News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

44-օրյա պատերազմից ուղիղ մեկ տարի անց, NEWS.am-ը ներկայացնում է այդ օրերի քրոնիկոնը՝ հնարավորություն տալով ավելի սթափ հայացքով գնահատել պատերազմի ընթացքն ու իրադարձությունները։

44-օրյա պատերազմ.

Օր 19-րդ՝ հոկտեմբերի 15

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը կադրեր է հրապարակել Արցախի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված հոսպիտալներից մեկի հրիթիռակոծության հետեւանքներից:

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը գիշերը գրեց, որ հակառակորդը գրոհում է, հսկայական կորուստներ է տալիս ու հետ շպրտվում. 

«Երեկ ու այսօր գրեթե առանց զրահատեխնիկայի, շատ խիտ հրետանային կրակի տակ ադրբեջանական զորքը մեծ խտության շարասյուներով, անդադար գրոհել են մեր մի քանի մարտական դիրքերը։ Սակայն կրելով չափազանց շատ կորուստներ հետ են շպրտվել առանց որևէ հաջողության։ Որոշ տեղերում ադրբեջանական կորուստները գերազանցում են անգամ առաջին օրերի իրենց կորուստները»։

Ի՞նչ տպավորություն կարող էր ստանալ հանրությունն այս կրկնվող գրություններից. միայն այն, որ, ճիշտ է, հակառակորդը մեծ ուժերով գրոհում է, սակայն արդյունքի չի հասնում, ավելին, խոշոր կորուստներ է տալիս, եւ որ ուր որ է՝ նրա թափը կոտրվելու է։ 

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը վաղ առավոտյան գրեց, որ գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է:

«Առավոտյան հյուսիսային և հարավարևելյան ուղություններով հակառակորդը վերսկսել է հրետանային ակտիվ կրակը»,-նշել էր նա։

Արցախի պաշտպանության նախարարությունն էլ տեղեկացնում էր, որ ՊԲ ստորաբաժանումները շարունակում են վերահսկողության տակ պահել օպերատիվ-մարտավարական իրադրությունը և քայլեր են ձեռնարկում թշնամական ուժերին նոր կորուստներ հասցնելու ուղղությամբ:

Ավստրիայի խորհրդարանը միաձայն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հարցով առաջարկ-միջնորդությունը:Ավստրիայի «Հայ դատի» հանձնախումբը(նկատենք՝ ոչ թե դեսպանությունը, այլ սփյուռքյան կառույցը՝ NEWS.am)հաղորդում է, որ միջնորդությունն ընդունվել է միաձայն, միջնորդության հիմնական դրույթները վերաբերում են հրադադարին ուղղված Ավստրայի և ԵՄ-ի ջանքերին, Թուրքիայի միջամտության և զենքի մատակարարման դատապարտմանը և Վիեննայում խաղաղ բանակցություններ անցկացնելուն:

Անկախ լրագրող Լինդսի Սնելը, որն առաջիններից մեկը աշխարհին հայտնեց Արցախում կռվող սիրիացի ահաբեկիչների մասին, նոր վկայություն է հրապարակել։Նա Twitter-ի իր միկրոբլոգում գրել է. «Պատմում է Ադրբեջանից վերջերս վերադարձած Սիրիական Ազգային բանակի զինյալը.

«Ես ու եղբայրս Սիրիայում կռվել ենք ողջ պատերազմի ընթացքում, բայց նման բան չենք տեսել: Մարտերից մեկի ժամանակ 45 հոգով փոքր բլրի վրա էինք: Մեկ դիպուկահարը սպանեց 8 զինյալ «Սուլթան Մուրադ» խմբավորումիցեւ 2-ին՝ «Համզայից»: Հայերիդիպուկահարներն այնպիսին են, ինչպիսին ֆիլմերում ենք տեսել»։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում գրեց, որ Հանրապետության նախագահին միջնորդություն է ներկայացրել ՀՀ ԶՈւ 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Արայիկ Հարությունյանին գեներալ-մայորի, ՀՀ ԶՈւ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանին գեներալ-մայորի, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանին գեներալ-գնդապետի զինվորական կոչում շնորհելու մասին:

Հարց, որն օդում կախված էր ոչ միայն այս, այլեւ բազմաթիվ նման դեպքերում. իսկ ինչո՞ւ Ֆեյսբուքում, մի՞թե չկան պաշտոնական հարթակներ չէ՞ որ անվտանգության մարմիններն էին պահանջում՝ հետեւել միայն պաշտոնական լրահոսին, իսկ Ֆեյսբուքը, որտեղ յուրաքանչյուրը կարող է կեղծ օգտահաշիվ բացել, կարող է կասկածելի հավաստիության աղբյուր լինել։

Քիչ անց, նույն Ֆեյսբուքում, Նիկոլ Փաշինյանը գրեց, որ նախագահին միջնորդել էհետմահուԱզգային հերոսի կոչում շնորհելN զորամասի հրամանատար, գնդապետ Վահագն Ասատրյանին:

«Գնդապետ Ասատրյանը հերոսաբար զոհվել է երկու օր առաջ՝ հայրենիքը թուրք-ադրբեջանա-ահաբեկչական ագրեսիայից պաշտպանելիս»,-հավելել էր նա։

Արցախի Պաշտպանության բանակը նոր տեսանյութ հրապարակեց, որում  պատկերված է, թե ինչպես է հայկական կողմը ոչնչացնում թշնամական ուժերը։ Նշվում էր, որ տեսանյութը հոկտեմբերի 14-ին տեղի ունեցած ռազմական գործողություններից է։

Արծրուն Հովհաննիսյանը նոր գրառում տարածեց.

«Այս պահին թեժ մարտեր են ընթանում նույն ուղղություններում»։

Ֆեյսբուքի իր էջում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գրեց, որ իր  հրամանագրով Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:

«Փա՛ռք ու պատիվ մեր բանակին»,-հավելել էր նա։

ՀՀ Դատախազությունը նոր հաղորդագրություն տարածեց, որով իրազեկում էր, թե ինչ կոնվենցիաներ է խախտել Ադրբեջանը, որ այդ պետության ԶՈւ-ն ռմբակոծել է ՀՀ ինքնիշխան տարածքը, որ դրանց առիթով մի շարք քրեական գործեր է հարուցել, նաեւ, որ հետամուտ է լինելուհանցագործություն կատարած անձանց քրեական պատասխանատությանենթարկմանը:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ հրամանագիր է ստորագրել, որով ԱՀ տարածքում ազատ տեղաշարժվելու իրավունքի որոշակի սահմանափակումներ են մտցվել, ինչպես նաև սահմանվել է նշված տարածքից ԱՀ քաղաքացիների դուրս գալու հատուկ ռեժիմ:

Հրամանագրով Արցախից ելքը սահմանափակվել է զորահավաքային զորակոչի ենթակա ԱՀ քաղաքացիների համար և թույլատրվում է միայն հատուկ դեպքերում՝ պարետի տված անցաթղթի առկայության դեպքում։

Հոկտեմբերի 15-ին նախատեսված՝ «Քաթարէյրվեյզ» ավիաընկերության դեպի Հայաստան հումանիտար բեռ տեղափոխող Լոս Անջելես-Երևան չվերթը չի կայացել:Օդանավը պետք է անցներ Թուրքիայի օդային տարածքով, Թուրքիան, սակայն, խոչընդոտներ է հարուցել Հայաստան տեղափոխվող հումանիտար բեռի համար:

Արցախի ՊԲ-ն հրապարակեց ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողների ևս 49 անուն։

Պաշտպանության բանակը հայտնեց, որ իսկական հերոսին վայել արդյունք է գրանցել հակատանկային մարտկոցի հրամանատար, կապիտան Արսեն Գաբրիելյանը, որը կարողացել է գերազանց մասնագիտական գիտելիքների, կամային բարձր որակների եւսառնասրտության շնորհիվ շարքից հանել թշնամական 12 տանկ ու մեր ուժերի օգտին վճռել մարտական մի շարք դրվագների ելքը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասըհայտարարեց, որ կազմակերպությունը Անդրկովկասում արդեն երկխոսության հաստատում է ընթանում պատերազմող կողմերի միջեւ:

«Ակտիվ քննարկվում է խաղաղապահների հարցն այս տարածաշրջանում»,- ասել էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:

Արցախի պաշտպանության բանակը հրապարակեց տեսանյութ, որում երեւում է, թե ինչպես է ՊԲ հրետանու դիպուկ կրակով ոչնչացվում թշնամու կենդանի ուժը։

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ Ղարաբաղում խաղաղապահների տեղակայումը հնարավոր է միայն Հայաստանի եւ Ադրբեջանի համաձայնությամբ:

«Առաջնարհերթ հարցն այն է, թե արդյոք հակամարտող կողմերը, այսինքն Հայաստանն ու Ադրբեջանը, պատրաստ են դրան: Ցանկացած խաղաղապահի կամ դիտորդի տեղակայում հնարավոր է միայն կողմերի համաձայնության դեպքում»,-ասել էր նա, ավելացնելով, որ այդ հարցի  պատասխանը դեռ չեն ստացել:

Արծրուն Հովհաննիսյանը նոր գրառում թողեց.

«Հարավում ծանր ու համառ մարտեր են»։

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը քննադատել է Թուրքիայի դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում։ «Այս հարցում ռազմական հաղթանակ չի լինի, ուստի անհրաժեշտ է պահպանել հրադադարի ռեժիմը: Այսօր մենք տեսնում ենք, որ միակ երկիրը, որը հրադադարի ռեժիմի պահպանման կոչ չի անում, Թուրքիան է, եւ դա կործանարար է», - ասել էր նա գերմանացի եւ լեհ գործընկերների հետ մամուլի ասուլիսին:

«Մեզ համար ակնհայտ է, որ Թուրքիան անընդհատ սադրիչ գործողություններ է իրականացնում, որոնք անընդունելի են:Եվրամիությունը պատրաստ է փոխել ուժերի հարաբերակցությունը, եթե Թուրքիան երկխոսության չվերադառնա»,- հայտարարել էր նա:

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասին ավելի մտահոգել էր թուրք-կիպրոսյան դիմակայությունը. նա հայտարարել էր, որ Միջերկրական ծով  նավ ուղարկելու Թուրքիայի որոշումն «անընդունելի է»:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը գրեց, որ  շուրջօրյա ուսումնասիրությունները վկայում են, որ սեպտեմբերի 27-ից Արցախի ու Հայաստանի նկատմամբ ադրբեջանական մեծաթիվ զինված հարձակումներ տարբերակում չեն դնում ռազմական օբյեկտների ու քաղաքացիական բնակավայրերի միջեւ, իսկ շատ դեպքերում դրանք ուղիղ թիրախավորում են խաղաղ բնակչությանը:

«Անհրաժեշտ է րոպե առաջ, օր առաջ դադարեցնել այս արդեն բացարձակ անմարդկային դարձած վերաբերմունքը եւ ԿԽՄԿ-ի համար ապահովել իր մարդասիրական առաքելությունն իրականացնելու հնարավորություն բոլոր կողմերում: Ընդ որում, պետք է ապահովվի այդպիսի առաքելության ոչ թե ձեւական, այլ իրական հնարավորություն», շեշտել էր նա:

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հրապարակեց հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալները. խոցվել է ևս 4 աթս, 5 միավոր զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, կա 350 զոհ:

Վարչապետի խորհրդական Վաղարշակ Հարությունյանը ասուլիսում պարզաբանեց, թե երբ Երեւանը կդիմի ՀԱՊԿ-ին:

«Այդ մասին կհայտարարվի, երբ որոշում կայացվի»,-ասաց Վաղարշակ Հարությունյանը:

Պաշտպանության նախկին եւ, ինչպես ցույց տվեց ժամանակը, հաջորդ նախարարը հայտարարեց, որ այս պատերազմով Թուրքիան լուծում է իր սեփական խնդիրները:

«Դրանցից մեկն Ադրբեջանին կուլ տալն է: «Մեկ ազգ` երկու պետություն» բանաձեւը պետք է վերաձեւակերպել որպես «մեկ ազգ` մեկ պետություն»», նշեց նա:

Ըստ նրա` թուրք-ադրբեջանա-ահաբեկչական եռակողմ դաշինքի նպատակը պաշտպանության ճեղքումն էր մի քանի ուղղություններով.

«Հարավից նրանք փորձում էին կտրել Իրանի սահմանը եւ հասնել Մեղրի` կապվելով Նախիջեւանի հետ: Հյուսիսում փորձում էին մոտենալ ՍտեփանակերտինեւՔարվաճառին, կտրել Լաչինի ճանապարհը եւ շրջափակել Արցախը: «Սակայն նրանք ոչ միայն չկարողացան հասնել վերջնական նպատակին, այլեւ նույնիսկ չկարողացան հասնել առաջին օրը դրված նպատակին», ասաց նա:

Արցախի Պաշտպանության բանակը հրապարակեց նոր տեսանյութ՝ «հայկական հրետանու հերթական անվրեպ խոցումների ու թշնամական զինուժի կորուստների մասին»։

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Թվիթերի իր միկրոբլոգում գրեց, որ հոկտեմբերի 10-ին կրակը դադարեցնելու վերաբերյալ Մոսկվայում համաձայնեցված համատեղ հայտարարությունից հինգ օր անց Ադրբեջանը շարունակում է տորպեդահարել դրա իրականացումը:

«Թուրքիայի և ահաբեկիչ գրոհայինների անմիջական աջակցությամբ և մասնակցությամբ Ադրբեջանը շարունակում է լայնածավալ պատերազմն Արցախի դեմ»,–նշել էր նա։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովանհայտարարեց, որ Մոսկվայի հիմնական ուղերձն այն է, որ անհրաժեշտ է զինվորականների մասով հանդիպում կազմակերպել` ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման մեխանիզմի համաձայնեցման համար:

«Մինչեւ այժմ, որքան մեզ հայտնի է, նման աշխատանք չի տարվում: Հուսով ենք, որ այդ մեխանիզմը հնարավորինս շուտ կգործարկվի:Ինչ վերաբերում է քաղաքական կարգավորման հեռանկարներին, մենք ելնում ենք նրանից, որ այն հնարավոր եւ անհրաժեշտ է: Այն առաջարկները, որոնք մշակվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից եւ շարունակվում են մշակվել, մնում են բանակցությունների սեղանին. դրանց բովանդակությունը հայտնի է. համապատասխան շրջանների աստիճանական ազատագրում` անվտանգության երաշխիքների եւ Հայաստանի եւ Ղարաբաղի միջև հուսալի հաղորդակցման պայմանով` մինչ դրա վերջնական կարգավիճակի որոշումը»,- նշել էրԶախարովան: 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «ՌԻԱ Նովոստիին» հայտարարեց, որ Հայաստանի համար «կարմիր գիծ» է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը, որից Երեւանը չի կարող հրաժարվել:

«Այդ հարցն անձնական արկածախնդրության հարց չէ: Ես կցանկանայի, որպեսզի արդյունքում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը վերջնական լուծվի: Փոխզիջման հիմքով: Որպեսզի կայացնենք մի որոշում, որն ընդունելի կլիներ բոլոր կողմերի՝ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի համար»,-ասել էր Փաշինյանը:

Ըստ նրա՝ բլիցկրիգով Լեռնային Ղարաբաղը վերահսկողության տակ առնելու Թուրքիայի եւ Ադրբեջանի ծրագրերը տվյալ պահին ձախողված են.

«Այս պահին Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական բանակը պահում է պաշտպանությունը»,- ասել էր Փաշինյանը:

(Պաշտպանության բանակ, ոչ թե՝ ինքնապաշտպանական՝ NEWS.am

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանըգրեց, որ ձեռք է բերել հայ գերիների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի անմարդկային, դաժան վերաբերմունքը ցուցադրող երկու տեսանյութ եւ լուսանկարներ:

«Այդ տեսանյութերում Ադրբեջանի զինվորականները մարդկանց ենթարկում են առավելագույն նվաստացման, իսկ հետո բացառիկ ցինիզմով դաժանաբար սպանում: Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչների պահվածքն ու խոսքը լցված են ատելությամբ:Այս տեսանյութերը տարածվել են այսօր ադրբեջանական աղբյուրներով՝ նաեւթիրախավորելով երեխաների ու տարեցների:

ՄԻՊ աշխատակազմի փորձագետները ճշգրիտ տեղորոշել են նաեւ ադրբեջանական հանցավոր արարքների կատարման վայրն ու ժամը: Տեսանյութերն ու լուսանկարները արդեն ստացել են անհրաժեշտ իրավական ամրագրում՝ որպես պատերազմական հանցագործության մասին վկայող անհերքելի իրավական ապացույցներ:

Տեսանյութերը եւ լուսանկարները անհրաժեշտ նկարագրությամբ վաղն առավոտյան կուղարկվեն միջազգային մարմիններին՝ ըստ իրավասության»,- գրել էր նա։

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Ֆեյսբուքում գրեց, որ Արցախը մեր հայրենիքն է, մեր տունը. Իսկ հայրենիքն ու տունը չեն զիջվում, ոչ մի գնով։

«Էս պատերազմը նոր չի սկսվել։ Էս պատերազմը առնվազն մի քանի հարյուր տարի է վարում են մեր դեմ։Նպատակը տարածք պոկելը չի, Վարանդան ու Բերձորը չեն, ոչ էլ Շուշին ու Ստեփանակերտը։ Նպատակը մեր ազգի ու պետության խեղճ ու անճար բուտաֆորիայիվերածումն է, քաղաքական քարտեզից մեր վերացումը, հնարավորության դեպքում՝ ի սպառ բնաջնջումը։Սարդարապատում, Նժդեհյանգոյամարտում, Արցախյան ազատամարտում մենք դա կանխել ենք։ Փոխել ենք բանաձեւը։ Սա՛ չի ներվում մեզ։ Սա՛ էն ուզում կոտրել։ Ու մեզ նորից Դեր-Զորի գլխիկոր լուռումունջը դարձնել։Զիջեցինք Արցախը, զիջելու ենք Մեղրին ու հետո Երեւանը։ Պիտի կանգնենք, այլ տարբերակ չկա։ Մի անգամ պիտի կանգնենք մինչեւ վերջ։

Խրիմյան Հայրիկը Բեռլինի կոնգրեսից որ հետ եկավ, երկաթե շերեփից բացի մի ուրիշ բան էլ ասեց։ Ասեց՝ սերբերի թրից արյուն էր կաթում, դրա համա՛ր իրենց երկիր տվեցին։

Արցախը մեր հայրենիքն է, մեր տունը։ Հայրենիքն ու տունը չեն զիջվում։ ՈՉ ՄԻ ԳՆՈՎ։

Կեցցե հավերժական հայ ժողովուրդը։

Հաղթելու ենք։ Անկասկած հաղթելու ենք»,- գրել էր նա։

Առանց մեկնաբանության։

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարեց, որ այն, ինչ այսօր տեղի է ունենում Ադրբեջանում եւ Հայաստանում, վտանգավոր է: Նա հույս էր հայտնել, որ հայերը կկարողանան պաշտպանվել.

«Այժմ մենք ունենք թուրքեր, որոնք ներխուժել եւ ռեսուրսներ են տրամադրել Ադրբեջանին՝ ավելացնելով ռիսկը, կրակի ուժը, որը տեղի է ունենում այս պատմական ճակատամարտում Լեռնային Ղարաբաղ կոչվող վայրի համար, փոքր տարածք՝ մոտ 150 000 բնակչությամբ, բայց... բավական վիճելի: Սա վաղեմի հակամարտություն է: Այս հակամարտության լուծումը պետք է իրականացվի բանակցությունների եւ խաղաղ քննարկումների միջոցով, այլ ոչ թե զինված բախման միջոցով եւ, իհարկե, ոչ երրորդ երկրների մասնակցությամբ, որոնք կրակի ուժ են տրամադրում իրավիճակի լուծման համար, որն արդեն իսկ վառոդի տակառ է: Հուսով ենք, որ հայերը կկարողանան պաշտպանվել նրանից, ինչ անում են ադրբեջանցիները, եւ որ բոլորը, նախքան դա տեղի կունենա, կպահպանեն հրադադարի ռեժիմը, ապա կնստեն սեղանի շուրջ եւ կփորձեն հասկանալ այս իսկապես պատմական եւ բարդ խնդիրը»:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը բանակի մարտական կառավարման կենտրոնում Պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանին հանձնեց գեներալ-լեյտենանտի զինվորական ուսադիրները։

«Այսօր այցելել եմ Պաշտպանության բանակի մարտական կառավարման կենտրոն եւ բարձրաստիճան հրամկազմի ներկայությամբ նախարար Ջալալ Հարությունյանին հանձնել գեներալ-լեյտենանտի զինվորական ուսադիրները: Պատերազմն, իհարկե, չի ավարտվել, բայց այն մարտունակության, արհեստավարժության, վճռականության եւ հայրենասիրության այն բարձր մակարդակը, որն ունի մեր բանակը, վստահություն եւոգեւորություն է ներշնչում:

Ի զեն՝ հանուն մեր սուրբ հայրենիքի»,- գրել էր Արայիկ Հարությունյանը։

ՀՀ ԱԱԾ-ն կրկին հորդորեց զերծ մնալ ԶԼՄ-ներով եւ սոցիալական ցանցերով հասարակությանն առավել ընկճող, հայրենիքի պաշտպանության ընթացքում հավերժ հերոսացած մեր հայրենակիցների ընտանիքների հույզերը վեր հանող, ինչպես նաեւ անհանգստություն, խուճապ ու նմանատիպ այլ զգացողություններ պարունակող հրապարակումներ կատարելուց:

Ըստ ԱԱԾ-ի՝ «ռազմական գործողությունների այս պահերին», անհրաժեշտ է լայնորեն լուսաբանել քաջարի հայորդիների փառահեղ սխրագործություններն ու նրանց անսահման հայրենասիրության լավագույն դրսեւորումները՝ բացառապես հիմք ընդունելով պաշտոնական լրահոսում առկա համանման տեղեկությունները:

ՊՆ ներկայացուցիչ  Արծրուն Հովհաննիսյանը երեկոյան հրավիրած ավանդական ասուլիսին հայտարարեց, որ հակառակորդը  վաղ առավոտյան նորից նախաձեռնել է հարձակողական գործողություններ՝ 2-3 ուղղություններով։

«Ողջ օրվա ընթացքում համառ մարտեր են ընթացել հատկապես հարավային ուղղությամբ՝ մերձարաքսյան հատվածում, որտեղ մեր զորքերը հերոսական դիմադրություն են ցույց տալիս հակառակորդին, ընթացել են ծանր մարտեր. երկուստեք կան կորուստներ։ Հակառակորդին պատճառվել են զգալի թվով կորուստներ, որոշ բնագծերում հաջողվել է հետ շպրտել»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը։

(Քողարկված խոստովանություն, որ ոչ բոլոր բնագծերում են հակառակորդին հետ շպրտել՝ NEWS.am

Ըստ նրա՝ իրավիճակը շարունակում է մնալ ծանր.

«Մեր զորքերը հերոսական դիմադրություն են ցույց տալիս բոլոր հատվածներում։ Գիշերային ժամերին կրակի որոշակի թուլացումներ տեղի են ունենում, սակայն առավոտները նորից վերսկսում են հարձակումները»,- ասաց ՊՆ ներկայացուցիչը։

Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ հակառակորդը կիրառում է չափազանց մեծ քանակի ուժեր.

«Հատկապես հետեւակ, անդադար գրոհ, անդադար հրետանային կրակ եւօդուժի տարբեր միջոցներ»։

Ասուլիսից հետո Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքում գրառում թողեց՝ ներկայացնելով իր հռչակած «Հաղթելու ենք» կարգախոսի նորովի մեկնաբանությունը. 

«Նոր զինատեսակների կիրառությունը, նոր մարտավարությունը երբեմն խնդիրներ են առաջացնում։ Բայց դրանք երբեք որոշիչ չեն լինում եթե կա պայքարի վճռականություն։ Եթեչեսհանձնվումուրեմնհաղթումես»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ