News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

2019 թվականին ՀՀ ՀՆԱ կառուցվածքում շինարարական հատվածի մասնաբաժինը կազմել է 6,2 տոկոս, իսկ 2020 թվականին առաջին եռամսյակում՝ 3,1 տոկոս: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն Մարինե Առաքելյանը: 

Շինարարության ծավալն այս տարվա հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նվազել է 23.4 տոկոսով: Սա ի՞նչ հետևանքներ կունենա ընդհանուր տնտեսության համար:

Համաձայն Վիճկոմիտեի կողմից հրապարակված ցուցանիշների՝ 2020թ.-ի առաջին կիսամյակում ՀՀ-ում շինարարության ոլորտում արձանագրվել է ավելի քան 23%-ի նվազում՝ կազմելով 105.8 մլրդ դրամ: Միաժամանակ պետք է փաստել, որ թեև ապրիլ և մայիս ամիսների համեմատ տնտեսական անկումը որոշակիորեն դանդաղել է, սակայն, արտակարգ դրությամբ պայմանավորված, շեշտակի անկում արձանագրած շինարարության ոլորտի նվազման տեմպը չի դանդաղել՝ չնայած այն հանգամանքին, որ արդեն մայիս ամսից աստիճանաբար վերականգնվեցին տնտեսական գործունեության տեսակները: Ընդհանուր տնտեսության համար գնահատական տալու համար, պետք է նշեմ, որ 2008-2009թթ. ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո էականորեն փոխվել է տնտեսության ճյուղային կառուցվածքը, որտեղ զգալիորեն նվազել է շինարարության ոլորտի մասնաբաժինը ՀՆԱ-ում: Օրինակ՝ 2019թ.-ին շինարարության ոլորտի տեսակարար կշիռը ՀՆԱ-ի կառուցվածքում կազմել է 6.2%, իսկ 2020թ.-ի առաջին եռամսյակում՝ 3.1%: Սա փաստում է, որ վերջինիս կողմից ստեղծվող ավելացված արժեքը բավականին փոքր մասնաբաժին ունի ՀՆԱ-ի մեջ: Մյուս կողմից, շինարարությունը տնտեսության ամենահամակարգաստեղծ ոլորտներից մեկն է՝ մուլտիպլիկատիվ մեծ ազդեցությամբ և այս ճյուղի շարունակական անկումը կարող է բացասական ազդեցություն ունենալ ընդհանուր տնտեսության կատարողականի վրա:

Ի՞նչ կանխատեսումներ կան հաջորդ եռամսյակի, կիսամյակի և տարեկան ցուցանիշների հետ կապված շինարարության ոլորտում:

Ինչպես բազմիցս նշել եմ, այսօր իրականացվող ցանկացած կանխատեսում կատարվում է որակապես և քանակապես էական անորոշության պայմաններում, երբ շեղման ռիսկերը բավական բարձր են: Վերջին տվյալների համաձայն՝ իրականացված շինարարության կեսը կատարվել է կազմակերպությունների կողմից, իսկ 24%-ը բնակչության միջոցների հաշվին: Ուշագրավ է նշել, որ պետական բյուջեի հաշվին իրականացված շինարարության ծավալների առյուծի բաժինը (շուրջ 12.6 մլրդ) եղել է միջազգային վարկային միջոցների հաշվին, որի ծավալները նախորդ տարվա 5 ամիսների համեմատ նվազել են շուրջ 32%-ով: Հաշվի առնելով այս միտումները՝ կարելի է փաստել, որ տարեկան ցուցանիշները, ի թիվս այլ գործոնների, մեծապես պայմանավորված են լինելու մասնավոր ընկերությունների կողմից ներդրումներ կատարելու, օտարերկրյա ներդրումներ ներգավելու հնարավորությունից, ինչպես նաև Կառավարության կողմից ներգրավված միջազգային վարկերի ծավալներից:

Ի՞նչ վիճակում է այս ոլորտի աշխատաշուկան և ի՞նչ է սպասվում:

Աշխատողների թվաքանակն ըստ տնտեսության ինստիտուցիոնալ հատվածների և տնտեսական գործունեության տեսակների դիտարկելիս՝ 3.2%-ը բաժին է ընկնում շինարարության ոլորտին` 186 439 միջին ամսական անվանական աշխատավարձով: Թերևս շատ է խոսվել, որ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված արտագնա աշխատանքի մեկնողները ներգավվելու են լայնածավալ շինարարական աշխատանքներում՝ նորոգման, հիմնանորոգման և կառուցման ծրագրերում՝ փորձելով լուծել վերջիններիս զբաղվածության խնդիրը, սակայն այսօր ակտիվ ներգրավվածություն այս տեսանկյունից չի հաջողվել ապահվել:

Ինչպե՞ս եք գնահատում Կառավարության կողմից կապիտալ շինանարաության ծավալների մեծացման անհրաժեշտության մասին հայտարարությունները: Դա կմեղմի՞ առկա կորուստները, թե ոչ:

Շատ կարևոր է սոցիալ-տնտեսական այս բարդ իրավիճակում պետական բյուջեից կապիտալ ծախսերը՝ ըստ պլանավորված ժամանակացույցի արդյունավետ և նպատակային իրականացումը: Ցավով պետք է արձանագրեմ, որ դեռևս 2019թ.-ին, երբ բյուջեում նախատեսված էր կապիտալ ծախսերը հասցնել 287 մլրդ դրամի, չէր իրականացվել կարողությունների գնահատում: Մտահոգիչ է, որ առաջին եռամսյակում կապիտալ ծախսերը թերակատարվել են ավելի քան 60%-ով: Ընդ որում՝ ճիշտ չի դա պայմանավորել միայն կորոնավիրուսի ազդեցությամբ, քանի որ առաջին եռամսյակում դեռ կորոնավիրուսի համավարակի ազդեցությունն այդքան էլ շոշափելի չէր: Նշեմ, որ ծախսերի թերակատարումը նաև շարունակվել է ապրիլ և մայիս ամսիներին: Կիսամյակային տվյալները դեռևս հրապարակված չեն, բայց հաշվի առնելով 2020թ.-ի առաջին 5 ամիսների կատարողականը, երբ կապիտալ ծախսերը կազմել են շուրջ 36.3 մլրդ դրամ՝ կիսամյակային ծրագրավորված 118 մլրդ դրամի դիմաց, արդեն հիմք է տալիս եզրակացնելու, որ այստեղ արձանագրվելու են լուրջ թերակատարումներ: Թվային ցուցանիշները լավատեսություն չեն ներշնչում, քանի որ Կառավարությանը կարծես թե չի հաջողում արդյունավետ համադրել առկա սոցիալ-տնտեսական մարտահրավերները չեզոքացնելուն ուղղված քայլերն և երկարաժամկետ զարգացման նպատակները:

Ի՞նչ վիճակ է անշարժ գույքի շուկան այսօր, ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել գնային տեսանկյունից:

Կորոնավիրուսի համավարակն իր ազդեցությունն է թողել անշարժ գույքի շուկայի վրա: Կրճատվել են թե´ անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքները, թե´ գները: Համաձայն պաշտոնական վիճակագրության՝ այս տարվա առաջին կիսամյակում հանրապետությունում իրականացված ընդհանուր գործարքների թիվը նվազել է 15%-ով՝ կազմելով 71516 գործարք, ընդ որում՝ անշարժ գույքի առուվաճառքի գործարքները նվազել են 12.1%-ով՝ կազմելով 19979: Օրինակ՝ Երևան քաղաքում այս տարվա առաջին կիսամյակում 2019թ.-ի առաջին կիսամյակի համեմատ առուվաճառքի գործարքների թիվը նվազել է ավելի քան 27%-ով, մարզերի քաղաքային բնակավայրերում՝ 10.5%-ով, իսկ գյուղական բնակավայրերում արձանագրվել է թեև աննշան, բայց 1.2% աճ:
Ինչ վերաբերում է գնային դինամիկային, ապա ուշագրավ է նշել, որ 2020թ.-ի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Երևան քաղաքի բնակարանների շուկայական միջին գները բոլոր վարչական շրջաններում երկնիշ աճ են արձանագրել: Օրինակ Երևանում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ շուկայական միջին գինը աճել է շուրջ 17.8%-ով: Ի դեպ 2020թ.-ի ապրիլ ամսվա բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին գները մնացել են անփոփոխ, քանի որ գործարքների սակավության հետևանքով չի իրականացվել անշարժ գույքի գների վերլուծություն, իսկ մայիսին ապրիլի համեմատ Երևանում բնակարանների 1 քմ շուկայական միջին գինը նվազել է բոլոր վարչական շրջաններում, ընդ որում՝ ամենամեծ անկումը՝ շուրջ 2.6% արձանագրվել է Նուբարաշեն վարչական շրջանում, որին հաջորդել է Քանաքեռ-Զեյթունը՝ 1.5%: Կենտրոն վարչական շրջանում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գինը նվազել է ընդամենը 0.3%-ով՝ կազմելով 668000 ՀՀ դրամ: Ի դեպ, մայիս ամսին Երևանում բնակարանների 1 քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին ամենաբարձր գինը կրկին եղել է Կենտրոն վարչական շրջանում, որին հաջորդել են՝ Արաբկիրն ու Դավթաշենը:

Ի՞նչ կանխատեսումներ կան: Կնվազե՞ն արդյոք գները այս տարի, և եթե այո, ապա որքա՞ն:

Ընդհանուր առմամբ ստեղծված իրավիճակում հասարակության մոտ ձևավորվել է սպասումային իրավիճակ՝ անշարժ գույքի շուկայի հետագա զարգացումների հետ կապված: Ընդ որում՝ սխալ է դա բացառապես պայմանավորել կորոնավիրուսային իրավիճակով: Նաև որոշակի դերակատարում ունի գույքահարկի անկնկալվող բարձրացումը:

Կարծում եմ՝ կորոնավիրուսային համավարակի հետևանքով ստեղծված սոցիալ-տնտեսական ճգնաժամի ներկայիս փուլում բնակարանների գների անկումը կարող է շարունակվել՝ պայմանավորված գնողունակ պահանջարկի նվազման հետ։ Տվյալ փուլում դժվար է կանխատեսել միջակայքը, քանի որ այն կախված է լինելու համավարակի տևողությունից, ինչպես նաև տնտեսության վերականգման տեմպից: Նշեմ, որ այսօր առաջնային շուկայում նորակառույց շենքերի նկատմամբ բավական մեծ պահանջարկ է ձևավորվել՝ պայմանավորված նաև հիփոթեքային վարկավորման միջավայրի բարելավմամբ, ինչպես նաև հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների փոխհատուցման նպատակով վերադարձված եկամտային հարկի ծրագրի հետ: Փաստեմ, որ 2015-2019թթ.-ին այս ծրագրի շրջանակում վերադարձված եկամտային հարկի դինամիկան անընդհատ աճ է արձանագրել: Օրինակ՝ 2019թ.-ին վերադարձի ենթակա գումարները կազմել են 7.9 մլրդ ՀՀ դրամ՝ գերազանցելով 2018թ.-ի ցուցանիշը 68.9%-ով: Բնականաբար, ծրագրի հնարավոր կասեցումը կամ ձևաչափի փոփոխությունը կարող է հանգեցնել առաջնային շուկայում բնակարանների նկատմամբ պահանջարկի նվազմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին…
2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանում հարկային փաստաթղթերի հոսքում QR կոդերի համակարգ կներդրվի
Վարչության պետի տեղակալի խոսքով՝ սա ՊԵԿ-ի հերթական նախաձեռնությունն է, որն ուղղված է փաստաթղթաշրջանառության կրճատմանը...
Ինչպես օտարերկրացիները պետք է մուտք գործեն «Ֆիզանձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ». ՊԵԿ
«Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ» մուտքն օտարերկրյա...
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Ամենաշատ