News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Գերմանացի լրագրողուհի Անն Կատրին Շտրակեն Ֆրանսիսյի նախկին նախագահ, 94-ամյա Վալերի Ժիսկար դ՛Էստենի դեմ բողոք է ներկայացրել Փարիզի դատախազություն։ Միջադեպը, ըստ լրագրողուհու, տեղի է ունեցել 2018թ․ դեկտեմբերին, հարցազրույցի ժամանակ։ Բողոքի մասին, որը Շտրակեն ներկայացրել է դեռեւս մարտի 10-ին, մայիսի 7-ին գրել են ֆրանսիական Le Monde-ը եւ գերմանական Süddeutsche Zeitung-ը։

Ինչպես վստահեցնում է 37-ամյա Անն Կատրին Շտրակեն, միջադեպը տեղի է ունեցել 2018թ․ դեկտեմբերի 18-ին՝ ֆրանսիական հանրապետության նախկին նախագահի գրասենյակում, որը գտնվում է Սեն Ժերմեն պուրակում։ Շտրակեն իր նկարահանող խմբի հետ եկել է գերմանական պետական WDR հեռուստաալիքի համար հարցազրույց վերցնելու նախկին նախագահից։ Գերմանացի լրագրողները սյուժե էին պատրաստել Հելմուտ Շմիդտի հարյուրամյակի կապակցությամբ, որը Գերմանիայի կանցլերն էր Ժիսկար դ՛Էստենի նախագահության տարիներին, հայտնում է RFI-ը։

Հարցազրույցի վերջում Շտրակեն նախկին նախագահին խնդրել է լուսանկարվել նկարահանող խմբի հետ։ Լուսանկարվելիս նախկին նախագահը գրկել է լրագրողուհուն եւ ձեռքը դրել նրա հետույքին։ Իր բողոքում Շտրակեն գրել է, որ «շատ է զարմացել» եւ «փորձել է հետ տանել պարոն Ժիսկար դ՛Էստենի ձեռքը, սակայն ապարդյուն»։ Առաջին լուսանկարը վատորակ է ստացվել, եւ որոշվել է երկրորդ կադրն անել։ Կրկին լուսանկարահանման ժամանակ, ինչպես վստահեցնում է Շտրակեն, ամեն ինչ կրկնվել է։ «Ես տպավորություն ունեի, որ նա պնդում է»,- հիշում է լրագրողուհին։

Ֆոտոշարքից հետո նախկին նախագահը ցանկացել է Անն Կատրինին ցույց տալ իր լուսանկարները համաշխարհային առաջնորդների հետ։ Այս անգամ եւս քաղաքական գործիչը ձեռք է տվել նրա հետույքին։ Իրավիճակից դուրս գալու համար, պատմում է Շտրակեն, իր օպերատորը տեղափոխել է լուսավորող սարքերը եւ աթոռ է դրել լրագրողուհու ու նախկին նախագահի միջեւ։ Հրաժեշտ տալիս, հիշում է լրագրողուհին, Ժիսկար դ՛Էստենը «ամուր համբուրել է իր այտը» եւ գերմաներեն «քաղցր երազներ» ցանկացել։

Վերադառնալով Քյոլն՝ Անն Կատրին Շտրակեն ամեն ինչ պատմել է իր ղեկավարությանը։ Համարելով, որ մեղադրանքները ծանր են, հեռուստաալիքի ղեկավարությունը որոշել է ներգրավել փաստաբանների, որպեսզի գրանցվեն լրագրողուհու եւ օպերատորի ցուցմունքները։ Նկարահանող խմբի երրորդ անդամը՝ հնչյունային օպերատորը, հրաժարվել է ցուցմունքներ տալուց՝ չբացատրելով պատճառները։

Փաստաբանների կողմից գրանցված 13 էջ ցուցմունքները 2019թ․ մայիսի 23-ին հեռուստաալիքը ուղարկել է Վալերի Ժիսկար դ'Էստենին: «Տիկին Շտրակեն ծայրաստիճան ցնցված է ձեր ագրեսիայից [...] Մենք չենք հանդուրժի, որ մեր աշխատակիցները բախվեն նման իրավիճակների, եւ հուսանք, որ նման պահվածքը նրանց հանդեպ հետագայում այլեւս չի կրկնվի»,- մեջբերում է Le Monde-ը հեռուտաալիքի նամակը: Ժիսկար դ'Էստենի գրասենյակն, ի պատասխան, միայն հաստատել է, որ ստացել է նամակը։

Le Monde-ի լրագրողները Անն Կատրինին հարցրել են թե ինչու է որոշել դեպքից մեկուկես տարի անց դատախազություն դիմել: «Սկզբում ես չէի մտածում բողոք ներկայացնել, եւ բացի այդ, ես գաղափար չունեի, թե ինչպես է գործում ֆրանսիական արդարադատությունը»,- բացատրել է Շտրակեն: Սակայն ավելի ուշ նա իմացել է #metoo շարժման մասին եւ փոխել է իր կարծիքը: «Այս շարժումը ցույց տվեց ինձ, թե որքան կարեւոր է հասարակության մեջ նման թեմաների քննարկումը»,- Շտրակեի խոսքերն է մեջբերում թերթը։

Le Monde-ի եւ Sdeddeutsche Zeitung-ի լրագրողները նաեւ մեկնաբանություն են խնդրել Վալերի Ժիսկար դ՛Էստենից: ԶԼՄ-ների հարցմանը քաղաքական գործչի գրասենյակի ղեկավար Օլիվյե Ռեւոլը պատասխանել է, որ նախկին նախագահը «ոչինչ չի հիշում այդ հանդիպման մասին»: «Եթե այն, ինչի համար նրան մեղադրում են, ճշմարիտ լիներ, ապա նա շատ կտխրեր, բայց նման բան չի հիշում»,- ասել է նախկին նախագահի ներկայացուցիչը: Ռեւոլը նաեւ նշել է, որ սա 94-ամյա քաղաքական գործչի դեմ նման մեղադրանքների առաջին դեպքն է:

Վալերի Ժիսկար դ՛Էստենը եղել է Հինգերորդ հանրապետության երրորդ նախագահը: Նա պետությունը ղեկավարել է 1974-1981թթ․։ Այժմ նա Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի անդամ է:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Նա հիմնել և դարձել է «Հայաստանը մեկ շաբաթում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիրը, ինչպես նաև աշխատել է «Ռեգնում» լրատվական գործակալությունում...
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ
Այս տարվա հունվարի 28-ին՝ Հայկական բանակի կազմավորման տոնի առիթով, կոպտորեն արգելվել էր լրագրողների մուտքը Եռաբլուր զինվորական պանթեոն...
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Լրագրողները Պաշտպանին ներկայացրել են իրենց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` վերջին շրջանում հանդիպող խնդիրները...
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Ամենաշատ