News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կիպրոսի ուղղափառ եկեղեցու առաջնորդ, արքեպիսկոպոս Խրիզոստոմոս II-ը կղզու բնակչությանը կոչ է արել պաշտպանել իրենց իրավունքները, շարունակել պահանջել թուրքական զորքերի դուրսբերումը Կիպրոսի տարածքից եւ պատրաստ լինել իրենց դիրքերի պաշտպանությանը, եթե Թուրքիայի հետ հակամարտությունն ավելի սրվի։ Այդ մասին նա շաբաթ օրը հայտարարել է հավատացյալներին ուղղված սուրբծննդյան ուղերձում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք պետք է մնանք միասնական եւ անսասան՝ մեր իրավունքները պաշտպանելու, հաստատակամ եւ վճռական՝ բռնազավթիչ զորքերի դուրսբերման, փախստականներին իրենց նախնիների տները վերադարձնելու մեր պահանջի հարցում, եւ միեւնույն ժամանակ պատրաստվենք պաշտպանության՝ հակամարտության հնարավոր սրացման դեպքում»,- ասվում է արքեպիսկոպոսի ուղերձում։

Կիպրոսի եկեղեցու առաջնորդն ընդգծել է, որ կղզու բնակիչները 47-րդ անգամ են Սուրբ ծնունդը նշում «մի պառակտված երկրում, որտեղ մարդկանց մեկ երրորդը լքել է իր նախնիների տունը», եւ որտեղ շատ մարդիկ դեռ անհետ կորած են համարվում։ Արքեպիսկոպոսը կղզու բնակիչներին խնդրել է չմոռանալ իրենց մարտական ոգու մասին, քանի որ «զավթողի պահվածքը» թույլ չի տալիս հանգիստ լինել։

Նա հավելել է, որ Քրիստոսը եկել է մարդկանց մոտ, որպեսզի պաշտպանի նեղացածներին եւ օգնի նրանց, ովքեր պայքարում են արդարության համար, եւ դա, ըստ արքեպիսկոպոսի, թույլ է տալիս հավատացյալներին չկորցնել հույսը։ «Բայց անհրաժեշտ է, որ մենք շարունակենք մեր պայքարը՝ հայացքն ուղղելով դեպի Քրիստոսը»,- հավելել է նա։

Կիպրոսը բաժանված է ըստ ազգային պատկանելության՝ կղզին Հունաստանին միացնելու կողմնակիցների կողմից պետական հեղաշրջման հետեւանքով 1974 թվականին Թուրքիայի զինված ներխուժումից հետո: Ռազմական գործողությունների արդյունքում Թուրքիայի վերահսկողության տակ է հայտնվել Կիպրոսի տարածքի մոտավորապես 37%-ը, որի վրա 1983 թվականին ձեւավորվել է Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը (ՀԿԹՀ), որը ճանաչվել է միայն Անկարայի կողմից։ Կղզու հարավային մասը մնացել է Կիպրոսի Հանրապետության վերահսկողության տակ, այն հիմնականում բնակեցված է կիպրացի հույներով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ