News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Կիպրոսի խորհրդարանի պատգամավորության թեկնածու Անդրանիկ Աշճյանը խոստանում է մայիսի 22-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին հաղթանակ տանելու դեպքում առավել մեծ թափով հետամուտ լինելու կիպրահայ համայնքի խնդիրների բարձրաձայնմանը։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց ինքը՝ պատգամավորության անկախ թեկնածուն։

Անդրանիկ Աշճյանը հայտնեց, որ համայնքային խնդիրների վերաբերյալ իր ծրագրերը բաժանել է մի քանի գլուխների, որոնցից յուրաքանչյուրը վերաբերում է ներհամայնքային կոնկրետ հարցի լուծմանը, այլ համայքների հետ կիպրահայության համագործակցությանը։

Հարցին, թե ընտրվելու դեպքում պատարստվո՞ւմ է արդյոք բարձրացնել Մելքոնյան հայկական վարժարանի վերաբացման հարցը, Աշճյանը պատասխանեց. «Վարժարանի փակման որոշումը Կիպրոսում չի կայացվել, ուստի այն վերաբացելու որոշումը եւս կիպրահայության հետ ուղղակի կապ չունի: Վերաբացման իրավունքը պատկանում է ՀԲԸՄ Կենտրոնական վարչությանը: Մենք` որպես կիպրահայ համայնք այդքան հնարավորություն կամ անելիք չունենք այս հարցում, քան ՀԲԸՄ Կեդրոնը։ Դրա փոխարեն գործադիր եւ օրենսդիր իշխանությունների հետ քննարկումներում պատրաստվում եմ առաջ քաշել Կիպրոսում հայկական միջնակարգ դպրոցի եւ ճեմարանի բացման հարցը»։

Նա նաեւ հիշեցրեց, որ թեպետ ինքը «սերել» է ՀՅԴ-ից, սակայն  ժամանակի ընթացքում առանձնացել է կուսակցությունից՝ գերադասելով անկախ պատգամավորի կարգավիճակը։ «Սակայն դա չի նշանակում, որ ես տարաձայնություններ ունեմ ՀՅԴ-ի կամ նրա թեկնածու Վարդգես Մահտեսյանի հետ։ Պարզապես իրադարձությունների բերումով ինձ այսօր սատարում է Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը, կիպրահայ համայնքի զգալի մասը, ինչպես նաեւ Կիպրոսի հայկական մի շարք կազմակերպություններ»,- ասաց Աշճյանը՝ միաժամանակ ակնարկելով, որ տեղի հայ համայնքի զգալի հատվածը Մահտեսյանին մեղադրում է բազմաթիվ թերացումների մեջ։

Ամփոփելով՝ անկուսակցական թեկնածուն հավելեց, որ Կիպրոսի խորհրդարանի 56 տեղերից եւս երկուսը վերապահված են արաբ-մարոնիտների եւ կաթոլիկ լատինների համար։

Նշենք, որ Կիպրոսում խորհրդարանական ընտրությունները նախանշված են մայիսի 22-ին։ Կիպրահայ համայնքը խորհրդարանում ունի մեկ տեղ, որի համար այս անգամ պայքարելու են անկուսակցական Անդրանիկ Աշճյանը եւ ՀՅԴ ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանը։

Հիշեցնենք, որ Կիպրոսի խորհրդարանի խոսնակը հայազգի Մարիոս Գարոյանն է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ