
Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հանդիպումը տեւել է մոտ 3 ժամ։ Այս մասին հայտնել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Մամուլի համար հայտարարություն չի արվել։
Բանակցությունների ընթացքում երկու երկրների առաջնորդները քննարկել են տնտեսությանը, միջազգային հարաբերություններին առնչվող հարցեր։ Պուտինը նշել է Սիրիայի եւ Լիբիայի իրավիճակի հարցով երկու երկրների փոխգործակցությունը։
Նա առանձին անդրադարձել է ԼՂ-ում հրադադարի ռեժիմի վերահսկման կենտրոնի աշխատանքին։ ՌԴ նախագահի գնահատմամբ՝ այդ համագործակցությունը «տարածաշրջանում կայունության գլխավոր երաշխիքն է»։
Օրակարգում է եղել նաեւ էներգետիկ թեման։ Պուտինն Էրդողանին շնորհակալություն է հայտնել «Թուրքական հոսք»-ի կառուցման հարցով իր դիրքորոշման համար։ Էրդողանն, իր հերթին, անդրադարձել է համատեղ ծրագրին՝ «Ակկույու» ԱԷԿ, որի առաջին էներգաբլոկը կարող է բացվել արդեն հաջորդ տարի։
Այս հանդիպումն առաջինն է վերջին մեկուկես տարվա ընթացքում։ Նախորդ հանդիպումը կայացել է 2020 թվականի մարտին Կրեմլում, երբ Էրդողանն աշխատանքային այցով ՌԴ-ում էր։ Պանդեմիայի հետ կապված իրավիճակի պատճառով բանակցություններ են անցկացվել հեռախոսով կամ տեսակապի միջոցով։