News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Պարզվում է՝ Հայաստանում սուրճի հրավերքը քրեորեն պատժելի արարք է, տեղյակ չէինք: Մեզ համար բավական տարօրինակ էր, եւ ուզում էինք պարզել, թե ինչու է Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն ուզում դառնալ Գյումրու քաղաքապետ, մենք էլ հրապարակային, քաղաքակիրթ ձեւով, նոր քաղաքական մշակույթով փորձեցինք նրան հրավիրել սուրճ խմելու, մարդու աչքերին նայելով հարցեր տալու նպատակով՝ հասարակությանն էլ հնարավորություն տալով այդ խոսակցությանը մասնակից լինել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Գյումրու ավագանու ընտրություններին մասնակցող «Թասիբով» դաշինքի քաղաքապետի թեկնածու Կարապետ Պողոսյանը՝ նշելով, որ այդ նախաձեռնությունից հետո իրեն հոկտեմբերի 6-ին ոստիկանություն են հրավիրել եւ հորդորել, որ հեռու մնա մարզպետից:

«Ոստիկանությունից հրավիրեցին եւ խնդրեցին, որ այդ մարդուց հեռու մնանք: Այս ընթացքում մեր թիմը Գյումրիում ամենաարմատական եւ պրոֆեսիոնալն է, եւ գործող իշխանությունը ուզած թե չուզած պետք է ավելի զգուշանան մենից»,- նշեց Պողոսյանը:

Նա հայտնեց, որ Հովհաննես Հարությունյանի հետ կապվել եւ հարցի շուրջ զրուցել չի ստացվել՝ մի քանի անգամ զանգահարել է նրան, բայց, ինչպես Պողոսյանն է ասում, տեսնելով իր հեռախոսահամարը՝ չի պատասխանել մարզպետը, նաեւ ֆեյսբուքի միջոցով է փորձել կապ հաստատել, բայց էլի չի ստասցվել:

«Մեր նպատակը եղել է շատ բարի, քաղաքակիրթ, ընդամենն ուզել ենք գյումրեցիներին ցույց տալ՝ ով ով է, չնայած Գյումրիում դա բոլորն էլ շատ լավ հասկանում են, գիտեն՝ թասիբը, նամուսն ինչ են, բայց եւս մեկ անգամ մենք ցանկացանք գործող իշխանությունների եւ նրանց թեկնածուի իրական դեմքը ցույց տալ: Մենք պաշտոնի չենք ձգտում, այլ լուրջ անհանգստություն ունենք, որ Գյումրիի կոլորիտը, մշակույթը կարող է խաթարվել, եւ դա կարող են անել, բնականաբար, ՀՀ սորոսական եւ թուրքահպատակ քաղաքացիները: Մենք շատ լավ հասկանում ենք, որ Հովհաննես Հարությունյանը չէր կարողանալու պատասխանել մեր հարցերին, եթե նույնիսկ փորձեր էլ դա, չէր ստացվի: Այսինքն, մենք ուզում էինք ուղղակի այդ մարդու հետ նման յուրահատուկ թեստ անցկացնելը, միեւնույն ժամանակ՝ անկեղծ պատասխաններ լսելը: Ես շատ անկեղծ եմ եղել, երբ հայտարարել եմ, որ եթե Հովհաննես Հարությունյանը կարողանա հրապարակային բանավեճի ժամանակ ապացուցի, որ կարող է  լավ քաղաքապետ լինել, ավելի լավ, քան մեր թիմում հավաքված թասիբով մարդիկ, ես մեծ սիրով իմ թիմի հետ ինքնաբացարկ կներկայացնեինք: Իրականում, Գյումրու քաղաքապետ լինելը ծանր բեռ է՝ 100 000-ից ավելի բնակչություն ունեցող քաղաք է, որի բյուջեն ավելի քիչ է, քան ԵՊԲՀ բյուջեն, եւ դրա շրջանակում այս բարդ քաղաքի կառավարումն իրականացնելը շատ բարդ գործ է, բայց մենք որոշեցինք այդ ծանր բեռը վերցնել մեզ վրա, որովհետեւ մեր քաղաքը շատ թանկ է, եւ դաշտում այլ մարդ չկա»,- նշեց Պողոսյանը:

Քաղաքապետի թեկնածուն պնդում է, որ Հովհաննես Հարությունյանը, իրականում, չի  ձգտում դառնալ քաղաքապետ, այլ մասնակցելով ընտրություններին՝ փորձում է ճանապարհ հարթել մեկ այլ անձի՝ իրենց համամասնական ցուցակի 2-րդ տեղը զբաղեցնող թեկնածուի համար:

«Ոչ թե նման տպավորություն ունեմ, այլ Գյումրիում ցանկացած դավադիր քայլ կարող է արագ բացահայտվել: Այս ընթացքում իշխանամետ շրջանակներում խոսում են, որ մարզպետը փորձում է իրեն ցուցակում հաջորդող թեկնածուի համար ճանապարհ հարթել. քանի որ իր վրա կոստյումը նորմալ նստում է, երկրորդ համարի վրա չի նստում: Երկրորդ համարը ներկա իշխանությունների շատ սիրելի Նազելի Բաղդասարյանի եղբայրն է, որը շատ լավ, երիտասարդ տղա է, բայց ընդամենը երիտասարդ տղա է կամ, ինչպես գյումրեցիներն են ասում, լավ ջահել է, բայց քաղաքապետ լինել չի կարող»,- նշեց Պողոսյանը:

Հովհաննես Հարությունյանի հետ կապ հաստատել եւ նրա տեսակետը լսել չհաջողվեց:

Տպել
Ամենաշատ