News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 18
USD
454.86
EUR
478.29
RUB
7.18
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանը նոյեմբերի 26-ին ընդունել է Հայաստանոմ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յոնգին:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը ներկա են եղել բարեկամական խմբի անդամներ Բաբկեն Թունյանը, Լենա Նազարյանը, Գուրգեն Արսենյանը:

Ողջունելով հյուրին՝ Հակոբ Արշակյանը գոհունակությամբ արձանագրել է, որ Հայաստանում Չինաստանի դեսպանության եւ ՀՀ Ազգային ժողովի միջեւ առկա է արդյունավետ համագործակցություն: Այս հարցում ԱԺ փոխնախագահն ընդգծել է դեսպանի ուրույն դերակատարությունը:

«Հայ-չինական հարաբերությունները շարունակում են վերընթաց ուղի ապահովել, փոխվստահության ու փոխըմբռնման ընդլայնման հնարավորություններ կան: Հայաստանը շահագրգիռ է խորացնելու երկկողմ հարաբերությունները տարբեր ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական եւ հումանիտար»,-փաստել է խորհրդարանի փոխխոսնակը:

Դեսպանն իր հերթին բարձր է գնահատել Հայաստանի եւ Չինաստանի միջեւ քաղաքական երկխոսության մակարդակը: Ըստ Ֆան Յոնգի՝ պետք է ակտիվացնել խորհրդարանական փոխգործակցությունը, հաճախակի դարձնել փոխայցերը, որոնց թիվը նվազել է համավարակի պատճառով:

Որպես բարեկամական խմբի ղեկավար՝ Հակոբ Արշակյանն առանձնակի կարեւորել է այս ձեւաչափի գործուն նշանակությունը օրենսդիրների միջեւ շփումների ակտիվացման եւ երկկողմ օրակարգի առաջմղման հարցում:

Լենա Նազարյանն անդրադարձել է կորոնավիրուսային համավարակի դեմ համատեղ պայքարին եւ այս հարցում կարեւորել Չինաստանի աջակցությունը մեր երկրին:

Գուրգեն Արսենյանը երկկողմ համագործակցության ընդլայնման համատեքստում խոսել է կրթական, մշակութային ծրագրերի իրականացման անհրաժեշտության մասին եւ հավելել, որ դա հնարավորություն կտա երկու ժողովուրդներին փոխադարձաբար ծանոթանալու մշակութային արժեքներին:

Բաբկեն Թունյանը, կարեւորելով տնտեսական համագործակցության խթանումը,  կարծիք է հայտնել, որ չնայած համավարակին՝ տնտեսական հարաբերությունների զարգացման դինամիկան հիմնականում պահպանվել է: Պատգամավորն անդրադարձել է երկկողմ ապրանքաշրջանառության ծավալների մեծացման անհրաժեշտությանը:

Կողմերը կարեւորել են նաեւ համագործակցության խթանումը զբոսաշրջության ոլորտում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ