News
Լրահոս
News
Կիրակի
Հունվար 26
USD
478.87
EUR
528.43
RUB
7.75
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

«Ռեստարտ» նախաձեռնության անդամները «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանին աղբամանը նետելը համարում են միջոցառում, որի նպատակը եղել է  հանրային իրազեկումը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 10-ին, լրագրողների հետ զրույցում ասաց նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը։

Նախաձեռնության անդամները հույս հայտնեցին, թե իրենց եւ Նարեկ Մալյանի գործի միջոցով կկարողանան Հայաստանում պայքարել հայհոյանքի մշակույթի դեմ. «Այն հայտարարությունները, որ այստեղ հնչեցվում են, եւս մեկ անգամ վկայում են, որ ճիշտ բան ենք արել, ու մենք մեր արարքից գոհ ենք, ուրախ ենք, որ գտնվում ենք այս պրոցեսի մեջ։ Առիթն օգտագործելով ուզում եմ արձանագրել, որ մինչեւ այժմ բացահայտված չեն այն 2 անձինք, ովքեր դեպքը սկսելուն պես նկարահանում էին, տարածքում կային նաեւ քրեական աշխատակիցներ, որոնք նույնպես ներգրաված չեն որպես վկաներ։ Շատ կարեւոր է հասկանալ, թե ինչու»։

Դավիթ Պետրոսյանը կարեւորեց գործի քննության ընթացքը. «Նախաքննության ընթացքում անձն ու նրա շրջապատից որոշ մարդիկ իրենց ՀՀ օրենքներին եւ սկզբունքներին ոչ հարիր են պահել եւ քայլեր չեն ձեռնարկվել նրանց կարգի հրավիրելու համար։ ՀՀ Սահմանադրությամբ պետական իշխանությունները պարտավոր են պաշտպանել իրենց քաղաքացիների արժանապատվությունը եւ մենք կոչ ենք անում պատկան մարմիններին պաշտպանել քաղաքացիների արժանապատվությունը»։

Պետրոսյանն ասաց, որ իրենք երբեք հայհոյանքին հայհոյանքով չեն պատասխանել, ֆիզիկական բռնություն չեն գործադրելու. «Մենք ֆիզիկական բռնություն չենք գործադրելու։ Մալյանին աղբամանը նետելը միջոցառում էր, որի նպատակը եղել է հանրային իրազեկումը»։

Նշենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր տեղի ունեցավ «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանի վրա «Ռեստարտ» խմբի անդամների հարձակման գործով դատական առաջին նիստը: Դատական նիստը հետաձգվեց, քանի որ ամբաստանյալներից Դավիթ Սիմոնյանը չէր ստացել մեղադրական եզրակացությունը։

Նշենք, որ մինչեւ դատական նիստի սկսվելը Նարեկ Մալյանի աջակիցները դատարանի դիմաց ակցիա էին իրականացնում։ Նրանց էին միացել մի քանի ՀԿ անդամներ, «Ադեկվատ» կուսակցության նախաձեռնության անդամ Լիկա Թումանյանը,  Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը եւ այլոք։

Հիշեցնենք, որ մարտի 4-ին, կեսգիշերն անց, Երեւան քաղաքի Ամիրյան փողոցի 18 հասցեի մոտ միջադեպ է տեղի ունեցել: Տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողները կանխել  եւ բերման են ենթարկել միջադեպի 6 մասնակցի եւ հրավիրել մեկ քաղաքացու:

Կեսգիշերին Նարեկ Մալյանն ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման միջոցով հայտնել էր, որ «Ռեստարտ» նախաձեռնության անդամները հարձակվել են իր վրա, 10 հոգով մոտեցել եւ փորձել են քաշքշել ու ճանկռել, իսկ մի քանի րոպե անց մոտեցել են ոստիկանության աշխատակիցներն ու միջադեպի բոլոր մասնակիցներին բերման ենթարկել Կենտրոնի ոստիկանություն:

Ավելի ուշ՝  «Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը Facebook-ի ուղիղ եթերում խոստովանել էր, որ Նարեկ Մալյանի վրա հարձակվողներն իրենք են եղել, որից հետո հրապարակել էր նաեւ այն տեսանյութը, որ փորձում էին Նարեկ Մալյանին աղբարկղ նետել։

Նշենք, որ դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ ՔՕ 258–րդ հոդվածի 3–րդ մասի 1–ին կետի հատկանիշներով՝  մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելը։

Տպել