News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ֆինն զոոհոգեբաններն անցկացրել են շների վախերի եւ վարքագծային խանգարումների ամենամասշտաբային հետազոտությունը եւ հայտնաբերել, որ իտալական ջրային շներն ամենից շատ վախենում են ամպրոպից եւ հրավառությունից, մինչդեռ նրանց իսպանական «զարմիկները» ավելի հաճախ վախենում են անծանոթների հանդիպելիս, հայտնում է Scientific Reports-ը:

«Շների վարքագծի հետ կապված խնդիրները բացասաբար են ազդում նրանց կյանքի որակի վրա եւ հաճախ հանգեցնում նրան, որ տերերը ձեռնասուններին քնեցնում են կամ նրանց լքում: Մենք ուսումնասիրել ենք, թե որքան հաճախ են հանդիպում այդպիսի 7 խնդիրները, այդ թվում՝ աղմուկի հանդեպ զգայունությունը, վախվորածությունը, բարձրությունից վախը, իմպուլսիվությունը եւ վարքագծի սեւեռուն ձեւերը, ինչպես նաեւ ագրեսիան եւ տիրոջը կարոտելը»,- նշում են հետազոտողները:

Մարդաբանների կարծիքով՝ մարդը շանը ընտելացրել է դեռեւս քարի դարում, այն բանից հազարամյակներ առաջ, երբ տնային դարձրեց այլ կենդանիների եւ անցավ նստակյաց կենսակերպի: Գենետիկներն ու հնէաբանները առայժմ չեն կարողանում ստույգ ասել, թե երբ է դա տեղի ունեցել. շների քարացած մնացորդները եւ ԴՆԹ անալիզները վկայում են դրանց ինչպես համեմատաբար ուշ (10-18 հազար տարի առաջ), այնպես էլ վաղ (ավելի քան 36 հազար տարի առաջ) ձեռնասուն դարձնելու մասին:

Փորձագետ կինոլոգների ընթացիկ գնահատականներով՝ երկրագնդում գոյություն ունեն շների 300 պաշտոնապես ճանաչված եւ հազարավոր ոչ պաշտոնական ցեղատեսակներ, որոնցից շատերը գոյություն ունեն արդեն մի քանի հազարամյակ: Վերջին տարիներին ցեղատեսակների միջեւ տարբերություններով սկսել են հետաքրքրվել  գենետիկներն ու կենսաբանները, որոնք ուսումնասիրում են, թե որ տիպի հիվանդություններն են ավելի հաճախ ախտահարում «մարդու լավագույն բարեկամներին», եւ դրանց հետ կապված ինչ մուտացիաներ կարող են լինել:

Հելսինկիի համալսարանի (Ֆինլանդիա) պրոֆեսոր Հաննես Լոհին եւ նրա գործընկերները առաջին մասշտաբային հետազոտությունն են կատարել այն ուղղությամբ, թե տարբեր ցեղատեսակի շները որքան ուժեղ են ենթակա հոգեվիճակի եւ վարքագծի լրջագույն խանգարումների: Գիտնականներն այս նպատակով հարցում են անցկացրել 13,7 հազար շների տերերի շրջանում՝ խնդրելով պատմել, թե իրենց ձեռնասունները որքան հաճախ են վախ զգում կամ իրենց ոչ պատշաճ կերպով պահում:

Այս տվյալները միավորելով եւ վերլուծելով՝ ֆինն զոոհոգեբանները պարզել են, թե շներն ընդհանրապես որքան հաճախ են տառապել համանման խնդիրներով, ինչպես նաեւ միմյանց են համեմատել 264 ցեղատեսակների ներկայացուցիչների: Պարզվել է, որ շների 72 տոկոսից ավելին ուներ վարքագծային այս կամ այն խանգարումը, ընդ որում՝ տարբեր ցեղատեսակի ձեռնասունների շրջանում դրա զարգացման հաճախությունը եւ սրությունը նկատելիորեն տարբերվել է:

Մասնավորապես՝ գաճաճ շնաուցերները ամենաագրեսիվ շներն են, մինչդեռ դա հատոկ չէ սթաֆֆորդշիրյան բուլտերիերներին, լաբրադոր-ռետրիվերներին եւ կարճամազ կոլիներին: Համանման կերպով երկարամազ կոլիները ավելի հաճախ եւ շատ վախեցել են բարձրությունից, ինչը չի նկատվել իտալական ջրային շների եւ բորդեր-կոլիների շրջանում:

Ամպրոպն ու անծանոթները, այդ թվում՝ օտար շները, ամենից քիչ անհանգստացրել են լաբրադոր-ռետրիվերներին, սթաֆֆորդշիրյան բուլտերիերներին, բեռնյան հովվաշներին եւ գերմանական հովվաշներին, մինչդեռ հակառակը, բացի իտալական եւ իսպանական ջրային շներից, հատուկ էր բակապահ շներին եւ իռլանդական փափկամազ ցորնագույն տերիերներին: Հոգեվիճակի առումով բակապահ շներն ընդհանրապես ամենաոչկայուն ձեռնասուններն են, ինչը, գիտնականների կարծիքով, կարող է կապված լինել սթրեսի հետ, որը նրանք վերապրում են կյանքի առաջին ամիսներին եւ տարիներին:

Գիտնականները նաեւ պարզել են, որ որձերն ընդհանրապես ավելի իմպուլսիվ եւ ագրեսիվ են, մինչդեռ էգերը ավելի հաճախ վախվորած են եղել, տարեց շները բարձր ձայներից ավելի հաճախ եւ ուժեղ են վախեցել, քան երիտասարդ առանձնյակները, ինչպես նաեւ ավելի շատ են վախեցել աստիճաններից եւ խոր փոսերից:

Հետազոտողները հույս ունեն, որ իրենց հավաքագրած տվյալները ինչպես շնաբույծներին, այնպես էլ անասնաբույժներին կօգնեն ավելի լավ հասկանալ, թե ինչ է կատարվում իրենց ձեռնասունների հետ, եւ հստակ պատկերացնել այն, թե ինչպես է հնարավոր այդ խնդիրները լուծել՝ վարքագծի այդպիսի խանգարումների բացասական հետեւանքներից պաշտպանելով թե՛ իրենց, թե՛ շներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ