News
Լրահոս
News
Երկուշաբթի
Օգոստոս 15
USD
406.19
EUR
414.31
RUB
6.6
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովը մոտ օրերին կքննարկի ընդդիմադիրներին մանդատներից զրկելու հարցը: Այս մասին այսօր՝ հունիսի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Նախ կքննարկենք խմբակցությունով, նաև վարչությունով կքննարկենք՝ արդյոք արժի՞ այդ քայլին գնալ, թե՞ չարժի, որովհետև օրենքը դրա հնարավորությունը տալիս է: Կա երկու կարծիք։  Կա  կարծիք, որ, այսպես թե այնպես, ընդդիմությունն իրեն արդեն մանդատներից զրկել է, անկեղծ ասած՝ ես չեմ պատկերացնում՝ մեր գործընկերներն այդքան  բարձր նշաձող դնելուց հետո ու այդ նշաձողի տակ մնալուց հետո  ո՞նց են վերադառնալու էս դահլիճ։ Այն, ինչ մահացած է, չես կարող զրկել մանդատից ու սպանել։ Եվ կարծիք կա, որ պետք է մինչև վերջ «մաշեցնել» այն ամենն, ինչ իրենք արեցին», - հայտարարեց Ալեն Սիմոնյանը։

Նա ասաց, թե առնվազն տասը պատգամավոր կա, որոնց բացակայությունները թույլատրելիից բավականին շատ են։ Մինչ այդ 11-ն են եղել, բայց, քանի որ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը վայր է դրել մանդատը, մնացել են 10 պատգամավոր։ «Այնտեղ կան մարդիկ, որոնց նկատմամբ կարող է քաղաքական որոշում կայացվի եւ իրենց մասով չդիմվի ՍԴ: Մնացածի առումով, կարծում եմ՝ մարդիկ պետք է սովորեն պատասխանատվություն կրել, պատասխանատվության ենթարկվել»,-ասաց Սիմոնյանը՝ նկատելով, որ եթե այդ պատգամավորները զրկվեն մանդատից, այդ մանդտը բաժին է հասնելու իրենց ցուցակի հաջորդ համարներին:

ԱԺ նախագահը չբացառեց, որ ընդդիմադիրներին կզրկեն նաև ԱԺ փոխնախագահի, հանձնաժողովների նախագահի պաշտոններից։

Ըստ Ալեն Սիմոնյանի՝ ընդդիմությունը զբաղված է պաշտոնակռվով ու դա արդեն անում է  բացահայտ. «Իրենք, ամեն ինչ թողած, հիմա մեկնաբանում և բացատրում են, թե ինչու իրենց չի կարելի մանդատից զրկել: Առաջին իսկ օրից այս ամենը եղել է պաշտոնակռիվ, նույն Դաշնակցության, նույն Ռոբերտ Քոչարյանի աջակիցների համար սա մանդատակռիվ է, որ ունենան անձեռնմխելիություն, որ գնան ոստիկանին հարվածեն ու ասեն՝ «մի րոպե, ես պատգամավոր եմ», որ գնան լկտիություն անեն, մտնեն նախարարության շենք։ Թող իրենց չթվա, որ լկտի պահվածքը Հայաստանի քաղաքացիների մեջ աջակցություն է գտնելու», - նշեց նա։

Դիտարկմանը, որ 2018-ին էլ Նիկոլ Փաշինյանը չէր մասնակցում ԱԺ նիստերին, դրսում էր պայքարում, բայց իրեն մանդատից զրկելու մասին խոսք չեղավ, Ալեն Սիմոնյանն արձագանքեց, որ Նիկոլ Փաշինյանի բացակայությունները այնքան չեն եղել, որն անհրաժեշտ է մանդատից զրկելու համար. «Համեմատականները տեղին չեն: Շփոթել համաժողովրդական շարժումը եւ ՀՅԴ-ի ու ՀՀԿ-ի ջակիցների պահվածքը Երեւանի փողոցներում անհամեմատելի են: Արդյունքները ապացուցում են իմ ասածի ճշմարտացիությունը: Ընդդիմադիրները դեռ շատ սովորելու բան ունեն թե՛ Նիկոլ Փաշինյանից, թե՛ ժողովրդից, թե՛ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներից»,-ասաց նա:

«Հիմա ես իրենց լավ հանգիստ եմ մաղթում քաղաքական «գերեզմանոցում», որտեղ նոր քաղաքական գործիչ Իշխան Սաղաթելյանը,  որն ասում էր՝ ՔՊ-ն քննարկում է, թե ինչպես Նիկոլ Փաշինյանին «ժերտվա» տա, չնկատեց, թե ոնց իր ուսին հարվածելով, ասելով՝  դու ամեն ինչ ճիշտ ես անում, դաշնակցական ընկերներն իրեն տարան ու դրեցին մեր զոհասեղանին», - հավելեց ԱԺ նախագահը։

Նշենք, որ մեկ նստաշրջանի ընթացքում քվեարկությունների կեսից բացակայած պատգամավորի ցանկում են Արմեն Չարչյանը, Իշխան Սաղաթելյանը, Գեղամ Մանուկյանը, Վահե Հակոբյանը, Լիլիթ Գալստյանը, Արմեն Ռուստամյանը, Արթուր Ղազինյանը, Անդրանիկ Թևանյանը, Ասպրամ Կրպեյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ