News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունից հետո ֆեյսբուքյան հայկական տիրույթում որոշ օգտատերեր հայտարարեցին, որ Հայաստանի կառավարությունը պետք է Բեյրութ-Երևան չարտերային չվերթ կազմակերպի մեր այն հայրենակիցների համար, որոնք ցանկություն ունեն տեղափոխվել Հայաստան։ Նման գրառումներով էին հանդես եկել նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության» ղեկավար Էդմոն Մարուքյանն ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

NEWS.am-ի հետ զրույցում Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեր հարցին, թե քննարկվո՞ւմ է հատուկ չվերթներով Լիբանանից հայերին ժամանակավորապես Հայաստան բերելու մասին հարց, հստակ պաատսխան չտվեց.

«Հայ համայնքային կառույցների հետ Կառավարությունը արտգործնախարարության և դեսպանության միջոցով մշտական կապի մեջ է, վերջիններիս կարիքները մշտապես գնահատվում են և համապատասխան դրանց` դիտարկվում են տարբեր զարգացումներ և սցենարները»։

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի մամուլի գծով պատասխանատու Ամալյա Կարապետյանը մեր հարցին ի պատասխան նշեց, որ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի՝ Բեյրութ գնալու նպատակներից մեկն էլ այն է, որ տեղում կարիքների գնահատում լինի, որպեսզի պարզ լինի, թե լիբանանահայության ո՞ր հատվածն է ցանկանում վերադառնալ Հայաստան, ի՞նչ պայմաններով են ցանկանում վերադառնալ, ի՞նչ ժամկետներում և ի՞նչ ակնկալիքներ ունեն պետությունից։

«Ամեն դեպքում մենք հիմա կապի մեջ ենք Լիբանանի տասնյակ համայնքային կառույցների հետ, սակայն միայն տեղում լիբանանահայության հետ շփումներից հետո պարզ կլինի նրանց իրական կարիքները»,- նշեց Ամալյա Կարապետյանը։

Մեր հարցին, թե այս օրերին կոնկրետ ցանկացողներ եղել են, որոնք դիմե՞լ են գրասենյակ, Ամալյա Կարապետյանն ասաց.

«Որպես այդպիսին մեծ թվով ահազանգեր չկան, որ հենց լիբանանահայերից զանգեր ստանանք, որ իրենք ուզում են շտապ տեղափոխվել, բայց համայնքում, բնականաբար, կա որոշ զանգված, որը ցանկանում է վերադառնալ Հայաստան և մշտական բնակություն հաստատել»։

Հիշեցնենք, որ Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը օրեր անց մեկնելու է Լիբանան՝ տեղում հայ համայնքի կարիքներին ծանոթանալու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ