News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով Ջերմուկի ուղղությամբ մղված մարտերում սեպտեմբերի 14-ին զոհվել է 22-ամյա սպա Մանուկ Միքայելյանը։

Հրետանավոր Միքայելյանը Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի շրջանի Գեղաձոր գյուղից էր։

NEWS.am-ի հետ զրույցում նրա հորեղբոր որդին պատմեց, որ Միքայելյանը 9 տարեկանում կորցրել է հորը։ Նա դպրոցն ավարտելուց հետո սովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում։

Հրետանավոր Միքայելյանը տան միակ որդին էր, իրենից մեծ երեք քույր ունի։ Նա ծառայում էր Կապանի զորամասերից մեկում, զոհվել է ԱԹՍ-ի հարվածից՝ Ջերմուկի պաշտպանության ժամանակ։

«Ինքը վիրավոր է եղել, վիրակապել են, նորից գնացել ու հասել է իր զորքին։ Թեժ պահին զինվորներին թաքստոց մտնելու հրաման է տվել, սակայն ինքը մնացել ու մինչեւ վերջ կռվել է։ Իր հրամանատարները պատմում են՝ երբ հրետանին գործի էին գցել, ինքն իր ենթականերին հրաման է տվել, որ թաքստոց մտնեն, ինքը հետ է վազել ու հրետանու պարանը քաշել, հետո հետ մտել մարտկոց, բայց մինչեւ վերջ չի մտել, դուրս նայելիս է եղել, հակառակորդն արդեն իրեն թիրախավորել էր։ Ամբողջ մարտկոցը վերացրել են»,- պատմեց նրա հորեղբոր որդին։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։ Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ սեպտեմբերի 14–ին, ժամը 20։00–ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։ Սեպտեմբերի 19-ի դրությամբ՝ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել:

Վերջին տվյալով՝ զոհվածների եւ անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, գերեվարվել է 20 զինծառայող։

 

 

Տպել
Ամենաշատ