News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հնդկաստանը, որը ռուսական զենքի ամենամեծ գնորդն է աշխարհում, այլընտրանքային մատակարարներ է փնտրում, հայտնում է Reuters-ը։

Նյու Դելին երկար ժամանակ է, ինչ խոսում է իր ռազմական մատակարարների դիվերսիֆիկացման եւ նույնիսկ ավելի մեծ թվով սարքավորումների ներքին արտադրության մասին՝ նպատակներ, որոնք էլ ավելի հրատապ են դարձել ուկրաինական ճգնաժամից հետո, հայտարարել են կառավարության երկու պաշտոնյաներ:

Հնդկաստանին 25.15 միլիարդ ռուփի (324 միլիոն դոլար) արժողությամբ պաշտպանական սարքավորումներ են անհրաժեշտ, որոնք պետք է հայրենական ընկերություններն արտադրեն, այլ ոչ թե գնվեն արտասահմանից, ասվում է առցանց հարթակում, որտեղ երկրի ՊՆ-ն հրապարակում է իր պահանջները:

«Ներկայիս աշխարհակարգը եւ աշխարհաքաղաքական սցենարը եւս մեզ դաս տվեցին»,- այս ամիս հայտարարել էր օդային մարշալ Վիբհաս Պանդեն, ով ղեկավարում է Հնդկաստանի ռազմաօդային ուժերի տեխնիկական սպասարկումը: «Եթե մենք ցանկանում ենք որոշակիություն եւ կայունություն ապահովել… միակ տարբերակը երկրի ներսում լիովին ինքնաբավ մատակարարման շղթայի մեխանիզմի ստեղծումն է», - ասել է Պանդեն:

Մեկ այլ փաստաթղթում ասվում է, որ Հնդկաստանի ռազմաօդային ուժերն այնպիսի սարքավորումներ են փնտրում, ինչպիսիք են ռուսական «Սուխոյ» կործանիչների արտանետման բլոկները եւ ուկրաինական «Անտոնով» տրանսպորտային ինքնաթիռների պրոպելլերները:

Կառավարության բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ Հնդկաստանը մտադիր է իր պաշտպանական սարքավորումների մինչեւ կեսն արտադրել երկրի ներսում:

Հնդկաստանի զինված ուժերում աշխատում է 1,38 միլիոն մարդ, եւ այն զենքի խոշորագույն ներկրողներից մեկն է  աշխարհում՝ 2018-2021 թվականներին ծախսելով 12.4 միլիարդ դոլար, վկայում են SIPRI Arms Transfers-ի տվյալների բազան:

Հնդկական բանակը զինված է ռուսական արտադրության տանկերով եւ Կալաշնիկովներով։ Երկրի ռազմաօդային ուժերն օգտագործում են «Սուխոյ» կործանիչներ եւ «Մի-17» տրանսպորտային ուղղաթիռներ, իսկ ռազմածովային INS Vikramaditya ավիակիրն ավելի վաղ ռուսական նավատորմի մաս էր կազմում:

Վերջին ամիսներին Հնդկաստանի որոշ արեւմտյան գործընկերներ, այդ թվում՝ Բրիտանիան եւ Միացյալ Նահանգները, պատրաստակամություն են հայտնել ընդլայնել իրենց պաշտպանական առաջարկները Նյու Դելիին:

Կառավարության երկրորդ պաշտոնյայի խոսքով՝ բանակը, որը զգալի ջանքեր է գործադրում Չինաստանի եւ Պակիստանի հետ Հնդկաստանի երկար սահմանների պահպանության համար, մասնակցել է երկու հարեւանների հետ պատերազմում, աշխատում է պատրաստվածության պահպանման եռակողմ մոտեցման ուղղությամբ:

Կառավարությունն ուսումնասիրում է, թե որ արեւելաեվրոպական երկրներն են հնդկական ԶՈւ-ին պատկանողների նման զենքեր եւ հարթակներ օգտագործում, եւ կարող են պահեստամասեր եւ զինամթերք տրամադրել:

Հնդկաստանի իշխանությունները նաեւ կոչ են անում իրենց ռուս գործընկերներին իրականացնել որոշ, արդեն համաձայնեցված առանցքային նախագծեր,հավելել է պաշտոնյան։ Դրանց թվում են «Ս-400» հրթիռային համակարգերի մատակարարումը եւ Հնդկաստանի հյուսիսում գտնվող նոր գործարանում ավելի քան 600 հազար «ԱԿ-203» Կալաշնիկով ինքնաձիգների արտադրության գործարքը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ