News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Կան որոշակի հակասություններ մինչեւ 2040 թվականը Հայաստանի կառավարության էներգետիկ զարգացման ռազմավարական ծրագրի եւ իշխանության ընթացիկ գործողությունների միջեւ, որը հակված է «կանաչ» էներգետիկային եւ հայտարարում է մոտ հեռանկարում մեծացնել վերականգնվող էներգետիկայի մասնաբաժինը մինչեւ 15 տոկոս: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկայի ոլորտում փորձագետ Վահե Դավթյանը:

Նրա գնահատմամբ՝ Հայաստանում մեծացել է վերականգնվող (մասնավորապես, արեւային) էներգետիկայի բաժինը, հնարավոր է, բացառապես ՋԷԿ-ի մասնաբաժնի նվազման եղանակով, քանի որ երկրում կա էլեկտրաէներգիայի սպառման սահմանափակ շուկա եւ արտահանման սահմանափակ հնարավորություններ, այսինքն՝ այսօր հզորություններն ավելացնելը տնտեսապես նպատակահարմար չէ:

Նա նշել է, որ այդ նախագիծը, որը երկար տարիների ընթացքում քննադատվել է ակտիվիստների կողմից, որոնք այսօր իշխանության ղեկին են, գրեթե կյանքի է կոչվել:

«Երեւանում նոր ՋԷԿ-ը կոչված է փոխարինել երկրում խոշորագույն էներգետիկ օբյեկտը՝ Հրազդանի ՋԷԿ-ը, որը հնացած է եւ արդիականացման ենթակա չէ: Ուստի նոր ՋԷԿ-ը կարելի է դիտարկել Հայաստանի էներգետիկ անվտանգության եւ ներքին շուկայում էլեկտրաէներգիայի կայուն մատակարարումների համատեքստում», - հավելել է Վահե Դավթյանը:

Նա պարզաբանել է, որ նոր ջերմային էլեկտրակայանը, ի տարբերությունը Հայաստանում գործող մյուս ՋԷԿ-երի, կունենա ավելի բարձր ՕԳԳ. ստեղծված են լավ պայմաններ սակագների շուրջ, սակայն կարիք չկա խոսել այն մասին, որ այդ օբյեկտի աշխատանքի մեկնարկը կունենա մուլտիպիկատիվ ազդեցություն Հայաստանի ամբողջ էներգահամակարգի համար եւ կանդրադառնա կարճաժամկետ հեռանկարում սակագնային քաղաքականության վրա:

«Դրա համար մենք չունենք հիմքեր, քանի որ միայն մեկ օբյեկտի շնորհիվ վերանայել սակագնային քաղաքականությունը, որը կիրառվում է ամբողջ համակարգում, հնարավոր չէ: Բավականին մեծ վարկային բեռ կուտակելու եւ էներգետիկ համակարգի ցածր արդյունավետության պատճառով ներկայում գրեթե անհնար է կրճատել էլեկտրաէներգիայի սակագները: Երեւանում նոր ՋԷԿ-ը կստեղծի որոշակի մրցունակություն, սակայն սակագների նվազման մասին խոսել պետք չէ: 2022 թվականից, ինչպես հայտարարում են իշխանությունները, Հայաստանն անցում է կատարում էլեկտրաէներգետիկայի շուկայի լիբերալացված մոդելին, եւ ուշադրությունը կսեւեռվի գործընթացներին, որոնք տեղի են ունենում էլեկտրաէներգետիկայի շուկայում, այսինքն՝ էլեկտրաէներգիայի գները կթելադրվեն շուկայական իրավիճակով», - նշել է փորձագետը:

ՋԷԿ-երի համար սակագնային կարգավորման առումով բավականին հարմարավետ պայմանների ձեւավորումը այլ օբյեկտների համեմատ, ըստ նրա, որոշակի առավելություններ է ստեղծում, եւ «Երեւանի ՋԷԿ»-ի հետ կապված սակագնային քաղաքականությունը պետք է դիտարկել էներգետիկ շուկայի ազատականացման համատեքստում։

«Եթե այս ՋԷԿ-ը կարողանա ապահովել ավելի ցածր սակագին, քան մյուս արտադրողներինը, ապա ազդեցությունը դրական կլինի։ Սակայն պրակտիկան ցույց է տալիս, որ էլեկտրաէներգիայի շուկայի ազատական ​​մոդելին անցնելու առաջին տարիներին հիմնականում հակառակ գործընթաց է նկատվում՝ սակագների բարձրացման տեսքով», - ասել է նա։

Ինչ վերաբերում է արտահանմանը, ապա այստեղ խնդիրն ավելի շատ աշխարհաքաղաքական է։

«Վրացական ուղղությամբ մենք արդեն դարձել ենք էլեկտրաէներգիայի նետտո ներմուծող։ Դա հատկապես արտահայտվեց Հայկական ԱԷԿ-ի 141 օրով կանգնեցման ժամանակ։ Ինչ վերաբերում է իրանական ուղղությանը, ապա կան որոշակի կայուն մատակարարումներ։ Առկա հզորությունները, չհաշված Երեւանի ՋԷԿ-ը, բավարար են տարեկան 1.5 մլրդ կՎտ/ժ ծավալով արտահանման համար։ Իրան մատակարարվող էլեկտրաէներգիայի մասնաբաժնի ավելացման մասին խոսելն ավելորդ է, առաջին հերթին ներկայիս իշխանությունների վարած ձախողված քաղաքականության պատճառով՝ կապված «Հյուսիս-Հարավ» էներգետիկ միջանցքի իրականացման հետ։ «Իրան-Հայաստան» երրորդ էլեկտրահաղորդման գծի շինարարական աշխատանքները ներկայումս սառեցված վիճակում են, թեեւ այս նախագծով նախատեսվում էր եռապատկել Հայաստանի եւ Իրանի միջեւ փոխհոսքերը։ Ինչ վերաբերում է «Հայաստան-Վրաստան» նոր գծին, ինչպես նաեւ «Դդմաշեն» ենթակայանին, ապա 2018 թվականից հետո ՀՀ իշխանությունները հայտարարեցին նախագծի վերանայման մասին։ Այս ընթացքում խորը վերափոխումներ տեղի ունեցան վրացական շուկայում, որտեղ ավելանում էր ռուսական եւ ադրբեջանական էլեկտրաէներգիայի մասնաբաժինը։ Արդյունքում կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ մենք ավելի շատ էլեկտրաէներգիա կներկրենք, քան կարտահանենք։ Սա ավելի քան համահունչ է էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացմանը, որը միտված է արտաքին խաղացողների համար դարպասները բացելուն», - ընդգծել է փորձագետը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 29-ին Երեւանում շահագործման է հանձնվել 254 ՄՎտ հզորությամբ համակցված շոգեգազային ցիկլով նոր կայանը։ Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նույն օրը հայտարարեց, որ դրա գործարկումը կնվազեցնի էլեկտրաէներգիայի սակագինը։ Սակայն բառացիորեն երկու օր առաջ Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը նշեց, որ 2022 թվականի փետրվարի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը կարող է բարձրանալ։

Գնել Սանոսյանը նոյեմբերի 29-ին հայտարարել է նաեւ տարածաշրջանային շուկաներ էլեկտրաէներգիայի արտահանման ծավալները զգալիորեն ավելացնելու ծրագրերի մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ