News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Սերբիայի եւ Կոսովոյի առաջնորդները վերսկսել են ԵՄ միջնորդությամբ բանակցությունները: Բայց Բրյուսելում Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի եւ Կոսովոյի նոր վարչապետ Ալբին Կուրտիի հանդիպումը, կարծես, մեծ առաջընթաց չի բերել բանակցություններում, որոնք առաջին անգամ սկսվել են 2011-ին եւ փակուղի են մտել նախորդ տարվանից, հայտնում է AP-ն:

«Դա հեշտ հանդիպում չէր, բայց կարեւոր էր, որ դա տեղի ունենար»,- ասել է բանակցությունների հարցով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Միրոսլավ Լայչակը: «Եվրամիության համար կարեւորն այն է, որ երկու առաջնորդներն էլ վերահաստատեն, որ Կոսովոյի եւ Սերբիայի միջեւ հարաբերությունների կարգավորումն այլ ճանապարհ չունի»։

Երկու երկրներին էլ ասվել է, որ նրանք չեն կարող հույս ունենալ, որ առաջ կընթանան ԵՄ-ին անդամակցելու իրենց ջանքերում, քանի դեռ չեն լուծել իրենց տարաձայնությունները:

Ե՛ւ Վուչիչը, ե՛ւ Կուրտին հանդիպումից հետո առանձին հայտարարություններում քննադատել են միմյանց դիրքորոշումները: Վուչիչը նշել է, որ Կոսովոն «ցանկանում էր լսել, երբ մենք կճանաչենք անկախ Կոսովոն... եւ ես ասացի՝ երբեք»: Նա ցավով նշեց, որ Կոսովոյի մոտեցումը «ոչ մի ընդհանուր բան չունի իրականության եւ պատասխանատվության հետ»:

Կուրտին ասել է, որ առաջարկել է Կոսովոյի եւ Սերբիայի միջեւ խաղաղ հայտարարություն, որում «մենք որպես պետություններ խոստանում ենք միմյանց վրա չհարձակվել եւ դրանով ազդել տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության վրա»: Մյուս կողմն առաջարկել է միայն «հին գաղափարներ», ասել է նա: «Մենք փոխադարձ ճանաչման վերաբերյալ կառուցողական երկխոսության մեր պատրաստակամությունն ենք հայտնել»,- նշել է Կուրտին:

Լայչակն ասել է, որ բանակցությունները կշարունակվեն մինչ հուլիսի վերջը: Նա պնդել է, որ «Եվրամիությունը, ինչպես նաեւ Կոսովոյի եւ Սերբիայի քաղաքացիները մեծ հույսեր են կապում երկու առաջնորդների հետ, որպեսզի հաղթահարեն անցյալի ժառանգությունը եւ Կոսովոյին ու Սերբիային ուղղորդեն դեպի իրենց ընդհանուր եվրոպական ապագան` միեւնույն ժամանակ ի վիճակի լինելով կարգավորել հարաբերությունները նրանց միջեւ»:

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ավելի վաղ կոչ էր արել Բալկանյան երկրների ղեկավարներին «օգտվել հնարավորությունից» «նոր խթան» ունենալու համար եւ առաջ շարժվել բանակցություններում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ