News
Լրահոս
News
Երկուշաբթի
Նոյեմբեր 29
Տեսնել լրահոսը

ԱԺ պատգամավորներն ամբիոնից նախընտրական քարոզչություն են անցկացնում։ Նախօրեին քարոզարշավի մեկնարկը տվել է ՔՊ պատգամավորներից մեկը։ Այսօր էլ ինքնատիպ ֆլեշմոբը շարունակել է «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Արմենուհի Կյուրեղյանը։ Նրան դժկամորեն միացան իշխող մեծամասնության ներկայացուցիչները։ Մասնավորապես, Կյուրեղյանը՝ ելույթ ունենալով ամբիոնից, քաղաքացիներին կոչ արեց նոյեմբերի 14-ին եւ դեկտեմբերի 5-ին ակտիվ մասնակցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին։ Նա նշեց, որ իրենց չմասնակցությամբ քաղաքացիները մեծացնում են իշխող թիմի ներկայացուցիչների օգտին ձայների տոկոսը եւ նպաստում իշխանության վերարտադրությանը։ Ի վերջո, Կյուրեղյանը կոչ արեց քաղաքացիներին գալ ընտրատեղամասեր եւ դեմ քվեարկել գործող իշխանությունը ներկայացնող թեկնածուներին։ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը պատգամավորներին կոչ արեց դադարեցնել խորհրդարանական ամբիոնը նախընտրական քարոզչության համար օգտագործելու պրակտիկան։ Ռուբինյանի կոչը առաջինը խախտեց նրա կուսակից Վահագն Ալեքսանյանը։

«Տիկին Կյուրեղյան, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերաբերյալ ձեր հայտարարությամբ բացեցիք Պանդորայի արկղը, ձեր թույլտվությամբ կփակեմ»,-ասաց պատգամավորը եւ արեց հակառակը։ Նրա խոսքով՝ «Հայաստան» խմնակցությունն իր PR մասնագետների առաջարկով խուսափում է ընտրություններին անմիջական մասնակցությունից, քանի որ այն թեկնածուները, որոնց մարդիկ կապում են դաշինքի առաջնորդ, հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, առաջացնում են քաղաքացիների բացասական արձագանքը։ «Գորիսում ընտրարշավի ողջ ընթացքում «Հայաստան» դաշինքը փորձում էր չմիջամտել նախընտրական քարոզարշավին։ Եվ հետո, երբ Առուշ Առուշանյանը հաղթեց, իհարկե, հասկանալի կերպով, նրանք սկսեցին հայտարարել իրենց հաղթանակի մասին»,-ասաց Ալեքսանյանը։

Դիմելով Կապանի բնակիչներին՝ նա նշեց, որ նման «օպերացիա» է անցկացվում նաեւ այնտեղ։    

«Ռոբերտ Քոչարյանի թիմը սատարում է Գեւորգ Փարսյանին։ Ընտրելով Փարսյանին՝ դուք ընտրում եք Ռոբերտ Քոչարյանին»,-ասաց պատգամավորը՝ իսպառ մոռանալով, թե որն է Գյումրիի իշխանության ներկայացուցչի կարգախոսը։ Այնտեղ պատկերված էր Նիկոլ Փաշինյանի դիմանկարը։ Այդուհանդերձ, Ռուբինյանը, չգիտես ինչու, անտեսեց այս ելույթը։ Ընդդիմության կողմից համապատասխան առարկություններից հետո նա միայն նշեց, որ Կյուրեղյանը սկսել է նախընտրական քարոզարշավը։ Թեման շարունակեց «Հայաստան»-ի պատգամավոր Աննա Գրիգորյանը։ «Իշխող ուժում կա մարդ, ով խիստ մտահոգված է Հայաստան խմբակցության ապագայով։ Նրան այնքան է անհանգստացնում, որ վախենում եմ, որ ընտրություններում իր ձայնը տվել է «Հայաստան»-ին։ Մեզ համար այդքան անհանգստանալու կարիք չկա։ Ավելի լավ՝ մտածեք ձեր մասին»,-ասաց Գրիգորյանը։   

Նա նշեց, որ Գորիսում հաղթանակ է տարել մի մարդ, ով իր ողջ կյանքը նվիրել է քաղաքին։ «Նա գորիսեցիների հետ է եղել պատերազմի ժամանակ, որին իրական մասնակցություն է ունեցել՝ ի տարբերություն նրանց,ովքեր միայն սելֆի են անում»,-ասաց պատգամավորը։ Գրիգորյանը իշխող մեծամասնությանը հիշեցրեց նաեւ վերջին անհաջողությունները։ «Իշխող ուժը պարտություն կրեց ոչ միայն Գորիսում, այլեւ Գյումրիում եւ Մեղրիում։ Այնպես որ, մեզ դասեր մի տվեք։ Դուք դրա համար ոչ հիմք ունեք, ոչ՝ իրավունք»,-ընդգծեց Գրիգորյանը։

Դիմելով Կապանի բնակիչներին՝ նա հորդորեց ակտիվորեն մասնակցել ընտրություններին. «Հուսով եմ՝ ճիշտ ընտրություն կկատարեք՝ ձեր ձայները տալով նրան, ով ձեզ հետ է եղել ե՛ւ պատերազմից առաջ, ե՛ւ պատերազմի ժամանակ»,-ասաց պատգամավորը։ Ռուբինյանը դժգոհեց, որ «այս Պանդորայի արկղը» չպետք է բացվեր։ «Այս թեմայով խոսեց նաեւ տիկին Գրիգորյանը։ Հիմա հաջորդ պատգամավորը, տեսնում եմ նրա աչքերի փայլից, նույնպես կանդրադառնա այս թեմային, ու նիստը կվերածվի ընտրարշավի։ Շրջեք քաղաքներով եւ այնտեղ անցկացրեք ձեր նախընտրական քարոզարշավը»,-նշեց ԱԺ փոխնախագահը։    

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել