News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արեւմուտքն ու Ռուսաստանը, հատկապես ԱՄՆ-ն ու Ռուսաստանը, տարբեր կերպ են տեսնում ղարաբաղյան խնդրի կարգավորումը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

«ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի Դաշնության լավ համակարգված աշխատանք այսօր դժվար է պատկերացնել։ Դա ոչ մի կապ չունի Հարավային Կովկասի հետ, դա կապված է Ուկրաինայի շուրջ հակամարտության եւ լարվածության աստիճանի հետ, որը կա Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ»,- հավելեց նա։

Եվրամիությունը Ռուսաստանին մրցակից չէ

Եվրամիությունը չի կարող լուրջ մրցակից լինել Ռուսաստանին այն հարցում, ինչ վերջինս անում է տարածաշրջանում, վստահ է քաղաքագետը։ Ռուսաստանը պարզապես մոդերատոր կամ չեզոք կողմ չէ, որը կարող է կողմերին օգնել բանակցություններում, նա տարածաշրջանային տերություն է, որը զենք է վաճառում հակամարտության եւ այս, եւ այն կողմին։ Նրա խաղաղապահներն ապահովում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակիչների ֆիզիկական անվտանգությունը։ ԵՄ-ն չի կարող անվտանգության ոլորտում այդ դերը կատարել։ ԵՄ-ն անվտանգություն չունի, նա իր անվտանգությունը ՆԱՏՕ-ից է ստանում, նա անվտանգության սպառող է, ոչ թե մատակարար։

Ուստի Եվրամիությունը չի կարող սպառնալիք լինել այն ամենի համար, ինչ անում է Ռուսաստանը տարածաշրջանում։ Ըստ այդմ՝ ԵՄ-Հայաստան-Ադրբեջան եւ Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան ձեւաչափերը տարբեր են, ուստի դժվար թե Ռուսաստանը կարողանա ամբողջությամբ դուրս մղել ԵՄ-ին եւ հակառակը։ Իսկ եթե այդպես է, ապա այդ նախագծերը կարող են միաժամանակ աշխատել։ Խնդիրն այն չէ, թե որտեղ կկայանա հանդիպումը, այլ այն, որ կողմերը (հայկական եւ ադրբեջանական) այնքան են տարբերվում, որ մեռյալ կետից շարժվել չի ստացվում՝ ո՛չ մեկի, ո՛չ մյուսի միջնորդությամբ։

Նոր պարադիգմայի որոնում

Ադրբեջանն ասում է, որ ընդհանրապես պատրաստ չէ խոսել ղարաբաղյան խնդրի մասին, ասում է, որ Ղարաբաղ չկա։

Փորձագետի կարծիքով՝ այս իրավիճակում դժվար է աշխատել այն պարադիգմայում, որը մշակվել է մինչեւ 2020 թվականը։ Ուստի նոր պարադիգմա մշակելու փորձեր են արվում, այդ թվում՝ Եվրամիության կողմից։

«Եվրամիության ոչ մի գերբնական գործունեություն ես չեմ տեսնում, եւ պատճառը, որ Եվրամիությունը փորձում է ինչ-որ բան անել, դա բանակցային գործընթացում առկա վակուումն է, եւ ես դա կապում եմ ոչ թե փետրվարի 24-ի, այլ նոյեմբերի 9-ի հետ։ Իրավիճակը, որի պայմաններում աշխատում էր Մինսկի խումբը եւ փորձում էր խնդիրը լուծել այն պարադիգմայում, որում պետք է լուծեր, վերացվել է ղարաբաղյան երկրորդ պատերազմով»,- կարծում է Իսկանդարյանը։

ԵԱՀԿ Մինսկի խումբն իրականում չի աշխատում, բայց ֆորմալ առումով այն գոյություն ունի, վրջնականապես չեն անջատվել, դրա վերակենդանացումը ապագայում բացառված չէ։ Եթե ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի համատեղ աշխատանքի հնարավորություն լինի, ապա դա հնարավոր է։ ԵԱՀԿ Մինսկի խումբը բազմիցս մահացել ու վերածնվել է, եւ սա բոլորովին էլ առաջին անգամը չէ։

Հարավային Կովկասի նշանակությունը

Տարածաշրջանը չպետք է գերագնահատել, բայց չի կարելի նաեւ թերագնահատել։ Հարավային Կովկասը գտնվում է Իրանի եւ Ռուսաստանի միջեւ, Թուրքիայի հարեւանությամբ եւ Մերձավոր Արեւելքից ոչ հեռու՝ Սեւ եւ Կասպից ծովերի միջեւ՝ տարբեր հաղորդակցությունների ճանապարհին։ Բացի այդ, սա աշխարհի ամենամեծ տարածաշրջաններից մեկն է սովորական սպառազինություններով հագեցվածության առումով։ Ուստի համաշխարհային խաղացողների ուշադրությունը նրա նկատմամբ միանգամայն բնական է, բայց այն ոչ թե ավելանում է, այլ նվազում՝ կենտրոնանալով Չինաստանի եւ Ուկրաինայի ու նրա շուրջը կատարվողի վրա։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ