News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

2022 թվականն աչքի է ընկնում աննախադեպ բարձր գնաճով, հատկապես՝ բարձր գնաճ է գրանցվել սննդամթերքի շուկայում։ Մասնավորապես՝ այս տարվա հունվար-մայիս ամիսներին միայն սննդամթերքը թանկացել է 13,2 տոկոսով։ Անշուշտ, սննդամթերքի թանկացման վրա էական ազդեցություն է թողել մսամթերքի գների բարձրացումը։

2022 թվականի հունվար-մայիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մսի գինը աճել է 9,5 տոկոսով, այդ թվում՝ տավարի և հորթի միսը՝ 8,8 տոկոսով, խոզի միսը՝ 24,2 տոկոսով, գառան, ոչխարի և այծի միսը՝ 6,4 տոկոսով, թռչնամիսը՝ 7 տոկոսով, ենթամթերքը՝ 6,2 տոկոսով։ Միաժամանակ թանկացել է վերամշակված մսամթերքը, մասնավորապես՝ չորացած, աղը դրած կամ ապխտած մսամթերքի գինն աճել է 8,6 տոկոսով, իսկ մսամթերքի այլ կիսաֆաբրիկատները՝ 10 տոկոսով։

Պաշտոնյաները սովորաբար այս տարվա գնաճն արդարացնում են համաշխարհային միտումներով, իրականում սակայնմեր գնաճի մի զգալի մասը պայմանավորված է ներքին գործոններով։ Փաստացի 2022 թվականի առաջին եռամսյակի ընթացքում նախորդ տարվա համեմատ անասնաբուծության ոլորտի անկումը կազմել է 3,1 տոկոս։ Հետևաբար, անասունների գլխաքանակի նվազումն ուղղակի ազդել է մսամթերքի գնաճի վրա։

Անասնաբուծության անկման պայմաններում կանխատեսելի էր մսամթերքի արտադրության ծավալների կրճատումը։ Մասնավորապես՝ 2022 թվականի հունվար-ապրիլ ամիսներին 2021-ի հունվար-ապրիլի համեմատ տավարի մսի արտադրության ծավալները նվազել են 10 տոկոսով, խոզի մսինը՝ 14,7 տոկոսով, ոչխարի մսինը՝ 8,3 տոկոսով, թռչնամսինը՝ 16,5 տոկոսով։ Միաժամանակ կրճատվել են վերամշակված մսամթերքի արտադրության ծավալները, մասնավորապես՝ երշիկեղենի և համանման մսամթերքի արտադրությունը նվազել է 8,1 տոկոսով, մսի շոգեխաշած պահածոներինը՝ 51,6 տոկոսով, մսի կտրտած և աղացած կիսապատրաստվածքներինը՝ 29,9 տոկոսով։

Մսամթերքի արտադրության ծավալների և գների վրա էական ազդեցություն է թողել նաև անասնակերերի, էներգակիրների, հումքի և նյութերի գնաճը։ Հարկ է նշել նաև, որ երշիկեղենի տեղական արտադրության ծավալների և գների վրա իր ազդեցություն է թողել նաև մրցակցության հանձնաժողովի ուսումնասիրությունները և սահմանած տուգանքները։ Մասնավորապես՝ 2021 թվականին երշիկեղենի շրջանառության ոլորտում Հանձնաժողովի իրականացրած ուսումնասիրության արդյունքում բացահայտված առերևույթ խնդիրների առիթով հարուցվել է թվով 12 վարույթ՝ հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության հիմքերով։ Վարույթների շրջանակներում թվով 10 տնտեսավարող սուբյեկտ համագործակցել է Հանձնաժողովի հետ և սեղմ ժամկետներում ներկայացրել տվյալներ թույլ տված բացթողումները շտկելու վերաբերյալ, իսկ երկուսի նկատմամբ կիրառվել է տուգանք։

Արամ Աճեմյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ