Րոպեներ առաջ երկու նոր ապատեղեկատվություն է տարածվել. Բաքուն պաշտոնական մակարդակով ներկայացրել է իբր բարձրաստիճան զինվորականների կորստի մասին, ինչպես նաեւ Մարտունիի զորամասի ամբողջական ոչնչացման մասին. դրանք չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 29-ին, ճեպազրույցի ժամանակ նշեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Հայտարարությունն անգամ խոսում է ցածր մակարդակի զինվորական գիտելիքների մասին: Հասկանալով, որ կրում են պարտություն, պլանները չեն իրականանում, ունեն չափազանց մեծ կորուստներ... մենք էլ ունենք կորուստներ, բայց անհամադրելի են մեր ու իրենց կորուստները: Դրա համար փորձելու են իրենց հասարակությանը կերակրող նյութեր հորինել:
Երեկ ադրբեջանական մամուլը հասկանալով իրենց գործելաոճի հանցավորությունը, սկսեցին ներկայացնել նաեւ մեր շատ անվանի եւ փառապանծ զինվորականների մասով կեղծ լուրեր, որ նրանք այս պահին կամ նախորդ պատերազմում կատարել են վայրագություններ, հանցագործություններ: Դա ապատեղեկատվություն է»,-ասաց նա:
Ավելի ուշ Արծրուն հովհաննիսյանն իր էջում գրել է. «Մեր դիվիզիաներից մեկի հրետանու պետի զոհվելը ևս սուտ է»: