News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Շոտլանդիայի առաջին նախարար, Շոտլանդական ազգային կուսակցության (ՇԱԿ) ղեկավար Նիկոլա Սթերջենը հույս ունի, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը կընտրի համագործակցության ճանապարհը տարածաշրջանի անկախության նոր հանրաքվեի հարցում։ Այս մասին ասվում է նրա ելույթի այն հատվածներում, որով նա պետք է հանդես գա երկուշաբթի ՇԱԿ օնլայն կոնֆերանսի փակման ժամանակ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Իմ մոտեցումը կառավարմանը եւ քաղաքականությանը կառուցվելու է, որքան հնարավոր է, համագործակցության, այլ ոչ թե առճակատման վրա։ Հենց այդ պատճառով, ելնելով համագործակցության ոգուց, ես հույս ունեմ, որ Շոտլանդիայի եւ Մեծ Բրիտանիայի կառավարությունները կհասնեն համաձայնության, ինչպես հաջողվեց դա անել 2014թ., եւ այնպես կանեն, որպեսզի շոտլանդացի ժողովրդի դեմոկրատական ցանկությունները լսեն եւ նրանց հարգանքով վերաբերվեն։ Միանգամայն ակնհայտ է. դեմոկրատիան պետք է հաղթանակի, եւ այդպես էլ կլինի»,- քաղաքական գործչի ելույթը մեջբերում է PA գործակալությունը։

«Մեծ Բրիտանիան, ի վերջո, երկրների կամավոր միություն է։ Մինչեւ վերջերս ոչ ոք լրջորեն կասկածի տակ չէր դնում Շոտլանդիայի ժողովրդի ընտրելու իրավունքը՝ ցանկանո՞ւմ է նա դառնալ անկախ, թե՞ ոչ,- ասվում է Սթերջենի ելույթում։- Անկեղծ ասած, Վեսթմինսթրի (բրիտանական խորհրդարան) իշխանությունները չէ, որտեղ ներկայացված է ՇԱԿ ընդամենը վեց պատգամավոր, որ պետք է որոշեն մեր ապագան՝ առանց այստեղ ապրող մարդկանց համաձայնության»։

Սթերջենը կարծում է, որ 5,5 մլն բնակչություն ունեցող տարածաշրջանի առանձնացման դեպքում Լոնդոնի եւ Էդինբուրգի փոխգործակցությունն ընդամենը ավելի կամրանա։ «Անկախ Շոտլանդիայի եւ Մեծ Բրիտանիայի մյուս մասերի համագործակցությունը  կշարունակվի, բայց էլ ավելի ամուր հիմքով, Շոտլանդիան հավասար գործընկեր կլինի»,- կարծում է նա։

Անցած շաբաթ Սթերջենը հավաստիացրել էր, որ նախատեսում է պլեբիսցիտ անցկացնել մինչեւ 2023թ. վերջը եւ որ այդ պլանները, որոնք դադարի վիճակի են բերվել կորոնավիրուսի համավարակի պատճառով, անփոփոխ են։ Իսկ Լոնդոնում հետեւողականորեն հայտարարում են, որ չեն պատրաստվում Էդինբուրգին նման իրավունք տալ՝ կարծելով, որ շոտլանդացիներն արդեն արել են իրենց ընտրությունը յոթ տարի առաջ։

Շոտլանդիայի անկախության հանրաքվեն տեղի է ունեցել 2014թ.։ Նրա մասնակիցների մոտ 55 տոկոսը կողմ է եղել Էդինբուրգի եւ Լոնդոնի միջեւ միության պահպանմանը։ Սակայն ՇԱԿ-ը օգտվել է 2016թ. համաբրիտանական հանրաքվեի արդյունքներից Եվրամիությանը հետագա անդամակցության մասին, այդ ժամանակ Շոտլանդիայի բնակչությունը, ի տարբերություն ընդհանրապես Մեծ Բրիտանիայի, չի աջակցել Brexit-ին։ Այս հանգամանքը շոտլանդացի ազգայնականներին առիթ է տվել առաջ քաշել անկախության նոր հանրաքվեի գաղափարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ