News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը


ՀՀ սահմանադրական դատարանում այսօր՝ մարտի 23-ին, ՀՀ քրեական օրենսգրքի 300.1֊րդ հոդվածի սահմանադրականության հարցի քննության վերաբերյալ նիստին դատավոր Վահե Գրիգորյանը չի մասնակցում։ ՍԴ նախագահ Արման Դիլանյանը հայտնեց, որ նրա վերաբերյալ սույն գործով կա անհնարինության որոշում։

Նիստի իրավազոր լինելուց հետո ՍԴ դատավոր Արեւիկ Պետրոսյանը միջնորդություն ներկայացրեց՝ գործը ՍԴ֊ի կողմից բանավոր ընթացակարգով քննելու վերաբերյալ։

Նա ասաց, որ մարտի 16-ին քննության է առնվել դատավոր Հրայր Թովմասյանի եւ իր կողմից ներկայացված միջնորդությունը՝ անցնել բանավոր դատաքննության, հաշվի առնելով գործի հասարակական մեծ հնչեղությունը, գործի հանգամանքների առավել արդյունավետ բացահայտման անհրաժեշտությունը, հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ գործով որոշում չի ընդունվել, այսինքն՝ չի եղել մերժման մասին որոշում, այս փուլում եւս դատավորը դրեց Ռոբերտ Քոչարյանի դիմումի մասով հարցը բանավոր ընթացակարգով դատաքննության անցնելու միջնորդությունը։

Դատավոր Պետրոսյանը նշեց միջնորդության հիմքում ընկած պատճառաբանությունները.

«Հասարակական մեծ հնչեցություն ունեցող սույն գործով բանավոր դատաքննությունը մեծապես կնպաստի գործի հանգամանքների, այդ թվում՝ դատավարության կողմերի հակադրվող դիրքորոշումների հիմնավորվածության, հրապարակային, բազմակողմանի եւ օբյեկտիվ բացահայտմանը, դրանով իսկ տեղի չի տրվի կամ կբացառվի ՍԴ-ի անկախության եւ անաչառության վերաբերյալ հանրային վստահությունը նվազեցնող, ՍԴ-ի գործողությունները, դատական ակտերը հրապարակային կասկածի տակ առնող, ինչպես նաեւ ՍԴ դատավորի արդարադատության իրականացմանը միջամտելուն, նրա քաղաքական զսպվածությունը, չեզոքությունը, մասնագիտական եւ անձնական որակները հրապարակայնորեն կասկածի տակ առնելուն վերաբերող մեկնաբանություններին։ Այս գործով բանավոր դատաքննությունը կնպաստի ինչպես գործի հանգամանքների առավել արդյունավետ բացահայտմանը, այնպես էլ ՍԴ-ի նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը»։

Արեւիկ Պետրոսյանն ընդգծեց, որ գործի հասարակական հնչեղությունը պայմանավորված է ինչպես Ռոբերտ Քոչարյանի անձով, գործի հանգամանքներով, այնպես էլ հանրային իշխանության կողմից այս գործի նկատմամբ ցուցաբերած հետաքրքրություններով.

«Սահմանադրական արդարադատության զարգացումների մեջ ՍԴ-ի համար էական նշանակություն է ունեցել անհատական դիմումների քննության ինստիտուտի ներդրումը ՍԴ-ում, որը մեր պետության, ժողովրդավարության, իրավական պետության ճանապարհով ունեցել է եւ գնահատականին արժանանալու համար ունեցել է հսկայական նշանակություն։ Անհատական դիմումների վերաբերյալ փոփոխությունն իրականացվել է 2005 թվականի Սահմանադրական փոփոխությունների արդյունքում, որի նախաձեռնությունն իրականացրել է Ռոբերտ Քոչարյանը։ Ինչպես ցանկացած ոք, այնպես էլ սույն դիմողն իրավունք ուներ ՍԴ ներկայացնել իր դիմումները եւ պատշաճ, հրապարակային քննության իրավունք եւս նա ունի»։

ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը եւս միացավ Արեւիկ Պետրոսյանի միջնորդությանը.

«Որքան էլ մենք ասենք՝ սա սովորական մի գործ է եւ քննվում է ՔՕ 300.1 սահամանդրականությունը, այն վերջին 2 տարում դադարել է բացառապես լինել մեկ հոդվածի սահամանդրականությունը լուծելու հարց, դրա շուրջը ծավալված հասարակական-քաղաքական քննարկումները։ Կարծում եմ՝ դա ՍԴ-ին պարտավորեցնում է, որպեսզի մնա իր բարձր դիրքում, որպեսզի կասկած չթողի հանրության մոտ, որ ՍԴ-ն այս ամբողջ ընթացքում անաչառ էր եւ իր համար զուտ իրավական վերլուծություններն ու փաստերն էր։ Հակառակ պարագայում կստեղծվի եւ կխորանա այն դիտարկումները, որ ՍԴ-ի շուրջ վերջին 2 տարում ընթացող պրոցեսներն ունեցել են բացառապես քաղաքական նպատակներ։ ՍԴ-ն պարտավոր է ապացուցել, որ դա այդպես չի»։

ՍԴ նախագահ Արման Դիլանյանն առաջարկեց՝ ընդմիջել նիստը եւ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնել խորհրդակցական սենյակում, մինչդեռ Հրայր Թովմասյանը եւ Արեւիկ Պետրոսյանը դեմ արտահայտվեցին։

Թովմասյանն էլ իր հերթին շեշտեց, որ ընդմիջումն իր համար անհասկանալի է, որեւէ որոշում խորհրդակցական սենյակում չի որոշվում. «Խորհրդակցական սենյակի մասին խոսք գնալ չի կարող։ Ումից ենք ինչ թաքցնում»։

ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանն ասաց, որ որոշման կայացման հարթակներն են դռնբաց դատական նիստում որոշում կայացնելը կամ հեռանալով խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելը. «Իմ կարծիքով՝նիստը ընդմիջելու պարագայում որեւէ դատավարական գործողություն որոշման քննարկման եւ ընդունման տեսքով չի կարող տեղի ունենալ»։

Հրայր Թովմասյանն ասաց, որ ընդմիջման ժամանակ որեւէ մեկի հետ որեւէ բան չի պատրաստում քննարկել. «Ես գնալու եմ իմ աշխատասենյակ։ Դրված է հարցը, դրեք քվեարկության»։

Արեւիկ Պետրոսյանը հիշեցրեց ՍԴ աշխատակարգը՝ նշելով, որ միջնորդության վերաբերյալ որոշում պետք է կայացվի քվեարկությամբ։

ՍԴ նախագահը լսելով դատավորների դիրքորոշումները՝ հանեց իր առաջարկությունը. «Եթե կարող է կասկած առաջանալ, որ դատավորներ կաշկանդված են նիստի իրականացման ֆորմատից ելնելով արտահայտելու իրենց դիրքորոշումը, ապա հանում եմ իմ դիրքորոշումը»։

Հիշեցնենք, որ ՍԴ-ն 2019-ի հուլիսի 18-ին որոշում էր կայացրել՝ կասեցնել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի եւ Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ ՔՕ 300.1 հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործերի վարույթները, եւ կարծիքներ ստանալու համար դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան եւ Վենետիկի հանձնաժողով։

Նշված կառույցներից պատասխան ստացվեց 2020 թվականի ամռանը։ Վենետիկի հանձնաժողովի կարծիքով՝ սահմանադրական կարգի դեմ ուղղված հանցագործությունների ձեւակերպման հարցում միջազգային պրակտիկայում միասնական մոտեցում չկա. պետությունների մի մասում հղումները վերաբերում են Սահմանադրությանն ամբողջությամբ, մյուսներն ուղղակի հղում են կատարում սահմանադրական կարգը պահպանելու անհրաժեշտությանը՝ առանց սահմանելու այն։

Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին նիստ էր նշանակվել, սակայն ԱԺ-ն ՍԴ-ին միջնորդություն էր ներկայացրել՝ խնդրելով հետաձգել քննությունը, նշելով, թե պետք է ծանոթանա Վենետիկի հանձնաժողովի կարծիքին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ