News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանում փետրվարի 5-ից գործում է դեղձի, խնձորի, ցորենի եւ գարու համար գյուղատնտեսական ապահովագրությունը: Այս մասին փետրվարի 17-ին հայտարարեց Գյուղատնտեսությունն ապահովագրողների ազգային գործակալության փոխտնօրեն Նարեկ Հովակիմյանը՝ ներկայացնելով Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական ոլորտի պիլոտային ծրագրի իրականացման ընթացքը: Նա նշեց, որ հրդեհից եւ կարկուտից ապահովագրության համակարգը հասանելի է բոլոր մարզերում, իսկ գարնանային ցրտահարության համար ապահովագրությունը գործում է միայն Արարատի եւ Արմավիրի մարզերում:

Նա հիշեցրեց, որ մինչ այդ ծրագիրը, որը մեկնարկել է սեպտեմբերի 30-ին, վերաբերել է ծիրանի եւ խաղողի ապահովագրությանը: «Կարկուտից եւ հրդեհից ապահովագրությունը հասանելի է 6 մարզերում՝ Արարատում, Արմավիրում, Կոտայքում, Տավուշում, Արագածոտնում եւ Վայոց ձորում, իսկ գարնանային ցրտահարություններից՝ Արարատում եւ Արմավիրում: Ապահովագրական ընկերությունները, որտեղ կարող են դիմել քաղաքացիները, հետեւյալն են՝ «Ինգո Արմենիա», «Ռոսգոսստրախ» եւ «Սիլ Ինշուրանս»: Սակայն մենք չենք սահմանափակում ոչ մի ընկերությանը, եւ բոլորը կարող են հայտ ներկայացնել եւ միանալ ծրագրին»,- նշեց Հովակիմյանը:

Փոխտնօրենը պարզաբանեց, որ ռիսկերը կգնահատեն անկախ փորձագետները: «Անցած շաբաթվա վերջին ստորագրվել է մոտ 200 պայմանագիր ինչպես փոքր, այնպես էլ խոշոր հողօգտագործողների կողմից: Ամենից շատ պայմանագիր են ստորագրել Արարատից եւ Արմավիրից հողօգտագործողները՝ հաշվի առնելով, որ ցրտահարությունից ապահովագրությունը կավարտվի փետրվարի վերջին: Կանխատեսվում է, որ ապրիլին ծրագրին կմիանան բոլոր մարզերը»,- նկատեց նա:

Նա հայտարարեց, որ 1 հա տարածքով ծիրանի եւ խաղողի այգիների համար փոխհատուցման միջին չափը կազմում է 65 հազար դրամ, սակայն ամեն ինչ կախված է ռիսկի աշխարհագրական գոտուց:    

«Եթե հողը գտնվում է 5-րդ՝ ամենառիսկային գոտում, ապա պայմանագիրը թանկ կլինի, իսկ փոխհատուցման չափը՝ մեծ: Ընդ որում, փոխհատուցում է ոչ թե պետությունը, այլ ապահովագրական ընկերությունը: Ֆինանսական գործողությունները վերահսկում է Կենտրոնական բանկը, իսկ մեր գործակալությունը պարտավորվում է լուծել ծագած վեճերը տնտեսվարող սուբյեկտի եւ ապահովագրական ընկերության միջեւ»,- հավելեց նա:

Հովակիմյանի խոսքով՝ սուբսիդավորման ընդհանուր գումարը գրեթե 10 մլն եվրո է, որը համաֆինանսավորում է գերմանական KfW բանկը եւ ուղղված է պայմանագրերի ստորագրման սուբսիդավորմանը, քանի որ չի լինի նման իրավիճակ, երբ քաղաքացին դիմի պայմանագրերի ստորագրման համար, իսկ անհրաժեշտ ֆինանսական հիմքը բացակայի, հակառակը՝ որքան շատ լինի քաղաքացիների կողմից ակտիվությունը, այնքան մեծ կլինի ծրագրի արդյունավետությունը:

Նարեկ Հովակիմյանը պարզաբանեց, որ վնասի չփոխհատուցված մասը կազմում է 10 տոկոս, այսինքն՝ եթե հողօգտագործողը վնաս կրի իր բերքի 10 տոկոսի չափով, ապա ապահովագրական ընկերությունը վնասը չի փոխհատուցի: «Եթե վնասը կազմի 100 տոկոս, ապա տնտեսվարող սուբյեկտը կկարողանա փոխհատուցում ստանալ 3-5 օրվա ընթացքում: Եթե վնասը կազմի 70 տոկոս, ապա վնասը կգնահատվի բերքահավաքի արդյունքներով»,- նշեց փոխտնօրենը:

Պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին, թե որքան է կազմում վնասի փոխհատուցման առավելագույն չափը, նա պարզաբանեց, որ դեղձի դեպքում՝ 13 մլն դրամ 1 հա տարածքի համար, խաղողի դեպքում՝ 1,8 մլն, ծիրանի դեպքում՝ 1,2 մլն, խնձորի դեպքում՝ 1-8 մլն դրամ: «Փոխհատուցում կարելի է ստանալ արդեն այս տարի»,- եզրափակեց Նարեկ Հովակիմյանը:      

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ