News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Վստահ եմ, որ եթե Արթուր Վանեցյանը լիներ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն, եւ Հայաստանի հավաքականը նույնիսկ 11։1 հաշվով պարտություն կրեր, դա, միեւնույն է, փաստարկ չէր լինի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից նրա հրաժարականի համար։ Հրաժարականը քաղաքական ենթատեքստ ունի։

Այս մասին նոյեմբերի 21-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Վիգեն Հակոբյանը։ Նրա խոսքերով, Վանեցյանի հրաժարականի առիթը հավաքականի 9։1 հաշվով պարտությունն է, սակայն որոշումն ընդունվել է հենց քաղաքական իրադարձությունների ֆոնին։ «Գործադիր կոմիտեի կազմի կեսն առնչություն չունի ֆուտբոլի հետ, ինչը խոսում է տվյալ մարմնի քաղաքականացվածության մասին։ Մի քանի ամիս առաջ նույն մարդիկ ամեն քայլափոխին գովում էին Արթուր Վանեցյանին, իսկ հետո կտրուկ հնչեցին ՀՖՖ նախագահի պաշտոնից նրա հրաժարականի մասին պահանջներ»,- ընդգծեց փորձագետը։

Նշենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը եւ գործադիր կոմիտեն նոյեմբերի 21-ին հրաժարական են տվել։

ՀՖՖ առաջին փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանը կշարունակի կատարել իր պարտականությունները։ Դեկտեմբերի 23-ին տեղի կունենա ՀՖՖ նախագահի եւ գործադիր կոմիտեի անդամների ընտրությունը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 18-ին Հայաստանի հավաքականը Պալերմոյում ֆուտբոլի «Եվրո-2020»-ի ընտրության ավարտական մրցաշարի խաղում 9։1 հաշվով պարտվել էր Իտալիայի հավաքականին՝ կրելով իր պատմության մեջ ամենախոշոր պարտությունը։

Նշենք, որ Արթուր Վանեցյանը անցյալ տարվա ապրիլի քաղաքական իրադարձություններից հետո զբաղեցնում էր ՀՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնը։ 2019թ․ սեպտեմբերի 16-ին Վանեցյանը հրաժարական էր տվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ