News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իմ ցուցահանդեսի հիմնական գաղափարն մի հայեցակարգ է, որտեղ տունն է՝ իր տարատեսակ տարբերակներով: Այս մասին ապրիլի 3-ին UWC Dilijan միջազգային գիշերօթիկ դպրոցի ուսանող-շրջանավարտների տեսողական արվեստի ամենամյա ցուցահանդեսում լրագրողների հետ զրույցում ասաց շրջանավարտներից մեկը՝ Ղազախստանի ներկայացուցիչ Այլին Սապարովա:

Հեղինակի խոսքով՝ այս աշխատանքում ինքը փորձել է ներկայացնել ոչ միայն տան մասին ավանդական պատկերացումները, այլեւ դրա հետ կապված խնդիրները։

«Խոսքը, օրինակ, այն խնդիրների մասին է, որոնց բախվում ենք մանկության տարիներին։ Մեծանալով ընտանիքում՝ մենք բախվում ենք ծնողների եւ այլ մարդկանց ազդեցությանը: Այդ ազդեցությունը ձեւավորում է մեզ որպես անհատ»,- բացատրեց Սապարովան:

Ինստալյացիաներից մեկն, օրինակ, անդրադառնում է Ղազախստանի ներքաղաքական ճգնաժամի ընթացքում երիտասարդ ուսանողուհու ապրումներին։ Խոսքը, մասնավորապես, այս տարվա հունվարի բախումների մասին է։ Նկարչուհին ինքը նշված իրադարձությունները «մինի քաղաքացիական պատերազմ» է անվանում։

«Դա ձեւավորեց իմ պատկերացումները տան, ընտանիքի եւ երկրի մասին»,- խոստովանեց Սապարովան:

Նրա մեկ այլ աշխատանքը փորձում է հիշեցնել ղազախական հեթանոսական ավանդույթները, որոնց հանդեպ նկարչուհին դրական վերաբերմունք ունի։

«Ցավոք, այս պահին երկրում իսլամի զարգացման պատճառով հեթանոսական ավանդույթները չեն կարող բոլորի կողմից ադեկվատ ընդունվել, քանի որ դրանք հակասում են ղազախական հասարակության մեջ ղազախ կնոջ դերի մասին իսլամական գաղափարներին»,- նշեց նկարի հեղինակը:

Արեւոտ եւ բարեհաճ Միջին Ասիայից ուսանողուհին առանց ավելորդ ամոթխածության խոստովանեց, որ Հայաստանն այժմ իր «երկրորդ տունն է»:

«Ես գիտեմ, որ միշտ կարող եմ վերադառնալ այստեղ, եւ որ այստեղ ինձ հարազատ մարդիկ կդիմավորեն։ Ցավոք, COVID-ի պատճառով չկարողացա խորասուզվել հայկական մշակույթի եւ հայ հասարակության մեջ այնքան, որքան կցանկանայի։ Բայց, շնորհիվ իմ հայ ընկերների, որոնց այստեղ ձեռք եմ բերել, պատկերացում ունեմ, թե որքան հիանալի է այս երկիրը, որքան հարուստ է նրա պատմությունը եւ որքան աշխատանք են ներդնում հայերը պարզապես իրենց դրոշը կրելու համար»,- եզրափակեց Սապարովան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ