Նոյեմբերի 9–ի կապիտուլացիոն համաձայնագրի ստորագրումից հետո ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած պատգամավորները պարբերաբար հայտնվում են իշխանական էջերի և «ֆեյք–գրոհայինների» թիրախում։

Նախօրեին «Իմ քայլը» խմբակցությունը լքած Սոֆիա Հեվսեփյանը, անդրադառնալով արտահերթ ընտրությունների հնարավոր անցկացմանը, գրել էր. «Կուսակցական շտաբերի վարձակալության փոխարեն գումարը ուղղեք վրանների գնման կամ կացարանների սարքմանը , թե չէ անընդհատ վրան է պետք գալիս ու...»։

Այս առաջարկը, պարզվում է, նյարդայնացրել է անգամ Երևանի ավագանու նախկին անդամ (Ելք դաշինքից), «Հանրապետություն» կուսակցության անդամ Տիգրան Տեր-Մարգարյանին, ով հրապարակման տակ ոչ կոռեկտ մեկնաբանություն է գրել՝ ծաղրելով պատգամավորին. «Ժամանակին, որ պարգևավճար էիր ստանում՝ այդ գումարից հատկացներիր։ Բոխախդ կախվելա»,–նշել է քաղաքական գործիչը։

Իհարկե, չէինք անդրադառնա այս մեկնաբանությանը, եթե մեկնաբանողը քաղաքական գործիչ չլիներ, իսկ հասցեատերը՝ կին պատգամավոր։ Սակայն, պարզվում է, Տեր–Մարգարյանը ֆեյսբուքում ոչ միայն կին պատգամավորի է ծաղրում, այլև ամենավերջին հայհոյանքներով գրառումներ է անում այն քաղաքական գործիչների կամ քաղաքացիների վերաբերյալ, որոնք ընդդիմանում են Նիկոլ Փաշինյանին։

Տեր–Մարգարյանը, որը «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի համախոհն է, 2009-ին «Հայ Ազգային Կոնգրես»-ի կողմից առաջադրվել է որպես Երևան քաղաքի ավագանու թեկնածու, իսկ 2017թ.-ի Խորհրդարանական ընտրություններին ԵԼՔ դաշինքի կողմից առաջադրվել է որպես ԱԺ պատգամավորի թեկնածու։ Տիգրան Տեր– Մարգարյանի անունը կապվում է ԽՍՀՄ հայտնի բռնցքամարտիկ, Եվրոպայի բազմակի չեմպիոն Կամո Սարոյանի դստեր՝ Վարդուհի Սարոյանի (Տեր–Մարգարյանի կնոջ քույրը) ինքնասպանության և Սարոյանից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դեպքի առթիվ քննվող գործի հետ։ 

1976թ. ծնված Վ.Սարոյանը ինքնասպանություն էր գործել 2017թ. մարտի 7-ին ՝ ցած նետվելով Հրաչյա Քոչարի փողոցում գտնվող շենքերից մեկից՝ չդիմանալով իր նկատմամբ իրականացված խարդախությանն ու ունեզրկմանը։ Դեպքից մեկ ամիս առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին (պաշտոնաթող) ուղղված նամակում Սիմոնյանը պատմել էր, որ իր ունեզրկման հետ ուղղակի առնչություն ունեն պատգամավորության նախկին թեկնածու Տիգրան Տեր-Մարգարյանը և նրա ընկերը՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի եղբորորդին՝ Տիգրան Տեր-Պետրոսյանը: Քրեական գործի հարուցումից մեկ տարի անց հետախուզում հայտարարվեց Տիգրան Տեր-Պետրոսյանի նկատմամբ, որին այդպես էլ չհայտնաբերեցին։ Այդ ընթացքում Տեր–Պետրոսյանի ընկերը՝ Տիգրան Տեր– Մարգարյանն ամեն ինչ անում էր, որ իր անունը չհայտնվի մամուլում և չվտանգվի իր քաղաքական կարիերան։ Արդյունքում, դեպքից երկու տարի անց  քրեական գործի վարույթը կասեցվեց՝ մեղադրյալի գտնվելու վայրը հայտնի չլինելու հիմքով,  իսկ գործով  անցնող Տեր Մարգարյանը դարձավ Երևանի ավագանու անդամ։