News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Նիկիտա Մնդոյանցը հայ դաշնակահար է, 2016թ Քլիվլենդի դաշնակահարների միջազգային մրցույթի Առաջին մրցանակի դափնեկիր, 2007թ Լեհաստանում Պադերեւսկու անվ դաշնակահարների միջազգային մրցույթի Առաջին մրցանակի դափնեկիր։ Նիկիտա Մնդոյանցի մասին գրում են՝ «հիանալի դաշնակահար, իմաստուն եւ մտածող երաժիշտ» («Գրամոֆոն» ամսագիր)։ Մնդոյանցը ելույթ է ունեցել աշխարհի բազմաթիվ հեղինակավոր հարթակներում, որոնց թվում՝ Նյու Յորքի Քարնեգի հոլ, Մոսկվայի պետական ​​կոնսերվատորիայի Մեծ դահլիճ, Մոսկվայի Չայկովսկու անվ համերգասրահ, Մարիինյան թատրոնի համերգասրահ, Կորտո դահլիճ եւ Փարիզի Լուվրի հանդիսասրահ։

Նիկիտան համագործակցել է այնպիսի նշանավոր դիրիժորների հետ, ինչպիսիք են՝ Չարլզ Դյութուա, Լեոնարդ Սլատկին, Ալեքսանդր Սլադկովսկի, Ալեքսանդր Ռուդին եւ Կոնստանտին Օրբելյան, ինչպես նաեւ հայտնի նվագախմբեր, այդ թվում՝ Քլիվլենդի նվագախումբ, Սվետելանովի անվ․ Պետական ​​ակադեմիական սիմֆոնիկ նվագախումբ, Մարիինյան թատրոնի նվագախումբ, Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիկ նվագախումբ եւ Մոսկվայի Պետական ​​սիմֆոնիկ նվագախումբ։

Նիկիտա Մնդոյանցը հանրությանը հայտնի է ոչ միայն որպես դաշնակահար, այլ նաեւ որպես տաղանդավոր կոմպոզիտոր։ Մի քանի տարի դասավանդել է ​​Պ.Ի. Չայկովսկու անվ․ Մոսկվայի պետական կոնսերվատորիայում։ Մնդոյանցի ստեղծագործությունները հրատարակվել են «Կոմպոզիտոր», «Մուզիկա», «Յուրգենսոն» հրատարակչություններում։         

Նիկիտան նաեւ թողարկել է սոլո ձայնագրություններ Melodiya եւ Praga Digitals ձայնագրման լեյբլներում եւ պարբերաբար համագործակցում է այնպիսի հայտնի երաժիշտների հետ, ինչպիսիք են Ալեքսանդր Գինդինը, Դմիտրի Սիտկովեցկին, Վալերի Սոկոլովը, Լեւ Սիվկովը եւ Պատրիկ Մեսինան:

Նիկիտա, Դուք մասնակցել եք դաշնակահարների միջազգային բազմաթիվ մրցույթների։ Պատմեք նման մրցույթներում Ձեր մասնակցության մասին, եւ ինչպե՞ս եք դրանց վերաբերվում։

Նախ, դա շատ հետաքրքիր եւ օգտակար փորձ է։ Շատ առումներով դա նման է համերգի՝ երաժշտության հանդեպ վերաբերմունքի եւ այն էմոցիաների տեսանկյունից, որոնք ուզում ես երաժշտության միջոցով փոխանցել։

Իհարկե, ամեն ինչ այլ է, եւ միշտ կա միայն տեխնիկական ասպեկտների վրա կենտրոնանալու վտանգ։

Կարծում եմ՝ շատ կարեւոր է հիշել, որ չնայած դահլիճում ժյուրիի առկայությանը, առաջնահերթությունը պետք է տրվի ցանկացած մրցույթի երաժշտական ​​եւ էմոցիոնալ բաղադրիչներին։ Մարդիկ հաճախ մոռանում են այդ մասին եւ այն, որ պետք է պարզապես վայելել ելույթը, լինել լավ երաժիշտ բեմում, այլ ոչ թե մեկը, ով առաջին հերթին պետք է համապատասխանի որոշակի չափանիշների։ Անձամբ ինձ միշտ դուր է եկել մրցույթներին ելույթ ունենալը։ Սա հիանալի հնարավորություն է՝ ծանոթանալու նոր մարդկանց եւ այլ համախոհ դաշնակահարների հետ:               

Դուք դաշնակահարի աշխատանքին զուգահեռ շարունակում եք նաեւ կոմպոզիտորի ակտիվ կարիերան։ Ինչպե՞ս է ստացվում համատեղել։

Շատ առումներով այս երկու մասնագիտությունները միմյանցից խիստ չեն տարբերվում։ Ըստ իս՝ երկուսն էլ շատ ընդհանրություններ ունեն: Որպես կատարող երաժշտության հետ աշխատանքի փորձ ունենալը, անկասկած, ազդում է իմ՝ որպես կոմպոզիտոր աշխատանքի վրա: Դաշնամուրը ստեղծագործություններ գրելու արդյունավետ օժանդակ գործիք է։ Դուք կարող եք անմիջապես վերարտադրել այն, ինչ գրել եք։ Իհարկե, դա ունի նաեւ իր թերությունները:                  

Օրինակ, պետք է ազատվել մի շարք պայմանականություններից եւ կանոններից, որոնց դաշնակահարները պետք է հետեւեն: Բայց միշտ հետաքրքիր է հնարավորություն ունենալ համագործակցել բարդ հարմոնիաների հետ անմիջապես գործիքի միջոցով:  Եթե ​​հիշում եք երաժշտության պատմությունը, ապա շատ հայտնի կոմպոզիտորներ հրաշալի դաշնակահարներ էին։

Ինչպե՞ս է COVID-19-ն ազդել Ձեր գործունեության վրա։ 

Շատ կատարողների մոտ այն ազդել է համերգային գործունեության վրա, թեեւ, իհարկե, դա ավելի շատ ազդել է արտասահմանյան ելույթների վրա։ Անձամբ ինձ համավարակը տվեց ժամանակ, եւ ես կարողացա կենտրոնանալ իմ ստեղծագործությունների եւ դասավանդման վրա: Իհարկե, բախտս բերեց, կարողացա ելույթ ունենալ Ռուսաստանում։ Չնայած այն ամենին, ինչ տեղի է ունենում, 2021թ․ ես բավականին ակտիվ ելույթ ունեցա․ համերգներ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Կալինինգրադում եւ շատ այլ քաղաքներում։ Համավարակի ընթացքում մենք սկսել ենք էլ ավելի գնահատել կենդանի երաժշտությունը։ Ոչ ոք չգիտի, թե ինչ է սպասվում մեզ, բայց ես շատ ուրախ եմ, որ այս պահին մշակութային աշխարհն աստիճանաբար ոտքի է կանգնում։

Համավարակի արդյունքում բազմաթիվ երաժշտական ​​հաստատություններ եւ կոլեկտիվներ ընդլայնեցին իրենց ներկայությունը համացանցում՝ անցկացնելով առցանց համերգներ, դասեր եւ փառատոններ: Պատմեք Ձեր փորձի եւ նման նորամուծությունների հանդեպ վերաբերմունքի մասին:              

Այո, իրականում ինձ բախտ վիճակվեց ելույթ ունենալ «Երաժշտություն 20» փառատոնի եւ մի շարք համերգների շրջանակում, որոնք առցանց հեռարձակվում էին Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվ․ մարզահամերգային համալիրից։ Հուլիսի 23-ին փառատոնին ելույթ եմ ունեցել Հայաստանի պետական ​​սիմֆոնիկ նվագախմբի եւ իտալացի դիրիժոր Ջանլուկա Մարչիանոյի հետ։ Ինձ համար այս համերգն առանձնահատուկ էր, մասնավորապես, այն պատճառով, որ ինքս հայ եմ։ Շնորհակալ եմ եւ՛ Հայաստանի պետական ​​սիմֆոնիկ նվագախմբին, եւ՛ Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամին, եւ՛ նրա նախագահ Կոնստանտին Իշխանովին ընձեռնված հնարավորության համար, եւ կարծում եմ, որ նրանք մեծ աշխատանք են կատարել դասական երաժշտության համար՝ հյուրընկալելով այս փառատոնը։

Միջոցառումը կազմակերպվել է մասնավոր հասարակական կազմակերպության կողմից, եւ շատ կարեւոր է, որ կան ընկերություններ, որոնք օգնում եւ աջակցում են ժամանակակից աշխարհում դասական երաժշտության կատարողներին։ Իհարկե, հովանավորչությունն արվեստում գոյություն ունի հարյուրավոր տարիներ: Եվ եթե ի սկզբանե աջակցությունը տրամադրվում էր իշխող թագավորական ընտանիքի անդամների կողմից, ապա այժմ մենք ավելի ու ավելի հաճախ ենք տեսնում, թե ինչպես են մասնավոր ընկերություններն ու ձեռնարկատերերը, ինչպիսին Կոնստանտին Իշխանովն է, ներգրավված են հսկայական թվով համերգների եւ փառատոնների կազմակերպման մեջ։ Եվ սա շատ կարեւոր է մեզ՝ երաժիշտներիս համար։

Կպատմե՞ք Ձեր ծրագրերի մասին, ի՞նչ համերգներ են լինելու եւ որտե՞ղ։

Առաջիկա մի քանի ամիսների համար մի քանի համերգ է նախատեսված։ Մարտի 15-ին մենահամերգով հանդես կգամ Նիժնի Տագիլում (Ռուսաստան), կկատարեմ Սկարլատիի, Ֆրեսկոբալդիի, Զադերացկու եւ Բախի երաժշտությունը, իսկ մարտի 17-ին համերգ կլինի Լիպեցկում։ Մարտի 24-ին Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ դահլիճում Մոսկվայի կամերային նվագախմբի Musica Viva-ի հետ միասին կկատարենք Շոպենի երկրորդ դաշնամուրային համերգը։ Այս բոլոր համերգները շատ տարբեր են եւ բավականին բարդ, բայց ես մեծ հաճույքով սպասում եմ դրանց կատարմանը։ Երաժիշտ լինելը մեծ արտոնություն է, եւ ես անհամբերությամբ եմ սպասում, թե երբ կվերադառնամ բեմ եւ ելույթ կունենամ հանդիսատեսի առջեւ:     

Նիկիտա Մնդոյանցի մասին ավելին իմանալու համար կարող եք այցելել նրա պաշտոնական կայք։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ