Այսօր խորհրդարանական հարցադրում եմ կատարել, որով ուշադրության եմ հրավիրել ԵՄ-ի և Ադրբեջանի միջև աճող առևտրային հարաբերությունների վրա՝ չնայած Հայաստանի դեմ շարունակվող ռազմական գործողություններին, որի համար պատասխանատու է Բաքվի կառավարությունը, ինչպես նաև Էրդողանի հետ վերջինիս ունեցած շատ վտանգավոր հարաբերություններին: Այս մասին «Ֆեյսբուքում» գրել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Աննա Չինցիա Բոնֆրիսկոն։
«Հանձնաժողովին հարց ուղղեցի, թե արդյոք այդ ամենն արվել է եվրոպական արժեքներն անտեսելով, առանց եվրոպական սուբսիդիաները վերահսկելու մեխանիզմների առկայության, և հատկապես, թե ինչպես է ԵՄ-ն պատրաստվում պատասխանել միջազգային հանրության օգնությունը հայցող Հայաստանի նախագահի կոչին:
Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի նկատմամբ հետևանքն է ԵՄ ինստիտուտների՝ միայն բիզնեսի հարցում «աշխարհաքաղաքական» տեսանկյունը հաշվի առնելու և լռելու այն ժամանակ, երբ ամենաթույլերին անարդարությունից և բռնությունից պաշտպանելու կարիք կա»,– գրել է նա: