News
Լրահոս
News
Կիրակի
Հունվար 24
USD
518.44
EUR
631.1
RUB
6.95
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Կոնկրետ դեպքում անհրաժեշտ էր հաշվի առնել Հայաստանի հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանի հանրային հեղինակությունը, նրա նշանակալից ավանդը մարդու իրավունքների պաշտպանության, մեր երկրի իրավական համակարգի զարգացման հարցում ու այն փոքր միջադեպը, որին ներկա են եղել Ոստիկանության ծառայողներ։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը։

Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է.

«Այսօր «Հայաստանի հելսինկյան կոմիտե» հասարակական կազմակերպության նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանին Ոստիկանություն տանելու մասին տեղեկությունների հրապարակումից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խումբն իրականացրել է այց Ոստիկանության Կենտրոնականի բաժին:

Այցից անմիջապես առաջ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ահազանգ է ներկայացրել նաեւ նրա փաստաբանը:

Այցի ընթացքում տեղի է ունեցել առանձնազրույց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի հետ: Ստացվել են Ոստիկանության պարզաբանումները: Թե՛ պարոն Իշխանյանը, թե՛ նրա փաստաբանը Ոստիկանության բաժնում իրենց գտնվելու ընթացքում ծառայողների վերաբերմունքից բողոքներ չեն ներկայացրել, վերաբերմունքը եղել է հարգալից:

Մարդու իրավունքների պաշտպանի այս հայտարարությունը վերաբերում է տեղի ունեցած կոնկրետ դեպքին ու հիմնված է հենց այդ դեպքի հանգամանքների ուսումնասիրության վրա:

Նախ, միջադեպի հանգամանքներն ինքնին վկայում են, որ դա կոնկրետ բնույթով այնպիսին էր, որ առնվազն բացակայել են անձանց Ոստիկանության բաժին տանելու հիմքերը՝ հատկապես այն դեպքում, երբ միջադեպը տեղի է ունեցել Ոստիկանության ծառայողների ներկայությամբ:

Պաշտպանը կարեւոր է համարում հատկապես ընդգծել, որ նախքան Ոստիկանության բաժին անձին տեղափոխելը յուրաքանչյուր դեպքում պետք է հաշվի առնել ենթադրյալ իրավախախտման, այդ պահին Ոստիկանության ծառայողների համար հասանելի բոլոր հանգամանքները, այդ թվում՝ իրավախախտման հանրային վտանգավորությունը, անձի հանրային դիրքն ու հեղինակությունը եւ վերջապես կարեւորը՝ միջադեպը տեղում հարթելու կամ վերացնելու իրական հնարավորությունը:

Բոլոր հնարավոր դեպքերում իրավախախտումների նախականխմանը, կանխմանը եւ խափանմանն ուղղված գործողությունները պետք է ձեռնարկել տեղում՝ առանց մարդու իրավունքին, այն էլ անձնական ազատության իրավունքին անհարկի միջամտության: Հստակ պետք է գիտակցել, որ անհրաժեշտ է ապահովել ողջամիտ հավասարակշռում անձի արարքի եւ ոստիկանական ներգործության միջեւ, իսկ ազատությունից զրկելը պետք է դիտարկել՝ որպես վերջին հնարավոր տարբերակ:

Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշմամբ՝ Ոստիկանության յուրաքանչյուր ծառայողի համար ուղենիշային պետք է լինի այն, որ իր գործողության արդյունքում մարդը փաստացի զրկվում է ազատությունից եւ որ հենց ինքն է պետության այն ներկայացուցիչը, ով պարտավոր է երաշխավորել տվյալ մարդու իրավունքները:

Կոնկրետ միջադեպով պայմանավորված՝ իրավունքների պաշտպանության հարցում նշանակալից ներդրում ունեցող իրավապաշտպանին Ոստիկանության բաժին տանելը հանրային ընկալման տեսանկյունից կարող է ստեղծել նրա հանրային գործունեությամբ պայմանավորված լինելու տպավորություն, թեեւ, ըստ ամենայնի, Ոստիկանությունը նման նպատակ չի ունեցել:

Ուստի, կոնկրետ դեպքում անհրաժեշտ էր հաշվի առնել Հայաստանի հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանի հանրային հեղինակությունը, նրա նշանակալից ավանդը մարդու իրավունքների պաշտպանության, մեր երկրի իրավական համակարգի զարգացման հարցում ու այն փոքր միջադեպը, որին ներկա են եղել Ոստիկանության ծառայողներ»։

 

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ