«Երեւան` իմ սեր» բարեգործական ծրագրի շինարարական աշխատանքների մեկնարկն ազդարարվել է Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի եւ «Երեւան` իմ սեր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպման ժամանակ:
Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ըստ այդմ, բարեգործական այս ծրագրի շրջանակում, Երեւանի Կոնդ թաղամասի Սուրբ Հովհաննես եկեղեցու շրջակայքում կիրականացվեն մշակութային արժեք ներկայացնող երեք շենքերի վերականգնման աշխատանքներ: Վերականգնված շենքերից մեկը կծառայի որպես մսուր` ծնողազուրկ խուլ ու համր երեխաների համար: Մյուս շենքը կլինի հատուկ կարիքներ ունեցող, անապահով ընտանիքների ու միայնակ մայրերի երեխաների կենտրոն: Երրորդ շենքը կծառայի որպես համայնքային կենտրոն` թաղամասի բնակչության համար:
Երեւանի քաղաքապետը, գնահատելով ծրագիրը, նշել է, որ այն կնպաստի Երեւանն աշխարհին ավելի ճանաչելի դարձնելուն: Բարեգործական այս ծրագիրը, ըստ Կարեն Կարապետյանի, համագործակցության լավ հրապարակ է բազմաթիվ նոր ծրագրերի իրականացման համար. «Սա նաեւ յուրօրինակ կամուրջ է քաղաքային իշխանությունների եւ գործարար շրջանակների միջեւ: Այս գաղափարը կարող է իր շուրջը համախմբել հայրենասեր, գործունյա եւ բանիմաց մարդկանց»,-նշել է քաղաքապետը:
Արմեն Սարգսյանը հույս է հայտնել, որ այս ծրագրի նախաձեռնությունը վարակիչ կլինի եւ սկիզբ կհանդիսանա բարեգործական այլ ծրագրերի:
Արմեն Սարգսյանը հատկանշել է, որ ծրագրի նվիրատու բարերարների մեծ մասը ազգությամբ հայ չեն, երբեք չեն եղել մեր հայրենիքում, բայց շատ են սիրում Հայաստանը:
Նշենք, որ «Երեւան` իմ սեր» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում ճարտարապետական կարեւորություն ունեցող եւս երեք շենք կկառուցվի Երեւանում: Ինչպես եւ ծրագրի առաջին փուլի երեք շենքերը, այս շենքերը նույնպես շինարարության ավարտից հետո կծառայեն սոցիալական ծրագրերի իրականացմանը:



























