News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վան Գոգի մահվան 130-ամյակի նախօրեին պատմաբան Վոութեր վան դեր Վեենը հրապարակել է իր հետազոտության արդյունքները՝ բացահայտելով նկարչի կյանքի վերջին օրերի հանգամանքները: Հաջողվել է պարզել Վան Գոգի վերջին զբոսանքի երթուղին՝ համեմատելով նրա «Ծառերի արմատները» կտավը հին բացիկի հետ, որը պատկերում է Օվեր-սյուր-Ուազ քաղաքի մերձակայքի պեյզաժը, փոխանցում է RFI-ն:

Վինսենթ Վան Գոգը մահացել է 1890 թվականի հուլիսի 29-ին ֆրանսիական Օվեր-սյուր-Ուազ քաղաքում փամփուշտից ստացված վնասվածքից: Հարյուր երեսուն տարի նրա մահվան հանգամանքները մնում էին չբացահայտված: Վան Գոգի ստեղծագործական կյանքի հետազոտողները եւ երկրպագուները չէին հրաժարվում գոյություն ունեցող վարկածներից մեկի հաստատում գտնելու հույսից՝ ինքնասպանությունից մինչեւ պատահական փամփուշտ, որը երեխաների անկարգության հետեւանք էր։

2020-ի գարնանը Վան Գոգին նվիրված մի քանի գրքերի հեղինակ, պատմաբան Վոութեր վան դեր Վեենը, կազմելով Օվեր-սյուր-Ուազի պեյզաժներով բացիկների ինվենտարը, նկատել էր, որ դրանցից մեկին անսովոր ձեւի ծառերի արմատներ են պատկերված, որոնք ճշգրտորեն հիշեցնում են մեծ նկարիչ «Ծառի արմատները» կտավը։

1910 թվականի սեւ ու սպիտակ բացիկը պատկերում էր ոչնչով աչքի չընկնող Դոբինյի փողոցի պեյզաժը, որը Վան Գոգի ժամանակներում կրում էր Մեծ փողոցի անունը։ Հեծանվորդը կանգ էր առել բարձրահասակ ծառերի տակ, որոնց մերկ արմատները հյուսվում էին տարօրինակ նախշի մեջ: Բացիկը ուշադիր զննելուց հետո վան դեր Վեենը հասկացել էր, որ արմատների հյուսվածքը հիշեցնում է Վան Գոգի «Ծառերի արմատները» նկարը: Դրանից կարճ ժամանակ առաջ մասնագետներն այն նկարչի վերջին գործն էին ճանաչել, որի վրա նա շարունակում էր աշխատել մահից առաջ՝ արդեն վիրավորվելուց հետո։

Այս վարկածը հաստատել է Ամստերդամի Վան Գոգի թանգարանը, որի աշխատակիցները հաշվել էին արմատների միջեւ հեռավորությունը բացիկի եւ կտավի վրա, դրանց անկյունները եւ չափերը: Երկու պատկերների համեմատությունը արմատների ներկայիս դասավորության հետ, հաստատել էր, որ դրանք նույն ծառերն են: Տարօրինակ արմատը, որը տեղացիները «փիղ» են կոչել, կա մինչեւ հիմա։

Ինքնասպանության վարկածը երկար ժամանակ միակն էր: Տուն վերադառնալուն պես Վան Գոգը մի քանի անգամ կրկնել էր իր տան տերերին, իսկ այնուհետեւ՝ ժանդարմներին, որ նա ցանկանում էր ինքնասպան լինել՝ ցույց տալով նրանց սրտի մոտ փամփուշտից ստացված վերքը։ Սակայն 1930-ական թվականներին այլ վարկած առաջացավ, որը նկարչի մահը բացատրում էր երեխաների անկարգությամբ, որոնք դաշտում կրակում էին թռչունների վրա եւ պատահաբար դիպել էին անցնող նկարիչին: Տեղացի երեխաները հաճախ զվարճանում էին՝ զայրացնելով տարօրինակ նկարչին՝ նրա սուրճի մեջ աղ ավելացնելով կամ օձ բաց տողնելով նրա ներկերի տուփի մեջ: Նրանց թվում էին նաեւ երկու եղբայրները, որոնք ատրճանակով դուրս էին եկել դաշտ 1890 թվականի հուլիսի 27-ին: Արդեն հասուն տարիքում նրանք հարցաքննվել էին ոստիկանության կողմից, սակայն չկանխամտածված սպանության վարկածը չէր հաստատվել:

Նկարչի՝ նոր բացահայտման արդյունքում բացահայտված վերջին երթուղին զգալիորեն կարճ է, քան ճանապարհն Օվեր դղյակի շուրջ, որով, ինչպես նախկինում ենթադրվում էր, Վան Գոգը վերադարձել էր հյուրանոց: Արմատներով ճանապարհը նրան թույլ կտար քայլել տուն ինքնասպանության փորձ կատարելուց հետո: Արմատների պատկերը, ըստ արվեստաբանների, մեկ անգամ եւս վկայում է նկարչին տանջող մահվան մտքերի մասին եւ հաստատում ինքնասպանության վարկածը:

Բացահայտումից հետո տարածքը արմատների շուրջը, որոնք Վան Գոգի վերջին կտավի սյուժեն էին, փակվել է ցանկապատով:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ