News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Օտարերկրացի զբոսաշրջիկների 2019-ի թիվն ուռճացված է առնվազն մոտ 600,000-ով: Այս մասին «Պոլիտէկոնոմիա»-ում իր հոդվածում նշել է տնտեսական մեկնաբան Արա Գալոյանը:

Ստորեւ ներկայացնում ենք հոդվածն ամբողջությամբ. «Այս տարվա փետրվարի 5-ին հրապարակվեց «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2019 թվականի հունվար-դեկտեմբերին» հաշվետվությունը: Հրապարակողը, բնականաբար, ՀՀ Վիճակագրական կոմիտեն էր: Այդ հաշվետվությունը, բնականաբար, ներառում էր նաև տվյալներ զբոսաշրջության մասին: Հաշվետվության «4.2.1. Միջազգային զբոսաշրջություն» կետում կան տվյալներ, որոնք հրապարակվել են «Միջազգային զբոսաշրջության որոշ տվյալներ» վերնագրով ենթաբաժնում (տես՝ «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2019 թվականի հունվար-դեկտեմբերին», էջ 139):

Այդ որոշ տվյալներից մեկը պնդում է, որ 2019թթ․ Հայաստան ժամանել է 1 մլն 894 հազար 377 զբոսաշրջիկ: Իսկ մեկնել՝ 1 մլն 867 հազար 888 զբոսաշրջիկ: Պաշտոնական փաստաթղթում գրված այս լուրը նախ հայտնվեց ՀՀ վարչապետի ֆեյսբուքյան էջում, ապա՝ կառավարության կայքում: Այս թիվը հարցազրույցներով տարածեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարն ու նրա համապատասխան տեղակալը: Այլ կերպ ասած՝ փաստը բազմիցս տիրաժավորված է:

Սկզբում մեջբերենք այն պարզաբանումը, թե ինչ չափանիշներով են որոշվում՝ ովքեր են միջազգային զբոսաշրջիկները և ինչպես են հաշվում նրանց: Այն, որ հաշվարկման համար «հիմք է հանդիսանում սահմանային անցման կետերում ուղևորների հաշվառման արդյունքում արձանագրված` ՀՀ ժամանողների և ՀՀ-ից մեկնածների թվաքանակի վերաբերյալ տեղեկատվությունը՝ ստացված ՀՀ ազգային անվտանգության ծառայության (ՀՀ ԱԱԾ) ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգով», ակնհայտ է: Բայց պարզ է, որ բոլոր ժամանողները չեն զբոսաշրջիկ: Վիճկոմի այս ոլորտի տվյալներ պարունակող բոլոր հաշվետվություններում կա հաշվարկի մեթոդաբանական բացատրությունը: «Ըստ ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) մեթոդաբանության (International Recommendations for Tourism Statistics 2008, Compilation Guide, UN WTO, Madrid, November 2010)՝ միջազգային զբոսաշրջիկ է համարվում ցանկացած անձը, որը հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայր ոչ պակաս, քան 24 ժամ և ոչ ավելի, քան անընդմեջ 1 տարի ժամանակով» (տես նույն տեղում):

Հիմա վերադառնանք զբոսաշրջիկների քանակին: Վիճկոմի հիշատակված հաշվետվությունը ծավալուն է: Ինչպես վայել է տարին ամփոփող բոլոր նման փաստաթղթերին: 2018թ․ համեմատ զբոսաշրջիկների քանակի 14.7 տոկոսանոց աճի նկատմամբ կասկած ունեցողները կարող են նույն հաշվետվությունում գտնել հետևյալ՝ «Սահմանահատում կատարած անձանց նույնականացման տվյալների բաշխումը ըստ քաղաքացիության երկրի, մուտքերի, ելքերի և սահմանահատումների քանակի, 2019թ.» անունով փաստաթուղթը: Պետք է ասել, որ մեր Վիճկոմը ամեն տարի չէ, որ հրապարակում է այս սահմանահատումների տվյալները: Սակայն հակառակի պես այս տարի հրապարակել է (տես նույն տեղում, էջ 256): Ըստ այս փաստաթղթի՝ 2019թ․ ՀՀ սահմանային անցակետերով մեր երկիր մուտքերի քանակը կազմել է 2 մլն 232 հազար 302 դեպք: Այս թվից պետք է հանել երկիր վերադարձող ՀՀ քաղաքացիների հատումների քանակը: Այն պարզ պատճառով, որ ոչ մի տրամաբանությամբ ու նորմատիվ որևէ ակտով հնարավոր չէ հայրենիք վերադարձող ՀՀ քաղաքացուն համարել միջազգային զբոսաշրջիկ: Նույնիսկ ամենավառ երևակայությունն ունենալու պարագային։ Իսկ 2019-ին Հայաստան վերադարձ-հատումների քանակը 938 հազար 615 է: Երբ մուտք-հատումների ընդհանուր քանակից հանում ենք ՀՀ քաղաքացիների հատման քանակությունը, ստացվում է, որ օտար քաղաքացիություն ունեցողների հատումների քանակը կազմել է 1 մլն 293 հազար 687: Այսինքն 2019թ․ Հայաստան ժամանող օտարերկրացիների (նրանց, ում ցանկության դեպքում մեր պաշտոնյաները ամբողջ կազմով կարող են համարել միջազգային զբոսաշրջիկ) քանակը չի կարող գերազանցել այս թիվը: Ընդ որում` երկիր այցելող մարդկանց հաշվառումը բարդ մեթոդաբանություն չի պահանջում: Ի վերջո, պաշտոնապես հայտարարված է աղբյուրը` «ՀՀ ազգային անվտանգության ծառայության (ՀՀ ԱԱԾ) ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգը»: Եվ այդ ոչ բարդ մեթոդաբանության արդյունքում ստացվում է, որ օտարերկրացի զբոսաշրջիկների թիվն ուռճացված է մոտ 600 հազարով: Առնվազն:

«Ինչո՞վ է նույն փաստաթղթի 256-րդ էջում հրապարակված տվյալն ավելի վստահելի, քան 139-րդում հրապարակվածը»․ հարցը պարզ պատասխան ունի: Սահմանահատումների քանակի թիվն ուռճացնելու հարցում ՀՀ ԱԱԾ-ն որևէ շահ չէր կարող ունենալ: Ժողովրդական բառուբանով ասած` «Մեջը օգուտ չունի»: Նաև այն պատճառով, որ վերադասից համապատասխան հրահանգ չի ստացել: Ասածից չի կարելի միանշանակ եզրակացնել, որ եկող տարի նման հրահանգ կտրվի: Շատ ավելի հավանական է, որ այս տվյալները պարունակող փաստաթուղթ չհայտնվի 2020թ․-ի հաշվետվություններում: Թաքցնելը միշտ ավելի ազնիվ է, քան` կեղծելը:

Ավելացնենք նաև, որ սահմանահատումների թվական տվյալները հրապարակող փաստաթուղթը ուշադրության արժանի այլ տվյալներ էլ է պարունակում: Դրանց կանդրադառնանք հաջորդիվ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենետիկը սկսել է զբոսաշրջիկներից քաղաք մեկօրյա այցի համար գումար գանձել
Վճարովի տոմս չունենալը սպառնում է 50 եվրո տուգանքով...
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
ՀՀ-ն ու Չինաստանն ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում. դեսպան
Պարոն Ֆանգ Յոնգը նաև ընդգծել է Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության դերն այդ կապերի...
Հայաստանը մի շարք երկրների համար կդառնա զբոսաշրջային նոր ուղղություն. Նոր ծրագիր է մեկնարկում
Հրավիրել և ֆինանսավորել ենք, որպեսզի տուրիստական երկրների ներկայացուցիչները Բալթյան երկրներից գան Հայաստան ինֆոտուրի, որպեսզի...
Ամենաշատ