News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Երեկ առավոտվանից Երևանի խանութներում հերթեր էին: Մարդիկ մեծ քանակությամբ ալյուր, ձեթ, շաքարավազ, հաց, մակարոն էին գնում: Պատճառը Ռուսաստանի Դաշնության գյուղնախարարության` մինչև աշուն հացահատիկի արտահանումը դադարեցնելու վերաբերյալ հայտարարությունն է:

Պարենային անվտանգության մասնագետ Դավիթ Պիպոյանն ասում է. «Հայաստանում օրական մեկ մարդը շուրջ 200 գրամ հաց է սպառում, տարեկան կտրվածքով՝ միջինը շուրջ 72 կգ»։ Նա իրենց հետազոտությունն է ներկայացնում և փաստում` Հայաստանում, հատկապես մարզերում մարդիկ իրենց օրվա հիմնական կալորիաների 50 տոկոսը ստանում են հացամթերքի միջոցով, քանի որ դա ամենաէժան մթերքն է: Կան մարզեր, որտեղ անգամ 50 տոկոսն է գերազանցում: Եթե հացահատիկի դեֆիցիտ առաջանա, ալյուրը և դրանով պատրաստվող մթերքները կթանկանան: Պիպոյանի համոզմամբ` եթե որեւէ բան այս իրավիճակում չփոխվի, Հայաստանի բնակչության կեսը կարող է հայտնվել սովի եզրին:  Նա նաև ընդգծում է` Հայաստանում հացահատիկի խնդիրն ավելի վաղ է առաջացել` կորոնավիրուսի սահմանափակումների շրջանում, որը խորացել է 44-օրյա պատերազմից հետո, երբ Արցախում հացահատիկի դաշտերն անցան Ադրբեջանի հսկողության տակ, հիմա էլ ռուս-ուկրաինական ռազմական գործողության հետևանքով ենք կանգնել փաստի առաջ: Մասնագետը Հայաստանի պարենային պաշարների չափի մասին տեղեկություն չի նշում, բայց նկատում է` մեր վիճակը մտահոգիչ է, կարող ենք բախվել լրջագույն խնդրի առաջ:

Ագրոբիզնեսի կառավարման և քաղաքականության ամբիոնի վարիչ Աշոտ Ոսկանյանն ավելի լավատես է: Ասում է` այսպիսի իրավիճակ 90-ականներին էլ է եղել, ՌԴ-ից հացահատիկի ներկրման արգելքը երկար չի տևի, գուցե մեկ ամիս անց այն արդեն չեղարկվի: Ցորենի դեֆիցիտից խուսափելու միակ եղանակը, ըստ նրա, տեղական արտադրությունը մեծացնելն է, որն այս պահին շուրջ 30 տոկոս է: Այսօրվա իրավիճակը մեղմելու առաջին քայլը, ըստ մասնագետի, աշնանացանին պատրաստվելն է: «Եղած վարելահողերի օգտագործման արդյունավետության հարցը պետք է լուծվի: Պետական աջակցության ծրագրերի հետ մեկտեղ պետք է գյուղական տնտեություններն էլ իրենց վրա պետք է պարտավորություններ վերցնեն»:

Գազից ու դիզվառելիքից հետո Ռուսաստանից Հայաստան երրորդ ամենաշատ ներմուծվող ապրանքը ցորենն է: 2020 թվականին Ռուսաստանից Հայաստան է ներմուծվել 347 հազար տոննա ցորեն, որը մոտ 72 մլն դոլար է կազմում։ Ոլորտի փորձագետները ստեղծված իրավիճակում թանկացումներն անխուսափելի են համարում: Պաշտոնական տվյալներով 2021-ին 11,5 տոկոս սննդամթերքի գնաճ է եղել Հայաստանում: 2022 փետրվարին նախորդ տարվա փետրվարի նկատմամբ հացաբուլկեղենի և ձավարեղենի գներն աճել են 10,1 տոկոսով: Ստացվում է` ռուս-ուկրաինական ռազմական գործողությունների հետևանքով Հայաստանում առանց այն էլ գնաճի մեծ տեմպերը նոր թափ կստանան:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր ֆեյսբուքյան գրառմամբ՝ քաղաքացիներին կոչ է արել խուճապային տրամադրություններ չստեղծել և անհարկի գնումներ չանել՝ վստահեցնելով, որ կառավարությունը վերահսկում է Հայաստանում պարենային խնդիրները։ «Մինչ այս պահը, ՌԴ կառավարության կողմից չկա հաստատված որոշում պարենային ապրանքների արտահանման արգելքի վերաբերյալ, հետևաբար Հայաստան ապրանքների ներմուծումն իրականացվում է բնականոն կերպով։ Հայաստանի Հանրապետությունում ներկայումս նվազագույն պարենային զամբյուղում ներառված ապրանքների մասով կանխատեսվող դեֆիցիտ չկա։ Մենք կապի մեջ ենք ռուսաստանյան մեր գործընկերների հետ, և նույնիսկ արտահանման հնարավոր սահմանափակումների վերաբերյալ ՌԴ կառավարության որոշման պարագայում՝ Հայաստանն ունի բնակչության պարենային անվտանգությունն ապահովելու բոլոր անհրաժեշտ ռեսուրսները»,– է գրել է Վահան Քերոբյանը՝ ընդգծելով, որ Ռուսաստանի Դաշնության հացահատիկի ինքնաբավությունը կազմում է շուրջ 150 տոկոս, ինչը նշանակում է, որ Ռուսաստանն ունի բավարար պաշարներ ներքին սպառման և արտահանման համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ