News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը իր վերջին հարցազրույցում արած հայտարարությամբ, ըստ էության, ընդունում է այն փաստը, որ ադրբեջանական զորքերը գտնվում են ՀՀ տարածքում: Այս մասին «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԱԳՆ լրատվության եւ հանրային դիվանագիտության վարչությունից՝ ընդգծելով, որ դա ոչ այլ ինչ է, քան միջազգային իրավունքի կոպիտ ոտնահարում:

Արտգործնախարարությունից նաեւ շեշտել են, որ Ադրբեջանի նախագահի այդ սադրիչ գործողություններն ուղեկցվում են այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» ձեւակերպման շրջանառմամբ, ինչն ամբողջովին հակասում է հայտնի եռակողմ հայտարարություններին:

Անդրադառնալով վերջին պատերազմի վերաբերյալ Ալիեւի մեկնաբանություններին՝ ԱԳՆ-ից նշել են, որ թեեւ Ադրբեջանի նախագահը հստակորեն ցույց է տալիս, որ Արցախի դեմ սանձազերծված պատերազմը նպատակ է ունեցել տարածաշրջանի քարտեզից ջնջելու Լեռնային Ղարաբաղը, այդուհանդերձ, «Ադրբեջանի կողմից միջազգային իր հանձնառությունների վերանայումը եւ ուժի կիրառումը չի կարող հանգեցնել միջազգային ասպարեզից Լեռնային Ղարաբաղի անհետացմանը»։

Հարց. Ադրբեջանական AzTV պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Հայաստանի Հանրապետության նկատմամբ տարածքային հավակնություններ ներկայացնող հերթական հայտարարություններն է արել: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ հայտարարությունները:

Պատասխան. Ադրբեջանի նախագահն իր հարցազրույցում հանդես է եկել մի շարք մեկնաբանություններով, որոնցից կանդրադառնանք մի քանիսին, որոնք ակնառու ցույց են տալիս ուժի կիրառումը տարածաշրջանային քաղաքականության գործիք դարձնելու Ադրբեջանի ղեկավարության մոտեցումները։ Առաջին, վերոնշյալ հարցազրույցում Ադրբեջանի նախագահը, ըստ էության, ընդունում է այն փաստը, որ ադրբեջանական զորքերը գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում՝ դա արդարացնելով այն պնդմամբ, որ «Զանգեզուրը մեր նախնիների հողն է»։ Սա ոչ այլ ինչ է, քան միջազգային իրավունքի կոպիտ ոտնահարում, քանի որ միջազգային ոչ մի նորմ կամ սկզբունք չի ընդունում հարեւան պետության տարածքի օկուպացման փորձը՝ պատմական նմանօրինակ, տվյալ դեպքում՝ խեղաթյուրված «հիմնավորմամբ»։

Հարկ է նշել, որ այս սադրիչ գործողություններն ուղեկցվում են Ադրբեջանի նախագահի կողմից այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» ձեւակերպման շրջանառմամբ, ինչն ամբողջովին հակասում է 2020թ․ նոյեմբերի 9-ի եւ 2021թ հունվարի 11-ի եռակողմ համատեղ հայտարարություններին, որոնք պարունակում են տարածաշրջանում առկա տնտեսական եւ տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման դրույթը։ Ադրբեջանական կողմը հասկանալով միջազգային իրավունքը խախտող իր այս պահանջների հիմնազուրկ լինելը՝ փորձում է որպես փաստարկ ներկայացնել խնդիրն ուժի կիրառմամբ լուծելու իր պատրաստակամությունը։

Երկրորդ, Ադրբեջանի նախագահը հստակորեն մատնանշում է, որ Արցախի դեմ սանձազերծված պատերազմը նպատակ է ունեցել տարածաշրջանի քարտեզից ջնջելու Լեռնային Ղարաբաղը, իսկ Արցախի ժողովրդին զրկելու իր հայրենիքից։

Լեռնային Ղարաբաղը՝ որպես տարածքային միավոր, ճանաչված է մի շարք միջազգային փաստաթղթերում, որոնց մեծամասամբ միացել կամ իր համաձայնությունն է հայտնել նաեւ Ադրբեջանը։ Ադրբեջանի կողմից միջազգային իր հանձնառությունների վերանայումը եւ ուժի կիրառումը չի կարող հանգեցնել միջազգային ասպարեզից Լեռնային Ղարաբաղի անհետացմանը։ Այս մոտեցումն ակնհայտորեն հետապնդում է Արցախի ժողովրդի մարդու իրավունքների, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի եւ Արցախի տարածքային ամբողջականությունը ոտնահարելու նպատակ։

Երրորդ, Ադրբեջանը պնդում է, որ հետպատերազմյան շրջանում կարողացել է միջազգային հանրությանը պարտադրել իր օրակարգը։ Մենք չենք ժխտում, որ նման փորձեր Ադրբեջանը կատարել եւ կատարում է, եւ այդ փորձերի հիմքում ընկած է Հայաստանի տարածքային ամբողջականության խախտմամբ ղարաբաղյան հակամարտությունը միջազգային օրակարգից դուրսբերման մոտեցումը։ Այն հանգամանքը, որ միջազգային հանրությունը՝ ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության, համանախագահող երկրների եւ բազմաթիվ այլ միջազգային դերակատարների հստակ արձանագրում է, որ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված չէ, լավագույնս փաստում է, որ Բաքվի այս փորձերը ձախողվել են։

Չորրորդ, Ադրբեջանը շարունակում է պատերազմի հումանիտար հետեւանքների ոչ թե հաղթահարման այլ խորացման քաղաքականությունը, ինչն արտահայտվում է ռազմագերիների, պատանդների եւ պահվող այլ քաղաքացիական անձանց փոխանակման իր մասով ստանձնած պարտավորության առկախմամբ ու վերջիններիս նկատմամբ քրեական շինծու հետապնդմամբ եւ հայատյացության շարունակական խրախուսմամբ։

Հինգերորդ, ուժի, ուժի սպառնալիքի կիրառումը չի կարող ստեղծել տեւական խաղաղություն եւ հղի է տարածաշրջանի բոլոր երկրների եւ ժողովուրդների համար վտանգներով։

Հայաստանը հետեւողականորեն հանդես է գալու Արցախի տարածքում արցախահայության ինքնորոշման իրավունքի իրականացման, Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության պաշտպանման դիրքերից՝ հիմնվելով միջազգային իրավունքի վրա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ