News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Տպավորություն է, որ կա՛մ մարդիկ չեն հասկանում՝ ինչ է կատարվում, կա՛մ միտումնավոր չեն ուզում պատասխանել ինչ-ինչ պատճառներով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանն` անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հոխորտանքներին` կապված Սյունիքի մարզով ճանապարհային տրանսպորտի շահագործմանը:

«Ըստ երեւույթին սա այն լկտի եւ հակահայկական անբարո հայտարարությունների շարքից է, որ Ալիեւը փաստացի օր չի անցնում, որ նա այս կամ այլ կերպ չդրսեւորի իր կեցվածքը։ Եւ այո, այս պարագայում զարմացնում է միայն եւ միայն այն, որ, այո, ԱԳՆ-ն արդեն արձագանքել է, բայց իշխանական թեւից ոչ մի կերպ արձագանք չի լինում։ Ինձ մոտ տպավորություն է, որ կա՛մ մարդիկ չեն հասկանում՝ ինչ է կատարվում, կա՛մ միտումնավոր չեն ուզում պատասխանել ինչ-ինչ պատճառներով։ Թուրքիան եւ Ադրբեջանը այն կարգի պետություններն են, որոնք երբեք չեն համաձայնի այս կամ այն կերպ Հայաստանի հետ բարի-դրացիական հարաբերություններ հաստատել, որովհետեւ, որովհետեւ դա չի բխում առհասարակ իրենց ազգային կոնցեպտից, պետք է սա հստակ հասկանանք, իսկ այն վարդագույն երազները եւ ինքնախաբեությունը, որով տառապում են այսօրվա առայժմ իշխանությունները, շատ հստակ ցույց է տալիս, որ իրենք այս անգամ էլ կրկին ադեկվատ չեն գնահատում եւ ադեկվատ չեն կարողանու արձագանքել»,- ասաց նա։

Աբովյանի խոսքով` այսօրվա իշխանությունները անհասկանալի «մեղմ» են արձագանքում Թուրքիային եւ Ադրբեջանին:

«Սա առաջին լուրջ հայտարարությունը չէ։ Բնավ նպատակ չունեմ քննարկել թուրքական վիլայեթ դարձած Ադրբեջանի կառավարիչ Ալիեւի խոսքերը, բայց ինձ համար ակնհայտ է, որ ինչ վերաբերում է Թուրքիային եւ Ադրբեջանին՝ այսօրվա իշխանությունները անհասկանալի «մեղմ» են արձագանքում։ Խորհուրդ կտամ համեմատել այն արտահայտությունները, քննադատությունը եւ առհասարակ դրսեւորումը, որը փաշինյանական թեւը ցույց է տալիս ընդդիմության կամ այն մարդկանց հետ, ովքեր իրենց հետ համաձայն չեն եւ արդարացիորեն պնդում են, որ նրանք պետք է շատ շուտ հեռանան, եւ Թուրքիայի կամ Ադրբեջանի հանդեպ։ Դրա հետ մեկնտեղ եկեք նաեւ չմոռանանք, որ հենց Թուրքիան էր ամենակատաղի քննադատողը այն պրոցեսների, որոնք գնում էին Հայաստանում եւ օր չէր անցնում, որ չդատապարտեին այդ միֆական ռազմական հեղաշրջումը, որը չկար։ Փաստացի ռազմական հեղաշրջման մասին ակտիվ խոսում էին փաշինյանական թեւը եւ թուրքերը»։

Արման Աբովյանի կարծիքով` Թուրքիան եւ Ադրբեջանը ակտիվորեն պատրաստվում են լայնածավալ պատերազմի. «Ես եւ գրեթե բոլոր խոշոր վերլուծական կենտրոնները պնդում ենք, որ Թուրքիան եւ Ադրբեջանը ակտիվորեն պատրաստվում են լայնածավալ պատերազմի։ Երբ կլինի պատերազմը՝ առայժմ շատ դժվար է գուշակել շատ պարզ պատճառով․ կախված է շատ-շատ գործոններից։ Սա չի նշանակում, որ վաղը կլինի պատերազմ, բայց այն, որ պատերազմը տարածաշրջանային զարգացումների տրամաբանության մեջ անխուսափելի է, անխուսափելի է։ Ադրբեջանը 2 միլիարդ 700 մլն դոլար ռազմական բյուջե ունի, 2021 թվականին այն ավելացրել է 500 մլն-ով։ Գրեթե ամեն օր իրենց այս կամ այն ռազմական ուժերի ստորաբաժանումները մասնակցում են զորավարժությունների։ Ընդ որում զորավարժությունները անկացվում են Հայաստանի Հանրապետության սահմանի ամբողջ երկայնքով։ Վերջերս ավարտվեց իրենց պատմության ամենախոշոր ձմեռային զորավարժությունները, եւ շուտով Նախիջեւանում են սկսելու զորավարժություններ։ Դրա հետ մեկտեղ ո՛չ Ալիեւը, ո՛չ էլ Թուրքիան բացի Հայաստանին սպառնալով ցույց են տալիս, որ նրանք չեն դիտարկում եւ չեն դիտարկի Հայաստանը վնազագույնը որպես գործոն, որի հետ կարելի լեզու գտնել։ Այստեղ խնդիրը մենք չենք, այլ իրենք։ Պատրաստվում են լայնածավալ պատերազմի, որի իրադարձությունները, ըստ իրենց հաշվարկի, տեղի են ունենալու Հայաստանի Հնարապետության եւ Արցախից մնացած փորքիկ տարածքում, որը դեռ օկուպացված չէ։ Եւ հենց այստեղ է գալիս մեր դաշակից եւ բարեկամ Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցությունը ավելի խորացնելու հրամայականը»։

Աբովյանը կարծում է, որ առաջին հերթին այս իշխանությունը պետք է հեռանա, եւ շատ լուրջ պետք է գնահատվի եւ վերլուծվի իրավիճակը եւ արվեն հետեւություններ։

«Քանի որ իշխանությունները, ըստ իրենց գործողությունների, ապրում են իրենց գլխի մեջ կառուցված զուգահեռ աննորմալ իրականությունում, կարծում եմ նրանց մոտ այդ խորքային գիտակցությունը չկա, իսկ եթե կա էլ, իրենք ինչ-որ գործողություն չեն ձեռնարկում, այլ շարունակում են ըստ էության թուրքավայել քաղաքականություն վարել, այստեղ բազմաթիվ հարցեր են առաջ գալիս։ Ըստ էության մենք ունենք շատ հստակ իրավիճակ․ Թուրքիան եւ Ադրբեջանը նախապատրաստվում են պատերազմի եւ դա չեն թաքցնում, իսկ իշխանությունները ոչ մի ադեկվատ արձագանք ընդհանրապես չեն տալիս, զբաղված են իրենց աթոռները պահպանելու գործով: Առաջին հերթին այս իշխանությունը պետք է հեռանա, եւ շատ լուրջ պետք է գնահատվի եւ վերլուծվի իրավիճակը եւ արվեն հետեւություններ։ Այո, պետք է Հայաստանում ռազմական կոմպոնենտը վերականգնվի։ Շտապ պետք է վերականգնել եւ խորքային զարգացնել մեր հարաբերությունները Ռուսաստանի Դաշության հետ բոլոր ուղղություններով։ Մենք բոլորս պետք է հասկանանք, որ որքան մենք լինենք ուժեղ եւ պատրաստված, այնքան պատերազմը կհետաձգվի, հավանականությունն էլ կնվազի։ Բայց քանի դեռ նրանք իշխանության գլխին են եւ այս աբսուրդը շարունակվում է, ես կարծում եմ, որ մեր վիճակը օրեցօր դառնում է անելանելի»,- եզրափակեց նա։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ