Սոթքի հանքի շահագործումը մեծ հարցականի տակ է։ Այս մասին ասել է «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, ՀՅԴ ներկայացուցիչ, նախկինում՝ Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը Վարդենիսի բնակիչների հետ դաշինքի հանդիպման ժամանակ։
«Պատերազմի հետեւանքներն զգում է ամբողջ մարզն ու Վարդենիսի շրջանը՝ մասնավորապես։ Արդյունքում՝ թշնամին մոտեցել է Վարդենիսի սահմաններին։ Եթե իշխանությունը վերարտադրվի, նրանք, ովքեր ձայն կտան նրանց, պետք է հասկանան, որ թշնամուն կբերեն իրենց օջախների մոտ։ Սա չափազանցություն չէ։ Ազատվել կարելի է միայն իշխանությանը հեռացնելով եւ պատասխանատու իշխանություն ձեւավորելով։
Վարդենիսի շրջանում ծանր խնդիրներ կան։ Սոթքի շահագործումը մեծ հարցականի տակ է (70 տոկոսը հանձնված է Ադրբեջանին – խմբ.)։ Քարվաճառի ճանապարհի կառուցումից հետո նկատելի աշխուժություն կար, բայց ժողովրդի աշխատանքով կառուցված ճանապարհը տրվեց թշնամուն»,- փաստել է Սաղաթելյանը։