Ռուս զինծառայողները, որոնք կմտնեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի եւ բոլոր ռազմական գործողությունների դադարեցման վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնի կազմի մեջ, հրադադարի ռեժիմի մոնիթորինգի խնդիրների համատեղ կատարման համար նախապատրաստություն են անցնում եւ պատրաստվում են մեկնել Ադրբեջանի տարածք, փոխանցում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Զինծառայողները նախապատրաստվելու ժամանակ ուսումնասիրում են համատեղ կոնտրոնի կառուցվածքը, դերը, խնդիրները եւ գործառույթները, աշխատանքի կազմակերպման կարգը, ինչպես նաեւ երկրի մշակույթը, ավանդույթները եւ առանձնահատկությունները, որի տարածքում պետք է խնդիրները կատարեն:
Համատեղ կենտրոնի անձնակազմը, որը ռուսական եւ թուրքական կողմից ներկայացված է պարիտետային հիմքով, իրադրության եւ հրադադարի ռեժիմի ու ռազմական բոլոր գործողությունների դադարեցման պահպանման վերահսկողության մոնիթորինգի խնդիրները կատարելու է անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի եւ բոլոր ռազմական գործողությունների դադարեցման վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնը տեղակայվելու է Ադրբեջանի տարածքում՝ Հուշագրի համաձայն, որը 2020 թվականի նոյեմբերի 11-ին ստորագրել են Ռուսաստանի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարները: Համատեղ կենտրոնի շտաբը ձեւավորվելու է պարիտետային հիմքով որպես հրամանատարական կետ, որում ներկայացված են յուրաքանչյուր կողմից հավասար թվով ներկայացուցիչներ՝ յուրաքանչյուր ազգային կառույցի պետով: