News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


1988թ. դեկտեմբերի 7-ի Սպիտակի աղետալի երկրաշարժը մոտ 25 հազար մարդու կյանք խլեց, շուրջ 500 հազարից ավելի մարդ անօթեւան մնաց: Թեեւ ավերիչ երկրաշարշից արդեն 33 տարի է անցել, բայց բազմաթիվ ընտանիքներ մինչ այժմ տնակներում ու կենցաղային նվազագույն պայմաններ չունեցող հանրակացարանային բնակարաններում են ապրում. շատերն արդեն հույսը կորցրել են, որ մի օր իրենց բնակարանն են ունենալու…

«Պետությունից հույս չունենք, եթե բարերարներ գտնվեն… Ամուսինս վարորդ է, ես էլ եմ աշխատում, բայց այնպիսի աշխատանքներ չեն, որ կարողանանք բնակարան գնել: Տնակներից ոչ մեկն էլ գոհ չէ՝ անձրեւ է, ցուրտ է, մանավանդ, այս ձմեռն ահավոր է՝ վառելիք չունենք, շատ քիչ է, եթե հիմա վառենք, դեկտեմբերը, երեւի, չհասցնենք»,- ասում է տնակում բնավող մի կին:

Գյումրիի մի բնակչուհի էլ երկրաշարժի ժամանակ ոչ միայն տունն է կորցրել, այլեւ երկու աղջիկներն են զոհվել:

«Ահավոր էր… Մի աղջիկս տանն էր, մյուսը՝ երկրորդ դպրոցում, ես էլ երրորդ դպրոցում էի: Երկրորդ դպրոցում եղած աղջկաս սիրտը վախից ճաքել էր, 4 օր ման եկանք, չգտանք, հետո հանել, դրել էին պատի տակ… մյուս աղջկաս, որը տանն էր այդ պահին, էջմիածինցիներն օգնեցին, հանեցինք փլատակների տակից, բայց արդեն լրիվ ջախջախված էր… Ուղղակի սարսափելի է էդ պահերը հիշելը: Տնակ տվեցին, դրեցինք Շահումյան փողոցի վրա, հետո, երբ աճուրդ արեցին, ու մենք ազատեցինք տարածքը, այս տնակը գումարով վերցրի, սկսեցինք ապրել: Տնակի շուրջը քարով պատեցինք, բայց էլի նույնն տնակն է՝ մի քարե պատը նույնն է, ինչ թիթեղյա պատը: Ահավոր է այստեղ, մեկ էլ տեսար՝ առնետները տուն են մտնում, անընդհատ թակարդ եմ դնում, որսում, որ սնունդը չտանեն»,- պատմեց տարեց կինը:

«Անցած տարի մարզպետարան դիմում են ներկայացրել, ոչ մի պատասխան չեմ ստացել, առ էսօր էլ պատասխան չկա: Եկել են, նկարել են, ոչ մի պատասխան հեչ մեկից չունեմ: Տուփեր եմ վառում, հին շորեր, կոշիկ, ինչ ձեռքս ընկնում է, վառում եմ»,- պատմում  է տնակում բնակվող Գյումրիի մեկ այլ բնակչուհի:

Խորհրդային տարիներից մնացած հանրակացարանային մի շենքում էլ անօթեւան մնացած մոտ 10 ընտանիք է ապրում:

«Փետ էլ չունեմ, որ վառեմ, ժամերով էս պլիտան եմ միացնում, որ տաքանանք: Գազ չկա՝ բալոն ենք առել, ջուրը պադվալից ենք բերում: Ու՞ր էրթամ, տուն չունիմ, ես իմ տունը նպատակի համար եմ ծախել, 9 տարի մարդուս փրկել եմ»,- պատմում է հանրակացարանային շենքում բնակվող մի տարեց կին: Այստեղ բնակվող ընտանիքները եւս կենցաղային տարրական պայմաններից զրկված են:

Տպել
Ամենաշատ