News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 25
USD
416.27
EUR
406.03
RUB
7.25
Տեսնել լրահոսը

Գարեգին երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը ուղերձ է հղել Մեծ Պահքի առիթով։

Ուղերձն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ․

«Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,

Մուտք ենք գործում Մեծ Պահքի շրջան, որը աղոթքի, խոկման ու ներհայեցողության առանձնակի ժամանակամիջոց է։ Այս օրերին մեր ներաշխարհը պայծառանում ու զորանում է սուրբգրային ընթերցումներով, հոգեշահ պատգամներով, որ փոխանցում են Մեծ Պահքի կիրակիների խորհուրդները։ Քրիստոնյաներիս համար Մեծ Պահքը յուրահատուկ հոգեւոր ճամփորդություն է, որպեսզի մեր կենցաղավարությանը անդրադարձով, մարդկային մեր էության քննությամբ, հոգեպես նորոգված ու բարեպաշտ ընթացքով արժանի դառնանք տերունապարգեւ փրկության բաղձալի պարգեւին: Առաքյալը պատվիրում է ընթանալ Աստծո կամքի համաձայն` «ապրելու համար Տիրոջն արժանի եւ ամեն ինչում Նրան հաճելի ձեւով, բոլոր բարի գործերում պտղաբեր լինելու» (Կող․ Ա 9-10):

Խորհրդաշատ այս ժամանակաշրջանը, սիրելի զավակներ Մեր, լավագույն առիթն է վերստին ամրապնդելու միմյանց հանդեպ սերն ու հարգանքը, լավագույն առիթն է զորացնելու մեզանում հանդուրժողականության ու փոխըմբռնման ոգին՝ մեր մտահայացքի առջեւ ունենալով Սուրբ Գրքի պատգամը, որ եղբայրսիրությունը դեպի Աստված օրհնյալ ճանապարհն է (հմմտ․ Ա Հովհ․ Դ 20-21): Եղբայրսիրությամբ պիտի զորացնենք մեր միասնականությունը Հայրենիքում եւ Սփյուռքում, ազգային եւ ներեկեղեցական մեր կյանքում հաստատենք փոխհասկացության ու գործակցության ոգին եւ առ Աստված ապավինությամբ կերտենք արդար ու լուսավոր գալիքը մեր ժողովրդի: Արդարեւ, սերը քրիստոնեական առաքինությունների բարձունքն է։ Տերունապատվեր այս սերն է ազգային ու հայրենական անդաստանում, ընտանեկան ու հասարակական կյանքում խաղաղության ու բարօրության ապահովման լավագույն գրավականը:

Մեր հորդորն ենք բերում մեր Սուրբ Եկեղեցու հավատավոր, սիրեցյալ զավակներիդ՝ Մեծ Պահքի կարեւոր այս շրջանն անցկացնելու աղոթքով, պահեցողությամբ ու խոկումներով, մասնակցելու մեր եկեղեցիներում կատարվող սրբազան արարողություններին, զորացնելու միմյանց հանդեպ կամեցողության ոգին, առատացնելու բարի գործերը, որպեսզի առավել շենանա ու պայծառանա մեր կյանքը Աստվածաշնորհ օրհնություններով: Մեր աղոթքը առ Աստված բարձրացնենք Մերձավոր Արեւելքում, մասնավորապես Լիբանանում, Սիրիայում եւ Իրաքում բնակվող մերազնյա զավակների՝ մեր  եղբայրների ու քույրերի եւ բոլոր ժողովուրդների համար, ովքեր տարիներ շարունակ ապրում են պատերազմական դժվարությունների եւ քաղաքական ալեկոծությունների մեջ:

Երկնավոր Տիրոջ օրհնության հայցով մաղթենք խաղաղություն աշխարհին, մարդկանց սրտերին, խաղաղություն մեր հայրենիքին ու մեր ժողովրդին, ինչպես եւ՝ հավատքի, հոգեւոր կյանքի պայծառություն, առաջընթաց ու զորացում աշխարհասփյուռ ազգիս հայոց։

Թող մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի սերն ու ողորմությունը միշտ լինեն մեզ հետ եւ ամենքի․ ամեն»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հայաստանն ու Բելգիան ունեն նույն արժեհամակարգը». Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը՝ Գարեգին Բ-ին
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռում ընդունել է Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներին...
Աղոթենք Հայաստանի և Արցախի ժողովրդի անվտանգության պահպանման համար. Արամ Ա
Արարողությանը ներկա էին Լիբանանում Հայաստանի դեսպան Վահագն Աթաբեկյանը...
Նախկին նախագահների հետ հանդիպելո՞ւ եք. Գարեգին Բ–ն անպատասխան թողեց բոլոր հարցերը
Մենք մեր հայցն առ Աստված բարձրացրինք՝ խնդրելով երկրավորից, որ հեռացնի մեր երկրի սահմաններից պատերազմի չարիքը եւ մեր ժողովրդին խաղաղություն բերի...
Մեր հավատքի զորությամբ է, որ կարող կլինենք հաղթահարելու չարահնար բոլոր հարձակումները․ Կաթողիկոսի ուղերձը
Ավելի քան երեք տասնամյակ առաջ մեր ժողովուրդը Արցախյան ազատամարտի մաքառումների մեջ անհուն զրկանքների ու զոհողությունների գնով վերակերտեց իր...
Արժանապատիվ խաղաղությունը չի կարող հաստատվել սպառնալիքներով ու պարտադրանքներով․ Գարեգին Բ
«Եկեղեցիները Մերձավոր Արևելքի խաղաղության համար» ամերիկյան կազմակերպությունն օրերս այցելել է Մայր Աթոռ սուրբ Էջմիածին…
44-օրա պատերազմում հաշմանդամություն ստացած ժամկետային զինծառայողը կմեկնի Կանադա՝ վերջույթների պրոթեզավորման համար
Սեպտեմբերի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն...
Ամենաշատ