News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Երկուշաբթի Հնդկաստանի Գերագույն դատարանը կին սպաներին թույլատրել է զբաղեցնել հրամանատարական պաշտոններ եւ բանակում կարիերա սկսել տղամարդկանց հետ հավասար, հաղորդում է NDTV-ն:

Դատավորները որոշել են, որ դրա դեմ կառավարության առարկությունները «խտրական են եւ հիմնված կարծրատիպերի վրա»:

Ավելի վաղ իշխանությունները՝ ի պատասխան դատավորների հայտարարել են, որ շարքային զինվորների եւ այլ ստորին աստիճանների կարգում հիմնականում ծառայում են տղամարդիկ առավելապես գյուղական վայրերից, որոնք ունեն ավանդական պատկերացումներ եւ մտածելակերպով պատրաստ չեն կին սպաներին ընդունելու որպես հրամանատարներ: Սակայն Հնդկաստանի բարձրագույն դատական ատյանը նշել է, որ այդ դեպքում «պետք է փոխվի մտածելակերպը»:

«Եկել է ժամանակը, որպեսզի կին սպաները ենթակա չլինեն տղամարդ գործընկերներին: Կանանց ֆիզիոլոգիական առանձնահատկություններն առնչություն չունեն նրանց իրավունքների հետ»,- ասել են դատավորները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Բացառված չէ, որ այժմ հնդկուհիները կարողանան լինել ստորաբաժանումների հրամանատարներ նաեւ մարտական գործողությունների ընթացքում՝ նշում է հեռուստաալիքը:  

Հնդկաստանի զինված ուժերում կին սպաներ կան նավատորմում եւ օդուժում, ինչպես նաեւ բժշկական գումարտակներում: Հնդկուհիներին սկսել են սպայական պաշտոններում ծառայության թույլ տալ 1990-ական թվականների սկզբից, սակայն ցամաքային ուժերում նրանք մինչ օրս չեն կարող ծառայել հետեւակազորում, զրահատանկային զորամասերում, հրետանային, մոտոհետեւակազորում կամ հատուկ ստորաբաժանումներում (միայն օժանդակ պաշտոններում): Կանայք չեն մասնակցում մարտական գործողություններին: Ցամաքային ուժերում նրանք հիմնական ծառայում են օժանդակ հատվածներում՝ կրթական ստորաբաժանումներում, կապի հատվածում, բանակային հակաօդային ուժերում, տեխնիկական ստորաբաժանումներում, զինամթերքի պահպանման եւ սպասարկման հատվածներում եւ այլն: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ