News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կապրոֆեր․ այսպես է կոչվում ՀՀ ԳԱԱ օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի գյուտերից մեկը՝ արագ գործող արյունականգ դեղամիջոցը։ Երբ սկսվեց 44-օրյա պատերազմը, ինստիտուտի աշխատակիցները օրուգիշեր գործեցին՝ փորձելով օգնել առաջնագծում վիրավորված զինծառայողներին։

Սա մեկն է այն 4 դեղամիջոցներից (գանգլերոն, դիտիլին, թիյոդին, կապրոֆեր), որոնք այսօր արտադրում է ինստիտուտը։ Ընդ որում, գանգլերոնը, դիտիլինը և թիյոդինը նաև արտահանվում են Ուկրաինա, Վրաստան և Բելառուս։ Իսկ նախորդ տարիներին այստեղ ստեղծվել է  14 անուն դեղամիջոց։

Ինստիտուտի գործունեության հիմնական ոլորտն է սրտանոթային հիվանդությունների, նյարդա և հոգեկան խանգարումների, բորբոքային պրոցեսների, չարորակ նորագոյացությունների և լեյկոզների, տարբեր վարակների բուժման համար, ինչպես նաև վիրաբուժության մեջ օգտագործվող դեղամիջոցների հայտնաբերումը:

Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտը նախկին Խորհրդային Միության առաջատար գիտահետազոտական կենտրոններից էր, որտեղ հիմնարար հետազոտություններ էին իրականացվում օրգանական քիմիայի տարբեր դասերի միացությունների սինթեզի ոլորտում՝ կենսաբանական ակտիվ նյութերի նոր տեսակներ գտնելու նպատակով, ինչպես նաև ուսումնասիրվում էին դրանց կենսաբանական հատկությունները և ստեղծվում էին նոր դեղամիջոցներ։

Ինստիտուտի արդյունավետ գործունեությանը նպաստում է ինստիտուտի խորը մտածված կառուցվածքը, որը բաղկացած է սերտորեն փոխազդող բաժիններից՝ քիմիական, կենսաբանական, ֆիզիկաքիմիական, դեղագործական լաբորատորիաներ և խմբեր, ինչպես նաև փորձարարական արտադրություն։ Այսինքն՝ առկա են բոլոր պայմանները դեղերի ստեղծման համար՝ լաբորատորիայից մինչև դեղատուն։

Ինստիտուտը կառուցված է ըստ քիմիական օբյեկտներին ներկայացվող շինարարական նորմերի և պահանջների, բաղկացած է իրարից առանձնացված մի շարք փոքր ցածրահարկ մասնաշենքերից, որոնք տեղակայված են բնակելի շինություններից և մարդաշատ փողոցներից հեռու, մեծ ջրավազանի շուրջ։ Ջրավազանը նույնպես շատ կարևոր նպատակի էր ծառայում՝ գոլորշիներով չեզոքացնում է քիմիական լաբորատորիաների անխուսափելի արտանետումները։ Այն նաև արտադրության համար անսպառ ջրի աղբյուր է,  ինչպես նաև այդ ջուրը կարող էր օգտագործվել հնարավոր հրդեհի դեպքում։

Այս ենթակառուցվածքների մեծ մասն այսօր էլ դեռ պահպանվում է ու համապատասխան քաղաքական կամքի դրսևորման և ֆինանսների ներդրման դեպքում հնարավոր է ինստիտուտը նորովի վերագործարկել։ Բայց առայժմ ամեն ինչ կարծես թե հակառակ ուղղությամբ է գնում։

Անկախացումից հետո ինստիտուտը գիտական մյուս հաստատությունների պես ծանր տարիներ ապրեց։ Թեև այն ընդգրկված է Արաբկիր վարչական շրջանի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում, ինստիտուտի շենքերի և հողատարածքների մի մասը օտարվեց, և 10 հեկտար տարածքից մնաց 6-ը։ 2006 թվականին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի քիմիական ոլորտի օպտիմալացման արդյունքում երեք կառույցի՝ Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի, Օրգանական քիմիայի ինստիտուտի և Մոլեկուլի կառույցի ուսումնասիրման կենտրոնի միավորմամբ ստեղծվեց ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնը, որը տեղակայվեց Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի տարածքում, իսկ Քանաքեռում գտնվող Օրգանական քիմիայի ինստիտուտի 6 հեկտար տարածքը և շենքերը անհատույց օտարվեցին։

Բայց անգամ այս ծանր պայմաններում Կենտրոնի քիմիկոսները, կենսաբաններն ու ֆիզիկոսները շարունակում են արդյունավետ զբաղվել գիտությամբ, ճանաչված են ողջ աշխարհում և տպագրվում են բարձր վարկանիշ ունեցող գիտական ամսագրերում։ Կենտրոնում աշխատում են բարձր որակավորում ու միջազգային ճանաչում ունեցող մասնագետներ, այն հագեցած է ժամանակակից թանկարժեք սարքավորումներով և իրականացնում են միջազգային մակարդակի հետազոտություններ: Կենտրոնի գիտական արտադրանքը կազմում է ՀՀ գիտական արդյունքի զգալի մասը:

Օրինակ, Մոլեկուլի կառույցի ուսումնասիրման կենտրոնին դեռ 1997 թվականին ԱՄՆ կառավարության դրամաշնորհով հաջողվել էր ձեռք բերել 250 հազար դոլար արժողությամբ ՄՄՌ (միջուկային մագնիսական ռեզոնանսի) սպեկտրոմետր, որը հիմա էլ, իր ավելի երիտասարդ «գործընկերոջ» հետ միասին, որը ձեռք է բերվել 2019 թվականին 600 հազար եվրոյով՝ ԳԱԱ խնայած միջոցներով, շարունակում է ծառայել հայ գիտնականներին։

Այսօր Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնում իրականացվում են 15 թեմատիկ դրամաշնորհային ծրագրեր, այդ թվում՝ երկու առաջատար հետազոտությունների աջակցության ծրագրեր։ Կենտրոնն ունի  250 աշխատակից, որոնցից  180-ը՝ գիտաշխատողներ են, որոնցից շուրջ 70-ը՝ երիտասարդներ։

Առաջատար հետազոտությունների աջակցության ծրագրով Մոլեկուլի կառույցի ուսումնասիրման կենտրոնի օպտիկական սպեկտրոսկոպիայի լաբորատորիայում Գարիկ Մարտիրոսյանի գիտական խումբը Հեմ-մոդելավորող համակարգերի կիրառությամբ հետազոտում է տարբեր կենսաբանական և էկոլոգիական պրոցեսներն ու դրանց մեխանիզմները։ Ուսումնասիրվում են նաև այդ համակարգերի փոխազդեցությունները ազդանշանային մոլեկուլների (O2, NO, CO, H2S) հետ:

Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի հոգեմետ միացությունների սինթեզի լաբորատորիայում Սամվել Սիրականյանի գիտական խումբը շարունակում է զբաղվել գրականության մեջ անհայտ հետերոցիկլիկ համակարգերի սինթեզով: Թեմայի նպատակը՝ նոր, ավելի արդյունավետ դեղամիջոցների փնտրտուքն է, ինչպես նաև գիտական նոր կադրերի պատրաստումը:

Եվս մեկ հետաքրքիր ծրագիր է նոր խմբերի մեկնարկի նախագիծը, որի շրջանակում Կենտրոնում իրականացվում են իոնական հեղուկների հետազոտություններ։ Սա ամբողջ աշխարհում զարգացող նոր ճյուղ է: Իոնական հեղուկները լայնորեն կիրառվում են գիտության եւ տեխնոլոգիայի տարբեր ճյուղերում՝ քիմիայում, ֆիզիկայում, բնապահպանության ոլորտում, կենսատեխնոլոգիայում, ֆիզիոլոգիայում, հրթիռաշինության, նավթարդյունաբերության, դեղագործության մեջ և այլ։ Ծրագրվում է վերսկսել պոտենցիալ իոնական հեղուկներ հանդիսացող չորրորդային ամոնիումային աղերի հետազոտությունները, որոնց հիմքը ժամանակին հենց քիմիայի ինստիտուտում դրել է նշանավոր քիմիկոս, ակադեմիկոս Արաքսի Բաբայանը։

2021-22 թվականի գիտության ֆինանսավորման զգալի ավելացումը թույլ տվեց Կենտրոնին ձեռք բերել ևս մեկ գերժամանակակից սարք՝ բարձր լուծողականության մասս սպեկտրոմետր, որը ՄՄՌ սպեկտրոմետրերի հետ միասին կօգտագործվի ամենաարդիական հետազոտությունների համար։

Ինչպես նշում է կենտրոնի գիտաշխատող Աստղիկ Շահխաթունին, ՄՄՌ սպեկտրոսկոպիայով հետազոտում են, օրինակ, նյութի տարբեր իզոտոպների հարաբերական բաղադրությունը, կամ այսպես կոչված էնանտիոմերները՝ միևնույն ֆիզիկական և քիմիական հատկություններով, բայց հայելային կառուցվածքով միացությունները։ Դա շատ կարևոր է ժամանակակից դեղագործության համար, քանի որ դեղանյութերի տարբեր էնանտիոմերները ունեն տարբեր կենսաբանական ակտիվություն։ Հայտնի է տալիդոմիդ դեղամիջոցի սկանդալային պատմությունը, որը շատ վատ կողմնակի ազդեցություններ ունեցավ հենց էնանտիոմերների տարբերությունները հաշվի չառնելու պատճառով։

Նոր սարքերի կիրառման մյուս ուղղությունը սննդամթերքի և այլ նյութերի որակի և անվտանգության վերահսկողությունն է։ Օրինակ, ներկրվող վառելանյութի, կամ դեղամիջոցների, որը ևս ազգային անվտանգության հարց է։ Կամ, օրինակ, Եվրոպայում գինիների որակն ու համապատասխանությունը այժմ արդեն ստուգվում է այս մեթոդով, և դրա համար բոլոր գինեգործական տարածքները հստակ քարտեզագրված են։ Քանի որ Հայաստանում նման ստուգում չի կատարվում, հայկական գինիները չեն կարող առաքվել եվրոպական շուկա։ Այս բոլոր խնդիրները կարող է լուծել ՀՀ ԳԱԱ օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնը։

Բացի այդ, կենտրոնի մասնագետները, համագործակցելով Կիրառական քիմիայի ինսիտուտի հետ, փոքր քանակությամբ սինթեզում են տարբեր կիրառական նշանակություն ունեցող քիմիական նյութեր, որոնք արտահանվում են Եվրոպական երկրներ և Ճապոնիա։ Սա, ինչպես նշում է ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի գիտական հարցերի գծով տնօրենի տեղակալ Ռոբերտ Հակոբյանը, կենտրոնում պահպանված այսպես կոչված կիլոլաբերի առավելությունն է՝ ստանալ փոքր քանակությամբ թանկարժեք քիմիական նյութեր, որոնք մրցունակ են միջազգային շուկայում։

Նրա խոսքով, վերջին մի քանի տարվա զարգացումները թույլ տվեցին կենտրոնի գիտնականներին «կրկին երազել», սակայն տասնամյակներ ձգվող մի սեփականաշնորհման պատմություն ստվերում է այդ զարգացումների ողջ «հմայքը»։ Բանն այն է, որ կենտրոնի ջրավազանի տարածքը դեռ 1997 թվականին փոխանցվել է քաղաքապետարանի հոգածությանը, ապա օտարվել անօրինական գործարքի պատճառով 2007 թվականին, արգելվել է այն օգտագործել ըստ նպատակի։ Տարիների ընթացքում ջրավազանը մի քանի անգամ վերավաճառվել և ձեռքից ձեռք է անցել։ Այժմ նոր սեփականատերը ծագրում է ջրավազանի տարածքում բազմահարկ շենք կառուցել՝ ներկայացնելով 10 մլն դոլար, թե 10 մլրդ դրամ (տարբեր աղբյուրներ տարբեր թվեր են նշում) արժողությամբ ներդրումային նախագիծ։

Ինչպես նշում է Ռոբերտ Հակոբյանը, բարձրահարկ շենքի վերհառնումը հինգ քիմիական մասնաշենքերի արանքում կխաթարի ինստիտուտի ամբողջականությունը, էկոլոգիան, կխանգարի բնականոն գործունեությանը։ Կա և հակառակ ազդեցությունը՝ քիմիական լաբորատորիաների առկայությունը անմիջական հարևանությամբ հազիվ թե հաճելի լինի նոր շենքի բնակիչներին։ Թեպետ այս փաստարկը հետ չի կանգնեցնում սեփականատիրոջը, ինչը գիտնականների մեջ կասկած է առաջացնում առ այն, որ այս «ներդրումային» ծրագրի վերջնական նպատակը կենտրոնի մնացած տարածքի յուրացումն է։ Բայց մեծ պատմություն ու ավանդույթներ ունեցող գիտական կենտրոնի պահպանումը, գիտնականների կարծիքով, պետության ղեկավարության խնդիրն է, եթե այն իսկապես գիտությունը առաջնահերթություն է համարում և գիտակցում դրա կարևորությունը որպես երկրի զարգացման և անվտանգության գործոն։

«Մենք սեփականատիրոջից ոչ մի պահանջ չունենք, մեր պահանջը մեր պետությունից է։ Հայտնի է, որ դեղագործությունը ամենաեկամտաբեր բիզնեսներից մեկն է աշխարհում։ Այդ նույն 10 մլն դոլար նեդրումով հնարավոր է վերականգնել և վերագործարկել այս կենտրոնը իր ողջ հզորությամբ։ Դրանից բացի՝ դեղագործությունը երկրի համար լուրջ անվտանգության գործոն է, և հենց դա առաջին հերթին պետք է գիտակցի մեր ղեկավարությունը», - ասում է Ռոբերտ Հակոբյանը։

Կենտրոնի գիտնականներն արդեն մեկ շաբաթ է ակտիվ պայքարի մեջ են՝ կենտրոնի ամբողջականությունը պահպանելու համար։ Բողոքի ակցիաներ, ասուլիսներ, նամակներ տարբեր պատկան մարմիններին։ Քայլը կառավարությանն է…

Անահիտ Սարգսյան

Տպել
Ամենաշատ