Մեծ Բրիտանիան ավարտել է ռազմական մարզումներն Ուկրաինայում, եւ երկրում մնացել են միայն այն բրիտանացի զինվորականները, որոնք պաշտպանելու են դեսպանին, ասել է Մեծ Բրիտանիայի զինված ուժերի նախարար Ջեյմս Հիփին։
Մեծ Բրիտանիան Ուկրաինային մատակարարել է պաշտպանական սպառազինություն եւ ապահովել ուսուցանող անձնակազմով։
«Ուկրաինայում մնացել է ոչ մեծ ջոկատ, որը պետք է պաշտպանի դեսպանին ու նրա թիմին»,- ասել է Հիփին «Բի բի սի»-ին։ «Բացի այդ, մեր ամբողջ ուսումնական գործունեությունն ուկրաինացիների հետ դադարեցվել է, եւ մենք հստակ հայտարարել ենք, որ Մեծ Բրիտանիան չի մասնակցի որեւէ հակամարտության Ուկրաինայում»։