերը տրամադրելու միջնորդությունը քննիչը մերժել է:

Նրա խոսքով՝ քննիչի թույլ տված թվարկված բոլոր խախտումները դատախազի հետ այն կապն ունեն, որ օրինականության հսկողությունն իրականացնում է դատախազը: դատախազը տեղյակ էր պարբերական կանխամտածված խախտումներ թույլ տալու մասին եւ ոչ մի միջոց չի ձեռնարկել դրանք վերացնելու համար: Դիտավորության մասին է խոսում այն, որ խախտումների վերացման մասին միջնորդությունները մերժվել են, շեշտեց փաստաբանը՝ արձանագրելով խախտումները վերացնելու առումով դատարանի անբավարար ջանքերը:

«Մենք հանցանքի մասին տվյալներ ենք ներկայացրել, սակայն մեր հաղորդագրությունները ոչ միայն ադեկվատ գնահատական չեն ստացել, այլ անտեսվել են»,- հայտարարեց Հովհաննես Խուդոյանը: «Մենք վստահ ենք, որ դատախազ Պետրոսյանը պրոֆեսիոնալ է: Սակայն նա սուբյեկտիվ մոտեցում է ցուցաբերում»,- նշեց փաստաբանը:

Փաստաբան Հայկ Ալումյանը հավելեց, որ այս տարվա մայիսի 18-ին դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ ազատ արձակման մասին որոշում կայացրեց: «Վարչապետի հրամանով դրանից երկու օր անց արգելափակվեցին բոլոր դատարանները: Մասնակցեցին մի շարք բարձրաստիճան անձինք, այդ թվում՝ պատգամավորներ: Դա ոչ այլ ինչ է, քան հանցանք՝ նախատեսված ՔՕ-ով: ՔՕ համաձայն՝ դատախազը պարտավոր է քրեական գործ հարուցել: Տվյալ դեպքում նման պարտավորություն ուներ նաեւ դատախազ Պետրոսյանը, քանի որ տվյալ գործի նկատմամբ հսկողություն էր իրականացնում»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ այդ ամենը կապ ունի հենց Քոչարյանի գործի եւ դատարաններին սարսափի մեջ պահելու ձգտման հետ: Փաստաբանը հիշեցրեց, որ դատախազը պարտավոր էր քրեական գործ հարուցել, ինչը չարեց: «Անգործություն ցուցաբերելով՝ դատախազը միտումնավոր նպաստեց դատարանների վրա ճնշմանը, որպեսզի վերջիններս այլեւս չկարողանան ազատ արձակման մասին որոշում կայացնել»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ մտադիր է նմանատիպ միջնորդություններ ներկայացնել բոլոր դատախազներին:

Փաստաբան Ռուբեն Սահակյանը նշեց հակասությունների առկայությունը եւ մատնացույց արեց որոշ նյութերի բացակայությունը, օրինակ՝ չկան պաշտպանության գործող նախարար Դավիթ Տոնոյանի ցուցմունքները: Փոխարենը՝ կան մաքրողների հարցաքննությունները: Սրա պատասխանատվությունը կրում է հսկողություն իրականացնող դատախազը, հիշեցրեց փաստաբանը:

«Ամբողջ մեղադրանքը կազմված է պարբերություններից, որոնք ըստ էության մեղադրանք չեն կրում: Սա մեղադրական երակացություն չէ: Ես վստահ եմ, որ դատախազ Պետրոսյանը հաստատել է շատ մեղադրական եզրակացություններ եւ նման բան չի տեսել»,- նշեց Սահակյանը՝ հավելելով, որ Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվում է միայն 0038 հրամանի ստորագրումը եւ ԱԴ մտցնելը, իսկ սա գործողություն է, բայց ոչ մեղադրանք: Իսկ քանի որ չկա փաստացի մեղադրանք, անհասկանալի է, թե Քոչարյանն ում վրա եւ ինչու էր ճնշում գործադրելու եւ քննությանը խանգարելու:

«Գործում տվյալներ կան համազգեստ բաժանելու մասին: Նշվում է 9 անուն, հարցաքննվել է մեկ մարդ: Ո՞ւր են մյուս ցուցմունքները»,- հարց տվեց փաստաբանը: «Ասվում է, որ հանրահավաքները խաղաղ էին: Բայց գործում նյութեր կան, որոնք վկայում են այն մասին, որ հանրահավաքներն ամենեւին խաղաղ չէին: Երրորդ հատորում տվյալներ կան այն մասին, որ ոստիկանները վիրավորվել են նռնակներով»,- նշեց Սահակյանը՝ տարակուսանք հայտնելով այս հարցով վիրավորների ցուցմունքների բացակայությամբ: «Բացատրությունն այն է, որ նյութերն ընտրողական բնույթ ունեն»,- նշեց փաստաբանը: Նա հիշեցրեց «Յոթի գործը», որի նյութերը նույնպես այս գործում ընտրողաբար են ներկայացված, իսկ մնացյալի մասին ոչ ոք պատկերացում չունի: «Նպատակն է ներկայացնել ոչ թե գործն ամբողջությամբ, ոչ թե կողմ եւ դեմ ապացույցները, այլ բացառապես մեղադրելուն կոչված նյութերը»,- հայտարարեց Ռուբեն Սահակյանը՝ հիշեցնելով, որ եզրակացությունը հաստատելով՝ դատախազը պարտավոր էր ծանոթանալ դրա բովանդակությանը:

Փաստաբան Արամ Վարդեւանյանը նշեց, որ մեղադրանքը հաստատելիս դատախազը գիծ է քաշել, չնայած հնարավորություն ուներ դիմելու ՍԴ՝ հաշվի առնելով, որ 300.1 հոդվածի սահմանադրականությունը նախկինում էլ է բարձրացվել:

Նախկին փոխվարչապետի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը նույնպես միջնորդեց կողմի բացարկի մասին եւ նշեց բազմաթիվ խախտումները, որոնք թույլ է տվել քննիչը եւ հաստատել է դատախազը: Ամենակոպիտ խախտումներից է այն հիշատակումը, որ գործ է հարուցվել Արմեն Գեւորգյանի դեմ: «Գործ է հարուցվում ոչ թե ինչ-որ մեկի դեմ, այլ փաստով»,- հիշեցրեց փաստաբանը՝ հավելելով, որ թույլ տրված սխալները շտկելու մերժումը վկայում է տեղի ունեցողի դիտավորության մասին: 

Մյուս ամբաստանյալների փաստաբանները նույնպես թվարկեցին իրենց պաշտպանյալների նկատմամբ թույլ տրված բազմաթիվ խախտումներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ