News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ղրղզստանում իշխանության բռնազավթման փորձ է կանխվել: Այս մասին ուրբաթ հայտնել է հանրապետության Ազգային անվտանգության պետական ​​կոմիտեի (ԱԱՊԿ) մամուլի կենտրոնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«ԱԱՊԿ-ն ՆԳՆ-ի հետ միասին ճնշել է հանցավոր խմբի գործունեությունը, որը բռնի ուժով բռնազավթում է ծրագրում երկրում»,- ասվում է հայտարարության մեջ։

Մամուլի կենտրոնի հաղորդմամբ՝ Ազգային անվտանգության պետական ​​կոմիտեի եւ ՆԳՆ-ի կողմից «առաջիկա խորհրդարանական ընտրությունների անվտանգությունն ապահովելու» աշխատանքների ընթացքում տեղեկություններ են ստացվել մի խումբ անձանց մասին, որոնք ծրագրում են ընտրություններից անմիջապես հետո երկրում ստեղծված հասարակական-քաղաքական իրավիճակի «ապակայունացման նպատակով սադրանքներ կազմակերպել»` հետագա իշխանության բռնազավթմամբ»: Այս փաստի առթիվ արդեն իսկ նախաքննություն է սկսվել՝ Հանրապետության քրեական օրենսգրքի «Իշխանության բռնազավթման նախապատրաստում» հոդվածով։

Կասկածյալները, որոնց անուններն ու ազգանունները դեռեւս չեն հրապարակվում, խորհրդարանական ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո, «հաշվի առնելով որոշ քաղաքական ուժերի, այդ թվում՝ ընտրություններում պարտվածների աջակցությունը», ծրագրել են զանգվածային բողոքի ակցիաներ կազմակերպել Բիշքեկի տարածքում։ Նրանք մտադիր էին նաեւ բախումներ հրահրել իրավապահների հետ։

Ինչպես նշել են Ազգային անվտանգության պետական ​​կոմիտեում, այս ծրագրերի իրականացման համար կասկածյալները ցանկացել են մոտ 1000 «ագրեսիվ երիտասարդների» ներգրավել։ «Խմբի հանցավոր գործունեությունը կանխարգելիչ կերպով ճնշելու նպատակով այս տարվա նոյեմբերի 26-ին ԱԱՊԿ-ն եւ ՆԳՆ քննիչները խուզարկություններ են իրականացրել ակտիվ մասնակիցների բնակության վայրերում եւ նրանց վարձակալած գրասենյակում. ինչի արդյունքում, բացի հանցագործության նախապատրաստությունը հաստատող փաստաթղթային նյութերից, հայտնաբերվել եւ առգրավվել է հրազեն, զինամթերք եւ թմրամիջոց»,- նշվում է հաղորդագրության մեջ։ Այս գործի շրջանակներում բերման է ենթարկվել 15 անձ։

«Ներկայումս այս քրեական գործով քննչական գործողությունները շարունակվում են, վերոնշյալ հանցավոր խմբի մյուս անդամների ինքնությունը պարզվում է, նրանց գործողություններին նույնպես կտրվի համապատասխան իրավական գնահատական»,- վստահեցրել են մամուլի կենտրոնից։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ