News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Մեր ծրագրում անփոփոխ է միայն Գյումրին մեր երազած քաղաքը դարձնելու դրույթը, մենք այդ նպատակին հասելու համար համագործակցելու ենք ոչ միայն մեր համախոհների, այլ նաև մրցակիցների, ընդդիմախոսների, բոլոր նրանց հետ, ովքեր ունեն Գյումրիի զարգացման իրատեսական ու հասանելի ծրագրեր: Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցում նշեց Գյումրիի ընտրություններում ՀՀԿ ցուցակը գլխավորող Արտյոմ Ղուկասյանը:

Պարոն Ղուկասյան, թեև հոկտեմբերի 17-ին Գյումրիում կայանալու են ավագանու ընտրություններ, սակայն քաղաքացիների մեծամասնությունը դրանք ընկալում է՝ որպես քաղաքապետի ընտրություններ։ Ի՞նչ մոտեցմամբ եք ընտրություններին մասնակցում դուք, արդյոք քարոզարշավը կառուցվելու է միայն ձեր անձի՞ շուրջ, թե՞ ունեք նաև ավագանու մրցունակ ցուցակ։

Այո, դժբախտաբար, քաղաքացիների մոտ կա այդպիսի վերաբերմունք ավագանու նկատմամբ։ Այն դեպքում, երբ ավագանին տեղական ինքնակառավարման համակարգի առանցքային ինստիտուտն է, քաղաքային իշխանության ձևավորման սկզբնաղբյուրը։ Այդ իմաստով՝ ինչպես ողջ նախընտրական քարոզարշավի ընթացքում, այնպես էլ՝ ընտրություններից հետո մենք ամեն ինչ անելու ենք ավագանու դերի ու կարևորության բարձրացման համար, և այդ առումով մեր քարոզարշավը ներկայացնելու է ոչ միայն իմ, այլև մեր թիմի բոլոր անդամների տեսակետները։ Ավագանին պետք է դառնա քաղաքի կառավարմանը վերաբերող գաղափարների գեներատոր։ Մյուս կողմից՝ ավագանին պետք է ամբողջ ծավալով իրացնի քաղաքապետի, նրա տեղակալների աշխատանքի վերահսկողության իր լիազորությունները՝ ապահովելով նրանց գործունեության թափանցիկությունն ու հաշվետվողականությունը։ Մեր նախընտրական ցուցակը կազմվել է՝ հենց հաշվի առնելով ապագա ավագանիում արդյունավետ աշխատանքի հրամայականը։ Մենք ունենք բավական դիվեսիֆիկացված ցուցակ՝ իրավաբաններ, տնտեսագետներ, բժիշկներ, ճարտարագետներ։ Այդ առումով, այո, ուրախությամբ կարող եմ ասել, որ մենք ունենք բավական մրցունակ նախընտրական ցուցակ։

Գյումրիի զարգացման համար պահանջվում են հսկայածավալ միջոցներ, որոնք քաղաքը չունի։ Մյուս կողմից՝ հատկապես այս նախընտրական շրջանում գրեթե բոլորի կողմից ներկայացվում են շատ հավակնոտ ծրագրեր ու խոստումներ։ Ինչպե՞ս եք դուք տեսնում այս անհամապատասխանության՝ ֆինանսների անբավարարության և մեծ պահանջների միջև տարբերության հաղթահարումը։

Այդ անհամապատասխանությունը եղել է միշտ, ցավոք, առկա է նաև այսօր և ուղեկցելու է մեզ դեռ երկար ժամանակ։ Դա ստիպում է քաղաքի կառավարման ու զարգացման ծրագրերի հարցում դուրս գալ ստանդարտ կաղապարներից, հաղթահարել նախկինից եկող իներցիան՝ եղած սուղ միջոցները բյուջեի ավանդական հոդվածներով ուղղակի ծախսելու մեխանիկական գործելակերպը։ Մեզ անհրաժեշտ է նախ մտածողության փոփոխություն, որի հիմքում կլինի ստեղծարարությունը, ամենայն նորի, այդ թվում՝ նոր ֆինանսական աղբյուրների որոնումն ու գեներացումը։ Այդ առումով Գյումրին ունի չիրացված բավական մեծ ներուժ։ Օրինակ, Գյումրին դարձել է գրավիչ զբոսաշրջային ուղղություն՝ ինչպես տեղական, այնպես էլ՝ օտարերկրյա զբոսաշրջիկների համար։ Հատկապես ամառային ամիսներին մենք ունենում ենք հյուրանոցային պահանջարկի բազմապատիկ աճ՝ առկա հզորությունների համեմատ, ինչն ակնհայտ է դարձնում նոր հյուրանոցային ու հյուրատնային հաստատությունների զարգացման հնարավորությունը։ Մեծ հնարավորություններ եմ տեսնում նաև Հայաստանում շարունակական աճ արձանագրող բարձր տեխնոլոգիական ընկերությունները՝ ստարտափները, Գյումրի ներգավվելու առումով։ Քաղաքային իշխանությունը կարող է և պարտավոր է ստեղծել բոլոր նպաստավոր պայմաններն այդ նորաստեղծ ընկերությունների համար՝ հատկապես Գյումրին գրավիչ դարձնելու համար։ Քաղաքային իշխանությունը պետք է անի ամեն ինչ՝ պայմանականորեն ասած, «Made in Gyumri» ապրանքանիշը զարգացնելու առումով, այդ թվում՝ ծառայությունների ոլորտին վերաբերող ոլորտներում։ Այդ առումով, մենք պետք է վերափոխենք Գյումրիի քաղաքապետարանի աշխատանքը բիզնեսի հետ հարաբերությունների իմաստով, քաղաքային իշխանությունը պետք է դառնա բիզնեսի թիվ մեկ գործընկերը՝ նրան ամբողջությամբ ազատելով ավելորդ բյուրոկրատիայից ու քաշքշուկներից։ Միևնույն ժամանակ, Գյումրիում գործող բիզնեսները պետք է իրենց նաև սոցիալապես պատասխանատու զգան քաղաքի ու գյումրեցիների նկատմամբ՝ ներգրավվելով սոցիալական, կրթական, մշակութային տարբեր նախաձեռնություններին։ Բոլոր այս քայլերը եթե ոչ ուղղակիորեն, ապա որպես ածանցյալ հետևանք՝ կհանգեցնեն քաղաքային բյուջեի եկամուտների ավելացմանը, ինչը, վստահ եմ, կկրճատի այն անհամապատասխանությունը, որի մասին նշեցիք ձեր հարցում։

Ըստ առաջնահերթությունների՝ որո՞նք են Գյումրիում առկա հիմնական խնդիրները, որոնց լուծմամբ անհետաձգելիորեն պատրաստվում եք զբաղվել ընտրություններում հաղթելու դեպքում։  

Ես առաջնորդվում եմ այն սկզբունքով, որ քաղաքում չկան ավելի կամ պակաս կարևոր խնդիրներ։ Եթե կա խնդիր՝ անկախ դրա մասշտաբից, պետք է այն լուծում ստանա։ Այլ հարց է, որ առաջնահերթ կարգով պետք է լուծվեն քաղաքացիների բնականոն կյանքի ու կենցաղի հետ կապված սուր խնդիրները՝ բազմաբնակարան շենքերի տանիքներ, շքամուտքեր, բակային տարածքներ, փողոցների ասֆալտապատում, լուսավորություն, թափառող շների խնդիր, որը հատկապես սուր է արտահայտված քաղաքի ծայրամասային հատվածներում։ Համակարգային լուծում պահանջող խնդիրներից է նաև տրանսպորտի հարցը, որը բավական մեծ ներդրումներ է պահանջում։ Նախընտրական ծրագրում մենք փորձել ենք համալիր կերպով անդրադառնալ բոլոր խնդիրներին։ Միևնույն ժամանակ, սակայն, մենք առաջնորդվում ենք սկզբունքով, որ ծրագիրը պետք է լինի առավելագույնս ադապտիվ, փոփոխության ենթարկվի՝ կախված ժամանակի պահանջներից ու իրավիճակներից։ Մեր ծրագրում անփոփոխ է միայն Գյումրին մեր երազած քաղաքը դարձնելու դրույթը, մենք այդ նպատակին հասելու համար համագործակցելու ենք ոչ միայն մեր համախոհների, այլ նաև մրցակիցների, ընդդիմախոսների, բոլոր նրանց հետ, ովքեր ունեն Գյումրիի զարգացման իրատեսական ու հասանելի ծրագրեր։ Գյումրին ունի բոլորիս կարիքը, և մենք՝ մեր թիմով, գալու ենք մեր ծառայությունը մատուցելու քաղաքին, որովհետև՝ մենք ենք, մեր Գյումրին։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեւանի թիվ 7 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմում առաջացել է մեկ թափուր տեղ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 43-րդ հոդվածի  4-րդ մասով…
Ընտրողներն այլևս չեն ծանուցվելու թղթային եղանակով․ ընտրական ցուցակները կտեղադրվեն ԿԸՀ-ի և ՆԳՆ-ի կայքէջերում
Բացի այդ, սա էական ծախս է բյուջեի համար։ Նշեմ, որ Երևանի ավագանու 2023 թվականի ընտրությունների համար այս նպատակով ծախսվել է շուրջ 270 միլիոն...
Դեռ վաղ է խոսել ընտրություններն ամբողջությամբ էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասին. ԿԸՀ նախագահ
Այս ընտրակարգն ունի մեկ շատ լուրջ թերություն, այն է՝ հնարավոր չի լինի կրկնակի ստուգել ընտրություններին մասնակցած անձի իսկությունը...
Ընտրական համակարգը միշտ պատրաստ է ընտրություն կազմակերպելուն. ԿԸՀ նախագահը՝ արտահերթ ընտրությունների մասին
Freedom House-ը հղում էր արել հասարակական կազմակերպությունների...
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2022-2023 ԿԸՀ թվականների գործունեության հաղորդումը
ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության...
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ամենաշատ