News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովում վերսկսվել են ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի հանրային քննարկումները։ Համավարակով պայմանավորված՝ դրանք ամիսներ առաջ ընդհատվել էին և երեկ՝ օգոստոսի 11-ին առցանց ձևաչափով վերսկսվել են քննարկումները։ NEWS.am-ի հետ զրույցում ընտրական բարեփոխումների անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանն ասաց, որ քննարկմանը մասնակցել է մոտ 3 տասնյակից ավելի մարդ։

«Արտախորհրդարանական քաղաքական ուժերի չտեսա, իսկ եթե կային մարդիկ, որոնք ներկայացնում էին ինչ-որ կուսակցություններ,  որոնց ես չէի ճանաչում, ներողություն եմ խնդրում, բայց ես ակնկալում եմ  նաև արտախորհրդարանական կուսակցությունների ակտիվ մասնակցություն, որովհետև այս ընտրական բարեփոխումների նպատակը հենց այն է, որպեսզի դեպի խորհրդարան մուտքը դյուրացվի։ Այն գաղափարը, որ դրված է կոնցեպտի հիմքում հենց այդ կուսկացությունների աշխուժացմանն է նպաստելու։ Գուցե  նաև չէին հետևել հայտարարությանը, որ մեկնարկել են քննարկումները»,- ընդգծեց Հերիքնազ Տիգրանյանը։

Երեկ տեղի ունեցած քննարկման թեման եղել է  նախընտրական քարոզարշավւ, քարոզարշավի ֆինանսավորումւ, վարչական ռեսուրսի չարաշահման արգելքը։

«Մեզ մոտ մեծ խնդիր է, երբ նախընտրական քարոզարշավի ժամանակ ձևավորվում է   նախընտրական հիմնադրամ, հիմնադրամի մուծումների, ծախսերի թափանցիկություն կամ ի՞նչը օրենքով համարել նախընտրական քարոզչության ծախս, ինչը չհամարել ծախս։ Այսօր մեր օրենսդրությունն այնպես է կարգավորվում, որ ամեն ինչը չէ, որ համարվում է նախընտրական քարոզչության ծախս։ Առաջարկները  հիմնականում միտված էին նրան, որ ամեն ինչը համարվի նախընտրական քարոզչության ծախս և որոշակի սահմանափակումներ լինեն նախընտրական շտաբերի տեղակայման, շտաբերում հանրային ծառայողների ներգրացվածության և ավելի շատ շեշտադրում էր արվում վարչական ռեսուրսի չարաշահման արգելքը  հաստակեցնելուն՝ այն առումով, որ քարոզարշավին պետական ծառայողների մասնակցությունը լինի շատ ավելի չեզոք և նրանց կողմից իրենց վարչական լծակների օգտագործման հնարավորությունը  բացառվի»,- նշեց իշխող ուժի պատգամավորը։ 

Հիշեցնենք նաև, որ փաթեթի համար  հիմք է հանդիսանում  2018 թվականի հոկտեմբերի 1-ին ընդունված Ընտրական օրենսդրության բարեփոխումների հայեցակարգը  եւ դրա հիման վրա ներկայացված ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը։ 2018թ․ աշնանն այդ նախագիծը չընդունվեց ԱԺ-ի կողմից, այն ժամանակ խորհրդարանում մեծամասնությունը ՀՀԿ-ն էր։

«Իհարկե, նոր առաջարկներ էլ են գալիս, հատկապես՝ ընտրական գործընթացներով երկար տարիներ զբաղվող հասարակական կազմակերպություններից, որոնք առաջարկներն անում են իրենց անձնական դիտարկումների հիման վրա։ Աշխատանքային խումբն էլ է այն կարծիքին, որ օրենսգրքում շատ բաներ կան, որոնք գերկարգավորումներ ունեն, երբ  մենք փորձում  ենք ամեն ինչ կարգավորել, մենք ստեղծում ենք հակառակը, ստեղծում ենք ոչ թե միայն այն, որ օրենսգիրքը ծավալային  առումով  մեծանում է, այլ ուղղակի ստեղծում ենք  արգելքները շրջանցելու հնարավորությունները, մինչդեռ կարելի է շատ ավելի լիբերալ լինել կարգավորումների մեջ, բայց կարևորն արձանագրենք, որ ընտրական ինստիտուտի նկատմամբ վստահություն կա, օրինակ Երևանի ավագանու և խորհրդարանական  ընտրությունների դեպքում, գոնե որևէ քաղաքական ուժի կողմից չեն վիճարկվել, ինչը նշանակում է, որ արդյունքները արժանահավատ են եղել։ Սա նշանակում է, որ անգամ վատ օրենսգրքի պայմաններում կարելի է անցկացնել լավ ընտրություններ։ Սա քաղաքական կամքն է, որ իշխանությունը թույլ է տալիս, որ մարդն իր քվեով իր կամքն արտահայտի։ Այսինքն՝ մենք ավելի շատ պիտի ուշադրություն դարձնենք մարդու ազատ կամարտահայտման վրա ազդելու  մեխանիզմներին և բացառենք այդ հնարավորություննեը»,- ընդգծեց պատգամավորը։

Ըստ տիկին Տիգրանյանի՝  նախագիծը հավանաբար պատրաստ կլինի աշնան վերջին, բայց ԱԺ-ի օրակարգում կլինի  մյուս տարի։

«Այս պահին ես չեմ տիրապետում, թե ինչ վերջնաժամկետ է սահմանվել, բայց որ Վենետիկի հանձնաժողովի հանձնարականներով  ընտրությունների լավագույն փորձը  այն է, որ ընտրությունից շատ  մոտ ժամանակ չլինեն փոփոխություններ, կարծում եմ, որ օրենսգրքի մշակումը և ընդունումը կլինի այնպիսի ժամանակահատվածում, որը կհամապատասխանի ընտրությունների լավագույն փորձի միջազգային ստանդարտներին»,- նկատեց նա։ Հավելենք նաև, որ ընտրական բարեփոխումների աշխատանքային խմբում ներգրավված են խորհրդարանի երեք խմբակցությունների, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և Արդարադատության նախարարության ներկայացուցիչներ, ինչպես նաև տարբեր հասարակական կազմակերպությունների անդամներ։

Տպել
Ամենաշատ