News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Ռուսաստանի ներքին գներով Հայաստանի գնած զենքի՝  Լիբիայիում հայտնվելու աղմկահարույց պատմության մասին մի քանի անգամ խոսել եմ եւ ցանկանում եմ մեկ անգամ եւս շեշտել, որ  այս խնդրում ամենամեծ պատասխանատվութունը պաշտպանության նախարարինն է, որովհետեւ նա է լիազորել մասնավոր կազմակերպությանը՝  Հայաստանի անունից զենք գնել, որի խմբաքանակի մի մասը հայտնվել է երրորդ  երկրում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարել է ԱԱԾ նախկին ղեկավար, քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը։

«Սա քրեական պատասխանատվություն է, որին պետք է ենթարկվի Դավիթ Տոնոյանը, նա նաեւ քրեական պատասխանատվության պետք է ենթարկվի այն մի քանի հազար հեկտարների համար, որոնք 2018 թվականին Նախիջեւանի հետ սահմանին անցան Ադրբեջանի հսկողության տակ։ Ես չգիտեմ, թե ում հրամանով է արել թե՛ այս գործարքը, թե՛ հակառակորդի առաջխաղացումը թույլ տալը, վարչապետի հանձնարարությամբ, թե իր դրսում գտնվող ղեկավարների, եւ ես հիմա նրան քաջալերում եմ, որ ոչ թե իր շնիկներին իմ հանդեպ կսմտոցներ սկսելու հրահանգ տա, այլ ուղղակի ինքնախոստովանական ցուցմունքներ տա իր բոլոր արածների համար։ Առայժմ կա նման հումանիտար միջանցք եւ ես նրան խրախուսում եմ, որ օգտվի այդ միջանցքից, գուցե հետագայում դա մեղմացուցիչ հանգամանք համարվի։ Փաշինյանն ու Տոնոյանը պատերազմի ժամանակ խրամատում փամփուշտներ կվաճառեն մեր զինվորներին։ Սա ունենք մենք այսօրվա դրությամբ», ասել է Դավիթ Շահնազարյանը։

Դավիթ Շահնազարյանի խոսքով՝ Հայաստանի գործող իշխանությունը Ադրբեջանից կառավարվող հանցախումբ է․ 

«Մեր հարաբերություններն արդեն վատ են բոլոր հարեւանների հետ, էլ չեմ ասում մեր ռազմավարական գործընկերոջ, որը մեզ արդեն այդպիսին չի ընկալում։ Մենք այսօր մեկուսացված ենք, դարձել ենք տարածք՝ այստեղից բխող բոլոր հետեւանքներով եւ այս իշխանությանը ամեն օր հանդուրժելը ուղղակիորեն շատ ծանր հարված է պետականությանը, այն շատ ծանր է մեզ վրա նստելու, պատմականորեն շատ մեծ կորուստներ ենք ունենալու, որովհետեւ սա  Ադրբեջանից կառավարվող պետական հանցագործների մի բանդա է, որոնց հետ մենք հիմա գործ ունենք»։

Քաղաքական գործիչը հույս է հայտնել, որ թե՛ քաղաքական ուժերը, թե՛ մեր հասարակությունը իրենց մեջ ուժ կգտնեն «այս ամենից դուրս գալու, այս ամենը հաղթահարելու եւ այսպես կոչված այս հեղափոխության հետեւանքները չեզոքացնելու համար, մեզանից երկար տարիներ են պահանջվելու, որպեսզի կարողանանք ամեն ինչ վերականգնել եւ պահպանել մեր հայկական երկու պետականություները»։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ