News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ջո Բայդենի նոր վարչակազմի արտաքին քաղաքականության եւ աշխարհայացքի առաջնահերթությունները հակասելու են մի շարք հարցերում Թուրքիայի դիրքորոշմանը, հայտնում է Axios-ը։

ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիայի կարիքն ունի Ռուսաստանին զսպելու, Իրանին հակազդելու եւ Մերձավոր Արեւելքում մյուս ճգնաժամերի կարգավորման ջանքերում։ Բայց սպասվում է, որ Բայդենի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ հարաբերությունները լարված կլինեն։

Էրդողանն անձնական սերտ կապեր էր հաստատել Դոնալդ Թրամփի հետ, որը խոչընդոտել է Իրանի հետ գործնական հարաբերությունների եւ ռուսական Ս-400 հակահրթիռային պաշտպանության համակարգեր գնելու պատճառով Թուրքիայի դեմ պատժամիջոցների սահմանմամնը։ (Ս-400-ի գնումը հանգեցրեց նրան, որ ԱՄՆ-ն Թուրքիային հանեց F-35-ի ծրագրից)։ Թրամփը նաեւ Էրդողանին իր ռազմական գործողությունների լիակատար ազատություն է տվել Սիրիայում։

Այն բանից հետո, երբ Թրամփը հեռանա պաշտոնից, Անկարան կմնա առանց նրա վահանի։ Պակաս բարեհամբույր Սպիտակ տան դեպքում հնարավոր պատժամիջոցները ոչ միայն վնաս կհասցնեն տնտեսությանը, այլեւ կխափանեն ՆԱՏՕ-ի դաշնակցի միջազգային  հեղինակությունը։

Բայդենն Էրդողանին «ավտոկրատ» է անվանել եւ ասել, որ կաջակցի ընդդիմության ջանքերին։ Բայդենը նաեւ ակնարկել է, որ Թուրքիան նպաստել է ԻԼԻՊ-ի ուժեղացմանը՝ օտարերկրյա գրոհայիններին թույլ տալով հատել Սիրիայի սահմանը։ Վերջնարդյունքում նա ստիպված էր էրդողանից պաշտոնապես ներողություն խնդրել։ 2014 թվականին Բայդենի արտահայտությունները վերջերս Թուրքիայում վիրուսային են դարձել, ինչը Էրդողանին ստիպել է նրա վրա հարձակվել քննադատությամբ։

Էրդողանը վերջին օրերին մի քանի կարեւոր ներքաղաքական քայլեր է կատարել, ներառյալ կենտրոնական բանկի ղեկավարի փոփոխությունը, ինչը հանգեցրել է ֆինանսների նախարարի հրաժարականին (որը նաեւ նրա փեսան է)։ Էրդողանն ավելի ուշ հայտարարել էր ժողովրդավարական բարեփոխումների մոտեցող ալիքի մասին՝ մանրամասներ չբացահայտելով։ Նա ջերմ ուղերձներ էր հղել ինչպես ԵՄ-ին, այնպես էլ ԱՄՆ-ին՝ հայտարարելով, որ Թուրքիայի տեղը Եվրոպայում է, եւ որ ինքը ցանկանում է ԱՄՆ-ի հետ ավելի սերտ համագործակցել։

Եթե Էրդողանը ցանկանում է խուսափել Բայդենի վարչակազմի հետ ճգնաժամից, կարող է սառեցնել Ռուսաստանի հետ Ս-400-ի գնումը, անցկացնել խորհրդանշական ցուցադրական բարեփոխումներ։ Այդպիսի քաղաքականությունը կպահանջեր մի շարք հարցերով խոսակցություն, բայց Էրդողանն ապացուցել է, որ անցյալում եղել է բավականաչափ պրագմատիկ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ